«Խոսելու մի օրակարգ կա՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը։ Այդ օրակարգով ցանկացած ժամանակ պատրաստ ենք հանդիպել եւ խոսել իր հեռացման ճանապարհային քարտեզի մասին։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների մասին իր կոչերին, եթե ինքն ուզում է արտահերթ ընտրություններ, իմ կարծիքով՝ չի ուզում, դա բլեֆ է»,-Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մասին հայտարարությանը՝ ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով․ «Քանի որ շարժումը գտնվում է վերելքի վրա, ինքն ուզում է շեղել բուն օրակարգը եւ մեզ մտցնել մի անիմաստ քննարկման մեջ։ Եթե իրենք անկեղծ են, թող հենց հիմա գա ԱԺ, հրաժարական տա, նշանակվեն արտահերթ ընտրություններ։ Ո՞ւմ է սպասում»։ Իշխան Սաղաթելյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ Փաշինյանն իրականում չունի խորհրդարանական քաղաքական մեծամասնություն․ «Իր պատգամավորները գերի են իր ձեռքում։ Եթե ինքը կասկածում է, որ իր հրաժարականի դեպքում այլ թեկնածու կընտրվի, ուրեմն ինքը չունի քաղաքական մեծամասնություն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ