Կանանց միջազգային տոնի հիմքերը դրվել են դեռևս 1857 թվականի մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլագործները երթով անցան փողոցներով՝ բողոքելով ցածր վարձատրությունից: Այն խորհրդանշում է կանանց պայքարը իրավահավասարության համար՝ հավասար վարձատրություն, հետագայում՝ քաղաքական և քաղաքացիական այլ իրավունքների իրավահավասարություն: Այնուհետև 1910 թվականին Կանանց միջազգային ժողովի ժամանակ գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինն առաջարկում է մարտի 8-ը նշել որպես Կանանց միջազգային օր՝ ի հիշատակ Նյու Յորքում տեղի ունեցածի: Այդ օրվանից մարտի 8-ը համարվում է Կանանց միջազգային օր:
Հայաստանում մարտի 8-ը նույնպես համարվում է տոն, այն ոչ աշխատանքային օր է: Մարտի 8-ին, նաեւ ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության տոնին տղամարդիկ սովորաբար տարբեր անակնկալներ են մատուցում կանանց, նվերներ անում եւ այլն:
Սակայն այս տոները բոլորի կողմից չէ, որ միանշանակ են ընդունվում: Շատ կանայք և աղջիկներ նշում են, որ չեն ընդունում մեկանգամյա ուշադրությունն ու նվերները:
Կարդացեք նաև
Դասընթացներ վարող Աննա Զաքարյանը եւս ասում է, որ կանանց ծաղիկներ նվիրելով՝ փորձում են լրացնել ամբողջ տարվա բացը: «Մարտի 8-ը Կանանց իրավունքների և ազատությունների տոնն է, մի խումբ կանայք պայքարել են իրավունքների վերականգնման համար, բայց պրակտիկայում կինն անում է տան անհատույց գործ, չի վճարվում դրա համար, ենթարկվում է դրա համար ընտանեկան ու գենդերային բռնության, ու տարին մեկ-երկու ծաղիկ նվիրելով՝ ծածկադմփոց են ուզում անել»,-նշում է նա:
Գայանե Հովհաննիսյանը, որը տնային տնտեսուհի է նշում է, որ մարտի 8-ը առանձնահատուկ ձևով է սիրում և սպասում է այդ օրվան. «Սովորաբար, ինչպես բոլոր տոներին, այնպես էլ մարտի 8-ին առանձնահատուկ վերաբերմունք ունեմ: Տոն է և՛ ինձ համար և՛ ինձ հարազատ շատերի համար: Քանի որ հնարավոր չէ բոլոր նրանց, ում կցանկանամ, այցելել կամ նվեր տալ, ապա զանգում եմ, ջերմորեն շնորհավորում, բարեմաղթում: Ուշադրությունն ու հոգատարությունը մշտապես են անհրաժեշտ, տոնին՝ առավել ևս ուրախացնող է որևէ նվեր թե տալը, թե ստանալը»:
Չնայած Հայաստանում նշվող մեկամսյակին՝ կան երկրներ, որտեղ մարտի 8-ը օրացույցի վրա նշված է որպես International Women’s Day, բայց տոնախմբություններ չեն լինում: Այդ երկրների շարքին են պատկանում Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Չինաստանը, Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան և շատ այլ երկներ: Տոնն այստեղ լայն մասսայականություն չունի, օրը հիշատակվում է որպես կանանց իրավունքների համար պայքարի օր: Մայրերի օրը նշվում է մայիսին:
Սակայն այս տարի Բելգիայում մարտի 8-ն առանձնահատուկ է լինելու՝ գործադուլ է նախատեսված: Կանայք հայտարարել են գործադուլ և կոչ են անում բոլորին միանալ ֆեմինիստական գործադուլին:
Տոնին ավելի մեծ կարևորություն են տալիս և անպայման նշում են հետխորհրդային երկրներում՝ Ռուսաստան, Բելոռուսիա, Ուկրաինա: Ինչպես Հայաստանում, այնպես էլ այս երկրներում մի շարք միջոցառումներ են տեղի ունենում:
Ռոզա Ուլունցը` Բելառուսից, պատմում է, որ մարտի 8-ն իրենց համար հանգստյան օր է. «Չգիտես ինչու՝ տղամարդկանց տոնն աշխատանքային օր է, բայց կանանց տոներին մենք պարտադիր անցկացնում ենք տանը, այսինքն՝ ոչ աշխատանքային է համարվում: Տղամարդիկ նվերներ են անում իրենց կանանց, կոլեկտիվները հավաքվում են՝ նշում, դպրոցներում երեխաներին նվերներ են տալիս, փոքրիկ համերգներ են լինում, այդ օրը իսկապես տոնի են վերածում»:
Մարտի 8-ը պաշտոնապես նշվում է աշխարհի 31 երկրներում: ԽՍՀՄ-ում, որի կազմի մեջ մտնում էր նաև Հայաստանը, մարտի 8-ը մտել է տոնական օրացույցի մեջ միայն 1966 թվականին: Իսկ միջազգային ճանաչում է ստացել 1977 թվականին, Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ այդ օրը հռչակվել է Կանանց միջազգային օր, սակայն ոչ թե որպես տոն, այլ որպես իրենց իրավունքների համար կանանց պայքարի օր:
Սվետլանա ԴԱՎԹՅԱՆ