Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղոթում ենք, որ Տերը Սուրբ Հոգու սփոփանքը պարգևի պատերազմի ծանր կորուստների միջով անցած մեր մայրերին ու քույրերին. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

Մարտ 08,2021 10:27

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց և օրիորդներին` մարտի 8-ի տոնական առիթով:

Անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում։ Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում։

Հետպատերազմյան այս դժվարագույն օրերին, երբ մեր երկիրը շարունակում է փոթորկվել ներքին ու արտաքին մարտահրավերներից, վստահությունն ունենք, որ մեր ժողովուրդը վերստին իր խաչի ճանապարհը պիտի հասցնի մինչև հաղթական հարություն։

Սիրելի մայրեր և քույրեր, Մեր մաղթանքն է, որպեսզի դուք հույսի ու մխիթարության մեջ դիմավորեք մեծարանքի այս տոնը։ Աղոթում ենք, որ Տերը Սուրբ Հոգու սփոփանքը պարգևի պատերազմի ծանր կորուստների միջով անցած մեր մայրերին ու քույրերին, ուժ ու կորով հաղորդի համայն մեր ժողովրդին՝ համակամ սիրով կերտելու լուսավոր ու բարօր կյանքը հայրենիքի։ Թող Բարձրյալ Տերը Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ձեզ ամենքիդ և բյուր օրհնություններով շնորհի արևշող կյանքի խաղաղ և երջանիկ օրեր, լուսավոր ու պայծառ նոր իրագործումներ, այսօր և միշտ. ամեն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031