Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում ամուսնալուծված կանանց կրկին ամուսնանալու շանսն ավելի նվազ է, քան ամուսնալուծված տղամարդունը, բայց կանայք ավելի երկար են ապրում

Մարտ 08,2021 19:11

Հայաստանում ապրում է 1 միլիոն 562 հազար 700 կին: Տասը տարվա ընթացքում մեր երկրում կանանց թիվը ոչ միայն չի ավելացել՝ մի բան էլ պակասել է: 2010-ին Հայաստանի բնակչության 1 միլիոն 589 հազար 400-ն է եղել իգական սեռի: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի ցուցանիշներից: Վիճակագիրները կանանց թվաքանակի նվազումը բացատրում են Հայաստանի՝ ժողովրդագրական ծերացումով, ծնելիության ցածր մակարդակով եւ արտագաղթի բարձր տեմպով:

Միայն Երեւանում բնակվում է 583 հազար 462 կին: Ի դեպ, Երեւանը միակ բնակավայրն է, որտեղ կին-տղամարդ համամասնությունը զգալի է: Մայրաքաղաքում կանայք 83 հազարով ավելի են տղամարդկանց թվից: Մնացած մարզերում այդ խզումը չի հասնում 10 հազարի:

Ըստ վիճակագիրների, Հայաստանում բարելավվել է կյանքի սպասվող տեւողությունը մասնավորապես՝ կանանց համար: Այսպես՝ աղջիկ երեխաների կյանքի սպասվող տեւողությունը կազմել է 79,5 տարի: Համեմատության համար նշենք, որ տղամարդկանց կյանքի  սպասվող տեւողությունը 73,1 տարի է: Սրանով էլ պայմանավորված,  Հայաստանում ավելի շատ կանայք են այրի մնում, քան տղամարդիկ ամուրի:

Երեւանում 63 տարեկանից բարձր 110 հազար կին կա, Արագածոտնում՝ 63 հազար 941 կնոջից 9 հազարն է 63 տարեկանից բարձր: Արարատի մարզում ապրում է 133 հազար 43 կին, որից 18 հազարը 63 տարեկանից բարձր է: Արմավիրի մարզում 136 հազար 6 կնոջից 19 հազարն է 63 տարեկանից բարձր, Գեղարքունիքում 114 հազար 352 կնոջից՝ 16 հազարը: Լոռիում ներկայումս 116 հազար 402 կին է ապրում, որից 21 հազարը 63 տարեկանից բարձր տարիք ունեն, Կոտայքում 131 հազար 217 կնոջից 19 հազարն է 63 տարեկանից բարձր: Շիրակում 124 հազար 82 կին  կա, նրանցից 20 հազարը 63 տարեկանից բարձր են: Սյունիքում 70 հազար 704 կին է ապրում, որից 63 13 հազարը 63 տարեկանից բարձր տարիքային խմբում են: Վայոց ձորում 25 հազար 429 կին է ապրում: Այս մարզում 63 տարեկանից բարձր կանայք 4 հազարն են: Տավուշում 64 հազար 51 կնոջից 12 հազարը 63 եւ ավելի տարիք ունի:

Մեր երկրում կանանց առաջին ամուսնության միջին տարիքը եւս փոխվել է՝ քսան տարիների ընթացքում 22,6-ից դառնալով 27, 7: Վիճակագիրները մի ուշագրավ հանգամանք էլ են նկատել: Հայաստանում ամուսնալուծված կանանց կրկին ամուսնանալու շանսն ավելի նվազ է, քան ամուսնալուծված տղամարդունը:

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների 48 տոկոսը կանայք են: Տեղեկատվության եւ կապի ոլորտում աշխատողների 44 տոկոսն է կին: Արդյունաբերությունում 33 տոկոս են կանայք կազմում:

Ֆինանսական եւ ապահովագրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում 60 տոկոսն են կանայք: Առեւտրի, նորոգման, փոխադրումների, հանրային սննդի կազմակերպման ոլորտներում աշխատողների 39 տոկոսը կանայք են: Շինարարությունում զբաղվածների ընդամենը 1 տոկոսն են կանայք: Փոխարենը պետական կառավարման, կրթության, առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկման ոլորտներում զբաղվածների 62 տոկոսը կանայք են:

Ներկայումս  մեր երկրում 336 հազար կին վարձու աշխատող է, 2000 կին՝ գործատու, ինքնազբաղված է 123 հազար կին: Վեց հազար կին էլ առանց վարձատրության աշխատող է, այսինքն՝ ընտանիքի անդամ:

Հայաստանում աշխատող կանանց 19,7 տոկոսը 65-75 տարեկան է: Ամենաշատ զբաղվածները 25-49 տարեկաններն են, կին աշխատողների 47,5 տոկոսը:

Վիճակագիրները պարզել են, որ երկարատեւ գործազրկության մակարդակը բարձր է հատկապես՝ կանանց շրջանում: Գործազուրկ կանանց 48 տոկոսը մեկ տարուց ավելի աշխատանք են փնտրել: Տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններում ավելի շատ կանայք են խնամվում, քան տղամարդիկ: Այդ կենտրոններում 51 տոկոսը կանայք են:

Մեր երկրի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներկայումս սովորում է 12 հազար 985 իգական սեռի ներկայացուցիչ: Բարձրագույն կրթության հաստատություններում՝ 34 հազար 368 կին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031