Լրահոս
Օրվա լրահոսը

Սոսի Թաթիկյան. Ցանկանում եմ, որ խորհրդարանում կանանց մեկ քառորդ կամ թեկուզև մեկ երրորդ ունենալը չհամարվի մեծագույն նվաճում

Մարտ 08,2021 10:03

Հայաստանում Freedom House-ի ծրագրի համակարգող Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցանկանում եմ, որ կանայք ունենան իրապես հավասար իրավունքներ և հնարավորություններ թե աշխատանքում, թե անձնական կյանքում և թե կյանքի այլ ոլորտներում:

Ցանկանում եմ, որ նրանցից չակնկալվի ամուսնությունից առաջ անձնական կյանք ունեցած չլինել: Որ նրանցից հարսանիքի օրը սկեսուրն ու սկեսրայրը չպահանջեն, որ նրանք ինը ամիս հետո երեխա ունենան, ըստ որում, տղա երեխա: Որ աղջիկ երեխայի ծնունդն ընկալվի ուրախությամբ, այլ ոչ թե ափսոսանքով, և ոչ մի հղիություն չընդհատվի սաղմի իգական սեռի պատճառով: Որ սկեսուրն ու տալը նրա ու ամուսնու հարաբերություններին չխառնվեն, հարսից վրեժ լուծելով իրենց սկեսուրի ու տալի` իրենց ամուսինների հետ հարաբերությունների մեջ խառնվելու համար: Որ նրանց դիպլոմը չդառնա օժիտի բաղկացուցիչ մաս: Որ եթե նույնիսկ նրանք իրենց կրթությամբ ու մասնագիտական արժանիքներով իրենց ամուսնուն հավասար կամ նույնիսկ առավել են, չակնկալվի, որ նրանք տան գործ են անելու ու հիմնականում միայնակ երեխա մեծացնելու, իսկ ամուսինները հասնելու են կարիերայի բարձունքների: Որ նրանք ստիպված չլինեն ընտրել ընտանիքի ու կարիերայի միջև, այլ հնարավորություն ունենան երկուսն էլ ունենալ: Որ չակնկալվի, որ իրենց ամուսինը կարող է իրենց աջ ու ձախ դավաճանել, իսկ իրենք պետք է դա հանդուրժեն ու չակնկալեն իրենց հանդեպ իրենց ամուսնու կամ այլ տղամարդու ուշադրություն: Որ եթե նրանք չամուսնանան կամ ամուսնալուծվեն, նրանց վրա չդրվի համապատասխան ստիգմա, ու նրանց ընկալեն որպես հասարակության լիարժեք անդամ, ով ունի ամուսնացած կանանց հավասար իրավունքներ և պաշտպանություն:

Ցանկանում եմ, որ կանանց աշխատանքի ընդունելիս չհարցնեն, թե արդյոք վտանգ կա, որ նրանք առաջիկա մի քանի ամսում կամ տարում կհղիանան: Որ նրանց աշխատավայրում չդիտարկեն որպես «սիրուն աղջիկ», որն անհամատեղելի է խելացի արհեստավարժի հետ: Որ նրանք ստիպված չլինեն իրենց գործընկեր տղամարդկանցից ավելի շատ աշխատեն, որ ինքնահաստատվեն, որ նույն լրջությամբ ընկալվեն, և հիմա էլ դրա պատճառով չզրկվեն կարիերան ու ընտանիքը համատեղելու հնարավորությունից: Որ նրանք տղամարդ կոլեգաներին հավասար կամ նույնիսկ նրանցից ավելի աշխատելով ու առավել արդյունքներ գրանցելով` տարիներ շարունակ չմնան նույն պաշտոնին կամ հասնեն միջին ղեկավար մի պաշտոնի ու դրանից հետո այլևս կարիերային աճ չապրեն, մինչ իրենց տղամարդ գործընկերներն արագորեն բարձրանում են կարիերային սանդղակով ու նորանոր վերելքների հասնում: Որ չակնկալվի, որ նրանք պետք է միշտ փափուկ լինեն ու անընդհատ բոլորին ժպտան: Որ անհատականություն ունենալու և իրենց կամ այլոց իրավունքների պահանջատեր լինելու դեպքում նրանք չպիտակավորվեն որպես դժվար, դոմինանտ, խնդրահարույց, երբ տղամարդիկ այդ նույն հատկությունների ու վարքագծի համար որակվում են առաջնորդության հատկանիշներ ունեցող:

Որ աշխատավայրում նրանք չենթարկվեն սեռական ոտնձգությունների ու դրանք մերժելու դեպքում չպատժվեն, չենթարկվեն հետապնդումների ու շանտաժի, ու վերջիվերջո իրենց սիրելի կարիերան չկորցնեն: Որ եթե իրենց հանդեպ սեռական ոտնձգությունների դեմ ընդվզեն, չարժանանան թե տղամարդկանց և թե այլ կանանց հակակրանքին, ու չպիտակավորվեն որպես գործ տվող, ավելորդ խնդիրներ հարուցող, ու չենթադրվի, որ իրենք են մեղավոր, ու ինչ որ կերպ հարուցել են այդ ոտնձգությունները: Ու հետո ամբողջ կյանքում չկրեն սեռական ոտնձգության դեմ ընդվզած լինելու խարանը` անձնական կյանքի ու կարիերայի համար դրանից բխող բոլոր դժվարին հետևանքներով:

Ցանկանում եմ, որ իրենք` կանայք աջակցեն մյուս կանանց, այլ ոչ թե տղամարդկանց հաճոյանալու համար նրանց հետ միավորվեն այլ կանանց դեմ` խնդիրների առկայության դեպքում: Ցանկանում եմ, որ հաջողության հասած կանայք չմտածեն, որ իրենք բացառիկ են կանանց շրջանում, որ այդպիսի բարձունքների են հասել, ու չուզենան տղամարդկանցով շրջապատված միակ հաջողակ կինը լինել:

Ամենակարևորը, որ կանանց հանդեպ երբևէ չգործադրվի որևէ կարգի բռնություն, լինի դա հոգեբանական, սեռական թե ֆիզիկական, լինի դա ընտանիքի որևէ անդամի կողմից` ամուսին, եղբայր, հայր, կամ որևէ այլ տղամարդու` լինի դա ծանոթ թե անծանոթ, և նույնիսկ բռնության ենթարկվելու համար չմեղադրվեն, և այդ բռնությունը ինչ որ կերպ չարդարացվի:

Որ խորհրդարանում կանանց մեկ քառորդ կամ թեկուզև մեկ երրորդ ունենալը չհամարվի մեծագույն նվաճում: Որ դիվանագիտական բարձրաստիճան անձնակազմում և կառավարությունում չլինեն հատուկենտ կանայք` պետության դեմքը փրկելու համար: Որ կանանց ղեկավար պաշտոններում չնշանակեն միայն ավանդաբար կանացի համարվող ոլորտներում, ինչպիսիք են սոցիալական հարցերը, առողջապահությունը, մշակույթը, կրթությունը, շրջական միջավայրը, այլ նկատեն, որ պոտենցիալ ունեցող կին մասնագետներ կան նաև անվտանգության և այլ ավանդաբար տղամարդկային համարվող ոլորտներում: Եվ որ աչքի ընկնող ու բարձրաստիճան կանանցից չակնկալվի իրենց մեջ կանացիությունը խեղդել ու իրենց տղամարդկանց նման պահել` հարգանքի արժանանալու համար, ու նրանցից տղամարդիկ չվախենան:

Ցանկանում եմ նաև, որ այս գրառումը կարդացող` ինձնից ավելի երիտասարդ կանայք արտացոլված խնդիրների մի մասը չհասկանան, քանի որ դա կնշանակի, որ վերջին մեկ-երկու տասնամյակում ինչ որ բան փոխվել է:

Նաև հասկանանք, որ կանանց ու տղամարդկանց հավասարություն չի նշանակում նրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունների և նրանց միջև առկա տարբերությունների ժխտում: Եվ որ նրանք պետք է ոչ թե համահարթեցվեն կամ միմյանց դեմ պայքարեն, այլ միմյանց փոխլրացնեն ու միմյանց հետ համագործակցեն:

Բոլոր կանանց ցանկանում եմ հավասար իրավունքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031