«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Նաիրի» գրատունն առաջարկում են գարնանային տոները սկսել Ռեմարկի հերթական գլուխգործոցով։ Մարտի 8-ին, Թումանյան 38 հասցեում բացվեց «Նաիրի» գրատան նոր մասնաճյուղը, որտեղ առաջին անգամ ներկայացվեց գերմանացի հանրահայտ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» գիրքը՝ հայերեն բնագրային թարգմանությամբ: Ի թիվս այլոց, միջոցառմանը ներկա էր նաեւ գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը:
Ի դեպ, բացման օրը գրախանութի այցելուները հնարավորություն ունեցան ձեռք բերել «Լիսաբոնի գիշերը» և Ռեմարկի մյուս գրքերը 20 % զեղչով և տոնական փաթեթավորմամբ։ «Էդիթ Պրինտ» հրատարակչության վաճառքի , մարքեթինգի բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանը նշեց, որ «Լիսաբոնի գիշերը» Ռեմարկի հայերեն բնագրային թարգմանությամբ 7-րդ գիրքն է:
Կարդացեք նաև
«Այսօր տոն է և փորձում ենք այն դարձնել ավելի մշակութային : Շատերը Կորյունի 8 հասցեում գտնվող «Նաիրի» գրախանութը գիտեն , այս մասնաճյուղը հիմնականում ծառայելու է ուսանողներին , բացի ուսանողներից նաև տարբեր ճաշակի և քմահաճ մարդկանց»,-ասաց մեր զրուցակիցը: Հավելեց , որ ռեմարկասերները տխրելու առիթ չեն ունենա , որովհետև նոր գրքերը դեռ առջևում են:
«Լիսաբոնի գիշերը» ստեղծագործությունը ընտրեցինք նախ և առաջ ըստ պահանջարկի: Հիշում եմ , որ դեռևս «Երկինքն ընտրյալներ չունի» գրքի թարգմանությունն էի հանձնել տպագրության , այդ ժամանակ բազմաթիվ նամակներ ստացա , որ հաջորդը հենց այս գործը թարգմանեմ : Այն իր ոճական առանձնահատկություններով տարբերվում է մնացած գրքերից , կարդալիս միանգամից կզգաք՝ ինչ նկատի ունեմ: Ես միշտ շեշտում եմ , որ մենք ընթերցասեր հասարակություն ունենք, մարդիկ մեծ ոգևորությամբ սպասում են նոր գրքերին: Նաեւ խորհուրդ կտամ , որ գիրքը շատ ուշադիր կարդան , որպեսզի հոգեբանական-փիլիսոփայական հատվածները ճիշտ ընկալեն եւ թյուր տպավորություն չձեւավորվի»,-նշեց թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը:
Նանե ԱՎԱՆԵՍՅԱՆ