Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային-ժողովրդավարական բեւեռի (ԱԺԲ) նախաձեռնող խումբը հավաք էր կազմակերպել Նոր Նորք վարչական շրջանում՝ Հայկ Նահապետի արձանի մոտ: Հավաքից հետո երթ իրականացվեց Մոլդովական, Ստեփանյան, Սաֆարյան, Քոչարյան փողոցներով դեպի Գայի պողոտա եւ Գայի արձան: Նախաձեռնող խումբը տեղեկացրեց, որ մարտի 9-ին կրկին հավաքվելու են Հարավ-Արեւմտյան թաղամասում գտնվող Զորավար Անդրանիկի արձանի մոտ, որից հետո իրազեկման երթ տեղի կունենա:
Ազգային ժողովրդավարական բեւեռի նախաձեռնող խմբի հավաքն ու երթը իրականացվեցին «Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա», «Ինքնիշխան Հայաստան, հաղթական ապագա», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազգ, բանակ, պետություն» եւ նմանօրինակ այլ վանկարկումներով ու պաստառներով: Ներկաներին նաեւ իրազեկեցին, որ մարտի 16-ին լրանում է ռուս-թուրքական պայմանագրի տարելիցը, ուստի այդ օրը երեկոյան ժամը 17-ին Ազգային Ժողովրդավարական բեւեռը հրավիրում է Ազատության հրապարակ բողոքի եւ ոգեկոչման ցույցի: «Երկիրը վտանգված է, ազգային Սարդարապատ է»,-հայտարարվում էր երթի ժամանակ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ