Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու թատրոնում ասեղ գցելու տեղ չկար․ մեկ տարվա կորոնավիրուսային լռությունից հետո բացվեցին թատրոնի դռները

Մարտ 08,2021 00:12

Մեկ տարվա կորոնավիրուսային լռությունից հետո այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացրեց 155-րդ թատերաշրջանի առաջնախաղը, որը կոչվում է «Քեյս»։

Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար․ նույնիսկ օթյակներում նստելու տեղ չկար․ զգացվում էր, որ կորոնավիրուսային ու հետպատերազմյան սթրես տանող հանդիսատեսը փորձում է սփոփանք գտնել հենց այստեղ։ Ակնհայտ է, որ գյումրեցիները կարոտել են թատրոնը։
Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ անչափ հուզված է, մեկ տարի շարունակ թատրոնը չի ունեցել առաջնախաղ։

Նա ընդգծեց` առաջնախաղն առանձնահատուկ է նրանով, որ նոր պիես է գրվել հատուկ թատրոնի համար, և հեղինակը գյումրեցի երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանն է։


«Քեյս»-ը նրա առաջին փորձն է, բեմադրությունը և երաժշտական ձևավորումը Լյուդվիգ Հարությունյանինն է, նրանք համատեղ աշխատել են շուրջ մեկ տարի։
Լյուդվիգ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ 155-րդ թատերաշրջանում կխաղան կատակերգություններ, թեթև ոճի ներկայացումներ․ հանդիսատեսի հետ կխոսեն միայն լավ բաների մասին, կլինեն նրա հետ ջերմ։

«Թե ինչով է պայմանավորված՝ բոլորս գիտենք, գոնե թատրոնը կփորձի դրական լիցքեր փոխանցել հանդիսատեսին, դրա համար սկզբունքորեն չենք պատրաստվում դրամաներ բեմադրել 2021 թվականին։
Մենք մարտ ամսին ունենք 18 ներկայացում, եղել են առիթներ, երբ հանդիսատեսին հարցրել ենք՝ արդյոք կատակերգություն բեմադրելու ժամանա՞կն է։ Այո՛, ես այդպես եմ կարծում, բայց սրա կողքին մենք հստակ ասում ենք ՝ մենք ոչինչ չենք մոռանում։ Վառ ապացույցը «Հարսանիք թիկունքում» ֆիլմն է, մեզ համար այսօր կրկնակի տոն է․ ֆիլմը երկու ամսվա ընթացքում 30 հազարից ավելի հանդիսատես է դիտել։ Այսօր Բարսելոնայում մեր ֆիլմն է ցուցադրվում, այնտեղ, որտեղ ներկայացումը չգնաց, ֆիլմն է ցուցադրվում, և մենք խոսում ենք մեր հերոս տղաների մասին և համարում ենք, որ մեր հերոսները չեն պարտվել։ Մենք գիտենք և՛ ծիծաղել, և՛ հիշել , և՛ գնահատել արժեքները»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Նա ասաց, որ թատրոնը բուժում է, մեջբերեց իրեն, ով թեև կորուստ է ունեցել պատերազմում․ մորեղբոր տղան է զոհվել, այս պահին էլ երկու հարազատները գերի են, բայց ստեղծագործում է, վստահ է՝ նրանք վերադառնալու են։

«Ի՞նչ է նշանակում ես ոչինչ չանեմ ու ասեմ՝ պարտվել եմ»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Նիկոլայ Ծատուրյանը ևս այն կարծիքին է, որ այսօր հայ հանդիսատեսին պետք են կատակերգություններ։ Նա որպես օրինակ մեջբերեց 1945 թվականը, երբ ռուսները գնում էին ռազմաճակատ ու կատակերգություններ էին ցույց տալիս, որ զինվորը գոտեպնդվի։

«Այսօր մեր ժողովուրդը հուսախաբ է եղել, օդանավակայանը լեփ-լեցուն է, մարդիկ ուզում են ընտանիքով հեռանալ, բա հայրենիքն ո՞վ պահի։ Իսկապես մեզ պետք է համախմբություն, ուրախ տրամադրությունը լինի, նեգատիվը վերացվի, մի քիչ պոզիվիտ անենք, պետք են կոմեդիաներ»,-ասաց Նիկոլայ Ծատուրյանը։

Թատրոնի վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանն էլ ասաց, որ պատերազմի օրերին Վարդան Պետրոսյանի հետ միասին հավատարիմ մնալով իրենց կոչմանը՝ ներկայացում են խաղացել, կարողացել են հանդիսատեսին ոգևորել։

Իսկ հանդիսատեսը պահանջ ունի, կարոտում է թատրոնը։

«Մեկ տարվա ընթացքում մենք ներկայացում չէինք խաղացել, և երբ մարտի 2-ին և 4-ին խաղացինք, տեսանք, թե հանդիսատեսն ինչ կարոտով է գալիս և ինչքան պահանջ ունի, որովհետև ոգեղենն է ծնունդ տալիս նյութականին։ Երբեք չպետք է ասել, որ տխուր պահերին մենք տխուր բաներ պիտի խաղանանք, ո՛չ, հակազդեցություն պետք է լինի», -ասաց Տիգրան Գաբոյանը։

 

Առաջնախաղը ջերմ ծափողջյուններով ընդունվեց հանդիսատեսի կողմից․ այն խորիմաստ ներկայացում էր, ցուցադրվում էր, թե ինչպես կարող է փողը բացահայտել մարդու էությունը, հատկապես, երբ այն ձեռք չի բերվել արդար քրտինքով, փչացնել նրան, դարձնել անմարդակային արարած, խորտակել արժեհամակարգը, վերացնել սերը։

Պիեսի հերոսներից Մարկը, որը գրքեր էր գրում, թաղված էր վարկերի, պարտքերի մեջ, բայց սիրող կին ուներ, հանկարծ մի ճամպրուկ՝ քեյս է ստանում Դեյմոնի կողմից։ Փողը, որը նա Դեյմոնից խնդրել էր իր գրքի տպագրության համար, մատուցվում է ճամպրուկի տեսքով, սակայն ճամպրուկից փող գալիս էր այն դեպքում, երբ որևէ մեկին ֆիզիկական ցավ էին պատճառում։ Սա դառնում է պատճառ շատերին ցավ պատճառելու։

 

Մարկի կինը՝ Էվան, այնքան է տարվում ճամպրուկի փողերով, որ հրաժարվում է անգամ երեխա ունենալու իր վաղեմի երազանքից, սիրուց։ Մի գեղեցիկ օր Դեյմոնը հետ է վերցնում ճամպրուկը՝ Մարկին դիտողություն անելով, որ նա գրում էր ստեղծագործություններ՝ չճանաչելով մարդկային էությունը, իսկ իր տված ճամպրուկը օգնեց նրան ճանաչել մարդուն։ Թոնին, որն անդամալույծ էր, բնակվում էր Մարկի ու Էվայի տանը, հրկիզում է փողերի պահարանը՝ այսպիսով փրկելով երիտասարդ զույգի սերը։

 

Նիկոլայ Ծատուրյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով այս ներկայացման մասին, ասաց․ «Աշխատած փողը հալալ է, գողացված փողը՝ հարամ է։ Եթե դու աշխատում ու ստանում ես 70 հազար դրամ, դա փող է, բայց եթե դու 4 միլիարդ ես ստանում ՝ առանց որևէ գործ անելով, գողոնի ձևով, հարամ է, և անպայմանն կգա փոխհատուցումը»։

Գլխավոր դերերում մեծամասամբ երիտասարդներ են․ խաղում են ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Գաբոյանը, Դիանա Մացոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, ինչպես նաև Արսեն Սաղաթելյանը, Սարգիս Ղարիբյանը, Գայանե Մանուկյանը, Արկադի Ղարագուլյանը, Արսեն Միքայելյանը։

Ի դեպ, թատրոնը, որը նախորդ տարվանից տոմսեր էր վաճառել աբոնեմենտային կարգով, սակայն վիրուսով պայմանավորված՝ ստիպված էր փակել իր դռները, արդեն իսկ վերադարձնում է իր պարտքը, հատկապես պատանի հանդիսատեսին։ 5000 երեխա արդեն թատրոնն ընդունել է։
2020 թվականին վերանորոգել են Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմը, առաջին ներկայացումն այնտեղ մարտի 3-ին խաղացին, բեմը փոխել են՝ ավելի երիտասարդական շունչ հաղորդելով։ Այս տարի թատրոնը կփոխի նաև իր դիմապակիները։ Շուտով պատրաստ կլինի նաև թատրոնի կայքը։

Լուսանկարներից մի քանիսը՝ Գյումրու դրամատիկական թատրոնի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031