«Երկու օր առաջ ես գրասենյակում չեմ եղել, չորս հոգով եկել են, որ իրենց ասելով՝ իբր ինձ ծանուցեն կամ գուցե տանեն»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց քաղաքացի Դավիթ Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Դավիթ Գրիգորյանը նշեց՝ ունեն տեղեկություններ, որ ֆեյսբուքյան գրառումների համար հարուցվում են նման գործեր, որոնք միտված են քաղաքացիների շրջանում ազատ խոսքը սահմանափակելուն: Դավիթ Գրիգորյանը պնդեց՝ ունեն նաև տեղեկություններ, որ դրանք ուղղորդված են ու մանրամասնեց. «Հայաստանը փոքր երկիր է. բոլորը բոլորին ճանաչում են: Օրենքով չեն կարող անել ինչ-որ բաներ ազատ խոսքը ճնշելու համար, ուստի արհեստական բաներ են անում՝ մարդկանց ուղղակի հոգեբանորեն փորձելով ճնշել ու զսպել»:
Խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին՝ նա ասաց. «Գտել են իմ՝ կոնկրետ գրառման, իմ բառերի մեջ բռնության կոչ, բայց նորմալ մարդը երբ լսում է, հասկանում է, որ ընդհանրապես նման կոչ չի հնչում, բայց սա իրենց չի խանգարում այս գործը հարուցել ու մարդկանց փորձել այս գործիքներով՝ թեկուզ ժամանակավոր ճնշել: Ժամանակավոր, քանի որ ոչ մի արդյունքի չեն հասնելու. այդ գործիքներն օրինական չեն: Ազատ խոսքի դեմ են իրենք»:
Հետաքրքրվեցինք՝ ո՞ր գրառման համար են իր դեմ քրեական գործ հարուցել, Դավիթ Գրիգորյանը պատասխանեց. «Մասնավորապես վերջին մի տեսանյութ ունեի, որտեղ որոշ մեկնաբանություններ էի անում: Դրա հետ են կապում. իբր, որ դրանում կար բռնության կոչ, այնինչ ոչ մի բռնության կոչ այնտեղ լինել չէր կարող»:
Կարդացեք նաև
Դավիթ Գրիգորյանն ասաց, որ երբ եկել էին իր հետևից գրասենյակ, հեռախոսահամար են թողել: Ինքն էլ զանգել է այդ համարով: «Հիմա նյութեր են նախապատրաստվում: Այդ դեպքում ինձ պիտի որևէ կերպ ծանուցեին, որ ես որոշեի ներկայանալ, կամ ոչ: Դա իմ իրավունքն է չներկայանալ բացատրություն տալու: Դրա փոխարեն չորս հոգով եկել էին աշխատավայր: Իրենք հեռախոսահամար թողել էին, ես զանգեցի, շատ սիրուն խոսեցինք, ասացի՝ կարիք չկա իմ հետևից գալու և որպես բարի կամքի դրսևորում՝ վաղը կներկայանամ, տեսնենք՝ ինչն է խնդիրն ու ինչի հետ է կապված առհասարակ՝ չնայած իրավունք ունեմ չներկայանալ»:
Երբ ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, Դավիթ Գրիգորյանը հրաժարվել է տալ որևէ բացատություն: Այս առիթով պարզաբանեց. «Ես սկզբունքորեն մերժում եմ այդ երևույթը, վարքագիծը, որ դու պիտի օգտագործես քո իրավունքն ազատ խոսքի՝ չանցնելով ոչ մի օրենքի, ոչ մի սահման, որից հետո քեզ պիտի հրավիրեն ոստիկանություն, որ քո խոսքերի համար բացատրություն տաս: Թող գործը կազմվի, բայց ես իմ ազատ խոսքը և բոլոր քաղաքացիներն իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնելու ենք»:
Դավիթ Գրիգորյանը վստահ է՝ այս ամենն ունի քաղաքական դրդապատճառ, թեև փաստեց՝ ինքը քաղաքական ֆիգուր չէ. «Նույնիսկ սովորական քաղաքացիները, որոնք չեն հավակնում քաղաքական մրցավազքի մեջ մտնել, ուղղակի իրենց կարծիքն ու խոսքն են հայտնում, նույնիսկ այս մարդկանց փորձում են անօրինական քաշքշել, աշխատեցնել, ճնշել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից