Արարատի մարզի Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցում օրերս կազմակերպվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված դպրոցի սան Արամ Արմենի Ղազարյանի հիշատակին։
Դեռ երեք ամսվա ծառայող էր Արամը, նոր էր դպրոցական պայուսակը ցած դրել և արդեն հասցրել էր ձեռքը զենք վերցնել։
Երեք ամսվա զինծառայող Արամն արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից ակտիվ մասնակցել էր ամենաթեժ մարտերին։
Ավաղ, կյանքն ընդհատվեց ՝պատերազմի վերջին օրը ընկերներին հաց տանելիս Արամը հավերժ մնաց 18 տարեկան։
Կարդացեք նաև
Սիսավանի դպրոցի տնօրեն Նարինե Գալստյանի որոշմամբ՝ կրթօջախի ռազմագիտության դասարանը անվանակոչվեց հերոս Արամ Ղազարյանի անունով: «Նա մեզ հետ է, քանի դեռ հիշում ենք. հերոսները չեն մահանում»,-հուշ-ցերեկույթի ընթացքում նշեց Նարինե Գալստյանը։
Իրենց սրտի խոսքերն ասացին ու բարի հիշողությունները պատմեցին ուսուցիչները, աշակերտները և պարզապես մարդիկ, ովքեր ճանաչում էին Արամին։
Հայրենասիրությունը մեր արյան մեջ է։ Այն մեր ուժն է, սերն ու հավատը։ Ընտանիքը, դպրոցն ու հասարակությունը ծառի խորն արմատների պես ստիպում են ամուր կառչել նույնիսկ ժայռ դարձած՝ քարացած հողից։ Ոչինչ չի կարող կտրել -չորացնել այդ արմատները՝ ո՛չ երաշտը, ո՛չ անձրևն ու քամին, ո՛չ էլ թշնամու անկուշտ երախը։ Չեն կարող, քանզի անկարող են դիմակայել հայ զինվորի բազկի ուժին։
Մենք միասնական են, հաղթող ու հայրենասեր…
Պատմությունից շատ դասեր ենք քաղել։ Պատերազմը շատ բան փոխեց մեր մեջ, մեր կյանքում: Մենք պահանջատեր ենք, մեր մեջ հաղթող հայի արյունն է։
Դժվար է, բայց հայը նորից պիտի ուժ գտնի իր մեջ, լվանա վերքերն ու մարտական ոգով առաջ շարժվի։
Մենք պետք է նորից բեկոր առ բեկոր հավաքենք մեր փշրված երազանքները, որ կարողանանք ապրել, արարել:
Այս պատերազմում տվեցինք ամենաթանկը, ուրեմն վառ պիտի պահենք նրանց հիշատակը։
Հիշատակդ վառ, Արա՛մ:
Մարինե ՄԵԼՈՅԱՆ