Օրերս Երևանում կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների հերթական առաջնությունը։ Կատա մրցակարգում առաջին տեղ է գրավել արցախցի մարզիկ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Միխայիլ Մխիթարյանը՝ արժանանալով ոսկե մեդալի։ Մարզիկի խոսքով՝ չնայած համավարակի և պատերազմի պատճառով տևական ժամանակ է, ինչ առաջնություններ չեն կազմակերպվում, բայց աշխարհի չեմպիոնն անընդհատ շարունակել է մարզումները բարձր արդյունք արձանագրելու նպատակով:
Միխայիլը ծնվել է 1999 թվականի մարտի 1-ին Մոսկվայում: Այնուհետև, ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ: Հաճախել է Գրիբոյեդովի անվան հ. 3 դպրոց, իսկ այն ավարտելուց հետո Երևանում ընդունվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտի կարատեի բաժինը, քանի որ կարատե մարզաձևն այդ ժամանակ օլիմպիական մարզաձև էր համարվում: Նա սովորում է 4-րդ կուրսում, կրում է հոր մորական պապի անուն ազգանունը, ով 1945 թվականին իր զրահամեքենայով մասնակցել է Բեռլինի գրավմանը: Միխայիլի մարզական կյանքը սկսվել է 4 տարեկանից՝ Ստեփանակերտի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ Արամ Գևորգյանի մոտ։
Ամիսներ անց Հայաստանի ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի նախագահ՝ սև գոտի 8-րդ դան, պրոֆեսոր Կարեն Ավետիսյանը, որը նաև Եվրասիայի գլխավոր հրահանգիչն է, գալով Ստեփանակերտ՝ քննություն վերցրեց բոլոր երեխաներից, ովքեր հաճախում էին կարատեի խմբակ: Հատկանշական է, որ հենց Միխայիլին դիպլոմ հանձնելու ժամանակ ձեռքը դրեց նրա գլխին ու ասաց, որպեսզի ծափահարեն, և վստահեցրեց, որ նա կարգին կարատեիստ կդառնա։ Միխայիլն արդեն 17 տարի է, ինչ զբաղվում է այս մարզաձևով։
Երբ նրան զանգում եմ` հաստատ մարզվելուց է լինում։ Հաճախ էլ զարմանում եմ, թե ինչպես կարող է մարդ ամբողջ օրը մարզվել ։ Հետաքրքիր է, անհավատալի՝ շատերի համար, սակայն ինչպես նա է ասում ՝ արդյունքը հետո է երևում։ Նա Հայաստանի մանկապատանեկան ավանդական կարատե մարզաձևում մեկ տասնյակ անգամ չեմպիոն է դարձել: Մինչև 16 տարեկանը Եվրոպայի առաջնությունում գրավել է 3-րդ մրցանակային տեղը՝ կարատե մարզաձևի ֆուկոգո տեսակում: 17 տարեկանում Երևանում 17-ից 55 տարիքային խմբում կայացած ՀՀ առաջնությունում նա այնպիսի արդյունք է գրանցել, որ դարձել է օլիմպիական կարատեի ազգային հավաքականի անդամ: 2018 թվականին Սլովենիայի Պորտոռոշ քաղաքում կայացած ֆուդոկան կարատե մարզաձևի մրցույթում Միխայիլը դարձավ Եվրոպայի չեմպիոն` արժանանալով ոսկե մեդալի: Գերմանիայի Շտուդգարդ քաղաքում 2019-ի նոյեմբերին տեղի ունեցած ֆուդոկան կարատեի աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Միխայիլ Մխիթարյանը։ 18-20 տարիքային խմբում Միքայելը ներկայացրել է չորս ցուցադրական ելույթ` հունգարացի, իտալացի, չեխ և գերմանացի մարզիկների հետ: Առաջնությանը մասնակցում էին 48 երկրների ներկայացուցիչներ։
«Մարզվելն է իմ կյանքի առանցքը, առանց որի չեմ պատկերացնում»,-անկեղծանում է նա։ Նրա հոգու մարմնավորումը բացարձակ անկեղծությունն է ու նվիրումը, հայրենասիրությունը։
Արդեն 2 տարուց ավել է, ինչ իտալացի Լուկա Վալդեզիի մոտ է պարապում Միքայելը։ Կարատե մարզաձևը, ինչպես Միքայելն է վկայում, նրանց ընտանեկան մարզաձևն է: Նրա հորեղբոր որդիներ՝ Վարդան և Մանվել Ղալայանները նույնպես զբաղվում են այս մարզաձևով, ովքեր տարբեր տարիների դարձել են Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ: Ընտանիքում կարատեի առաջին մասնագետը հորեղբայր Լեռնիկ Ղալայանն է:
14 տարեկանում՝ Բրյուս Լիի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, պետք է ֆիլմ նկարահանվեր: Գլխավոր հերոսի` փոքր Բրյուս Լիի դերակատարի քասթինգին մասնակցեց նաև Միխայիլը: 20.000 երեխաների մեջ, որոնցից 5000-ը չինացի էին, 15000-ը` եվրոպացի, ընտրվեց ինքը: Ֆիլմը ռուս-ամերիկյան համատեղ արտադրության էր: Սակայն, Միխայիլի մասնակցության համար ընդգրկվեց նաև «Հայֆիլմը»: Նրա հետ մասնագետների մի մեծ խումբ էր աշխատում` սկսած դերասանական վարպետությունից մինչև անգլերեն լեզվի ուսուցանում: Սակայն, երբ 2013 թվականին սկսվեց ուկրաինական պատերազմը, պայմանագիրը չեղյալ համարվեց, թեև նկարահանումների մի մասն արդեն իրականացվել էին: Ցավոք․ այդ ֆիլմը էկրան չբարձրացավ, որը ստացել էր «Փոքրիկ վիշապը» անվանումը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ