Լրահոս
Օրվա լրահոսը

Պռոշյանի «Զորաց» պանթեոնում երդվեցին ծառայել հայրենիքին

Մարտ 08,2021 17:22

Պռոշյանի «Զորաց» պանթեոնում այսօր էլ մարդաշատ էր:

Այստեղ էին կանայք`մայրեր, քույրեր, այրիներ. իրենց զոհված հարազատների աճյուններին դրեցին այն ծաղիկները, որոնք իրենք պետք է այսօր նվեր ստանային:

Պանթեոնում ամփոփված են արցախյան առաջին եւ երկրորդ`44-օրյա պատերազմում զոհված Պռոշյանի գնդի անդամների աճյունները:

Պռոշյան ավանի զոհերի որոշ անուններ

Պանթեոնում տեղի ունեցավ 19 ՀՕՄ-ուհիների՝ Հայ օգնության միությանն անդամակցության ուխտի արարողությունը։
   

Կանայք՝ որդիների, հայրերի եւ ամուսինների շիրիմների մոտ երդվեցին` անձնվիրաբար եւ խոնարհաբար ծառայել հայ ժողովրդին ու հայրենիքին:

Հայ օգնության միության հայաստանյան շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը տեղ ընտրության վայրն այսպես բացատրեց. «1991 թվականից, երբ արցախյան ազատամարտը սկսվել է, ՀՕՄ-ը շատ մեծ կապ է ունեցել Պռոշյանի կամավորների հետ: Այստեղ մեծ գունդ կար: Նաեւ զորավիգ ենք եղել բոլոր կատարած աշխատանքներին: Ինչո՞ւ այսօր այստեղ, որովհետեւ մեկ օրում 17 զոհ ունեցանք: Տղաներ, որոնց մենք ճանապարհ դրեցինք սեպտեմբերի 27-ին. այդ խինդը, հավատը, որ տղաները գնում են իրենց երկրին սատար կանգնելու, օգնելու, փրկելու… այդ օրվա խորհուրդը շատ մեծ էր: Երբ իմացանք նրանց կորստի մասին, հավատացեք, մինչ օրս ուշքի չենք գալիս: Մեկը թողել էր կնոջը, երեխաներին, մյուսը`ծեր մորը, որպեսզի կարողանար օգտակար լինել»:

Ի դեպ, այսօր նաեւ Երվանդ Թադեւոսյանի (Չախկալ) ծննդյան օրն է: Նա մասնակցել է նաեւ արցախյան առաջին պատերազմին: Զոհվեց 44-օրյային:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031