Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի աղջիկներ և կանայք,
Թանկագին մայրեր ու քույրեր
Կուտակված ու չասված երախտիքի խոսքեր կան, որ անցած տարվա աղետաբեր պատերազմի ընթացքում և դրանից հետո առիթ ենք փնտրում ձեզ փոխանցելու: Տոնական տրամադրությունները մնացել են անցյալում, մեր ունեցած կորուստները հանգիստ չեն տալիս, վիրավորված արժանապատվությունը մեզ մղում է անվերջանալի մտորումների և, այսպես շարունակ:
Կարդացեք նաև
Գուցե Մարտի 8-ն է հենց այն առիթը, որ պետք է անկեղծ խոսել մեր անելիքների մասին: Ընդունելով հանդերձ, որ մեր հանրությունը տարբեր կերպ է ընկալում Կանանց միջազգային օրվա խորհուրդը, փորձենք այդ ընդհանրության մեջ առանձնացնել առանցքը, այն գլխավորը, որ արցախցի ամեն մի տղամարդ, մտքում կամ բարձրաձայն, կասեր իր ընտանիքում, իր գործընկեր կանանց, իր ուսանողուհիներին ու աշակերտուհիներին: Շատ քիչ է խոնարհվելը մեր այն մայրերի առաջ, ում զավակները չդարձան մարտի դաշտից, այն կանանց, ում ամուսինները զոհաբերության գնացին՝ թիկունքում ունենալով իրենց ընտանիքների անվերջ սպասումը:
Մեր երկիրը պաշտպանելու ելած զինվորի ու սպայի մոր և կնոջ կերպարն այս պատերազմում լրացրեցին ռմբակոծության տակ աշխատող տասնյակ ու հարյուրավոր բժշկուհի-բուժքույրերը, բանակին հաց մատակարարող խոհարարուհիները, նկուղներում աշակերտներ կրթող ուսուցչուհիները, ռազմաճակատի ու թիկունքի իրադարձությունները լուսաբանող լրագրողուհիները և Արցախ եկող օգնությունները փաթեթավորող ու մարդկանց հասցնող աղջիկ կամավորականները:
Դուք ձեր առաքելությունը նորից իրականացրեցիք խոնարհ ու լուռ, դուք ձեր գործառույթները կատարեցիք անթերի, ո՞ւր է թե ամբողջ երկիրը լիներ այդպես կազմակերպված ու պատասխանատու և, առաջին հերթին, օրվա իշխանությունները:
Փա՛ռք ու պատիվ ձեզ, և թող 2021թ. Մարտի 8-ը դառնա մեր սխալներն ուղղելու, մեր թերությունները վերացնելու մեկնակետ՝ հանուն վաղվա օրվա, հանուն ձեր երազած ապագայի: