«Նախագահի վերջնական պատկերացման հետ կապված դիրքորոշում մենք չունենք, այսինքն՝ նրա դիրքորոշումը վերջնական հայտնի չէ։ Նախագահն ասել է, որ ինքն իր դիրքորոշման մասին սահմանված ժամկետների շրջանակում կհայտնի։ Ժամկետը վաղը վերջանում է»,-Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ վարչապետի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը ՀՀ նախագահի կողմից ստորագրելու ժամկետը լրանում է վաղը՝ ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց․ «Որեւէ բան չեմ բացառում, բայց շատ հստակ ասեմ, որ նախագահը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված ունի ամբողջական պատասխանատվություն, եւ իրավիճակի հանգուցալուծման ելքերից մեկն այն է, որպեսզի նա դիմի ՍԴ։ Մենք այդ ակնկալիքն ունենք նախագահից»։ Թե ինչ են պատրաստվում անել, եթե նախագահն, այնուամենայնիվ, ՍԴ չդիմի, Սաղաթելյանն ասաց․ «Սցենարներ միշտ ունենք․ «Վաղն ըստ իրավիճակի կորոշենք մեր քայլերը։ Երկիրը ցնցումներից զերծ պահելը շատ կարեւոր է, բայց դա չի նշանակում, որ մենք նահանջ ենք անելու։ Վաղն ըստ երկրում ստեղծված իրավիճակի ու քայլերի՝ կպլանավորենք մեր հաջորդ անելիքները»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ