Հարցազրույց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանի հետ
– Տիկին Կարապետյան, անցյալ տարի համավարակի տարածման բուռն օրերին ձեր գրադարանն իր աշխատաոճը փոխեց եւ տեղափոխվեց օնլայն հարթակ, փորձելով չկտրել ընթերցողի եւ գրադարանի միջեւ կապը։ Այլ կերպ ասած՝ գրադարանը սկսեց այդպես տարածել տեղեկատվություն եւ միշտ ընթերցողին պահել գրադարանի ուշադրության կենտրոնում։ Գիտենք, որ այդ օրերին շուրջօրյա բաց էին գրադարանի թվային բազաները, ինչը հնարավորություն էր տալիս օգտվել նաեւ արտասահմանում ապրող մեր հայրենակիցներին։ Մեզ հետ զրույցում դուք հավաստիացրիք, որ ընթերցողի պակաս չունեք, մինչդեռ վերջերս կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը հայտարարեց, որ մենք շարունակում ենք գրքով ամենից քիչ հետաքրքրվողների թվում լինել։
– Զավեն Բոյաջյանի ասածի մեջ կա ճշմարտություն, քանի որ տարիներ ի վեր մեզանում ոչ ճիշտ կազմակերպվող մշակութային կրթական քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Երեւանը դարձավ գերկենտրոնացված քաղաք բոլոր ոլորտներում եւ բոլոր առումներով։ Այլ կերպ ասած՝ մարզերն ու գյուղերը համարյա դուրս մնացին այդ ծրագրերից։ Մյուս կողմից՝ համայնքների խոշորացումն էլ իր բացասական դերն ունեցավ, ինչի արդյունքում բազմաթիվ գյուղեր զրկվեցին իրենց մշակութային կենտրոններից, այդ թվում՝ գրադարաններից եւ, ինչու ոչ՝ դրանով նպաստելով երիտասարդության արտագաղթին։ Իսկ մեր շատ գյուղեր սահմանամերձ են ու սահմանապահ։
– Այդ խնդիրը մշտապես եղել է։ Դուք որեւէ առաջարկով երբեւէ հանդես եկե՞լ եք։
Կարդացեք նաև
– Իմ նման դիտարկումները վերաբերում են վերջին 30 տարիներին՝ կապված աշխատանքային գործունեությանս հետ։ Իհարկե, ընդունվել են մշակութային կրթական ոլորտին վերաբերող բազմաթիվ օրենքներ, բայց դրանց գործածության ընթացքում ոչ միայն պարզ դարձավ, այլեւ ապացուցվեց, որ այդ օրենքի դրույթները չեն ներկայացնում ոլորտի խնդիրներն ամբողջությամբ։ Իսկ տարիների ընթացքում քննարկվող օրենսդրական առաջարկություններն այդպես էլ մնացել են թղթի վրա եւ չեն հասել Ազգային ժողով։ Նշեմ, որ առաջարկվել են տարբեր լուծումներ եւ մշակույթի նախարարությունում քննարկումների ժամանակ, եւ մասնագիտական շրջանակներում ֆորումների, սեմինարների, տեղային եւ միջազգային բնույթի միջոցառումների ընթացքում եւ այլն։ Մենք պիտի գիտակցենք, որ հասարակությանը կրթելու հարցը պետական ազգային քաղաքականության, ազգային անվտանգության կարեւորագույն խնդիրներից է։ Կրկնում եմ՝ սա պետք է գիտակցենք։ Չէ՞ որ կրթության միջոցով է ձեւավորվում ազգային գաղափարաբանություն կրող քաղաքացին։ Այս պահին հիշեցի բանաստեղծ Ռուզան Ասատրյանի տողերում ասված հետեւյալ միտքը՝ «Արմատի վրա կրակ չեն վառում»։ Այսօր մենք դրա ականատեսն ենք… Սթափվելու պահն է, այլապես կայրենք մեր ինքնության արմատը։
– Խնդրում ենք մի փոքր մանրամասնել, թե պետությունը մշակութային, կրթական քաղաքականության հարցերում, մասնավորապես՝ գրադարանային ոլորտում, ի՞նչ պետք է անի։ Կարճ ասած՝ ի՞նչ եք ակնկալում պետությունից։
– Նշեցի արդեն մշակութային, կրթական ոչ կատարյալ օրենքների մասին, հետեւաբար պետք է վերանայել դրանք։ Միանշանակ, օրենքներն են դառնում մշակութային քաղաքականության շարժիչ ուժը։ Մեր խնդիրը միայն գրադարանային ոլորտը չէ, այլ մշակութային ոլորտի տարբեր ճյուղեր՝ երաժշտական դպրոցներից մինչեւ թանգարաններ, համերգային ու այլ կառույցներ նույնպես, եւ այլն։
– Չե՞ք կարծում, որ նման հարցերը՝ կոնկրետ գրադարաններին վերաբերող, ԱԺ պետք է հասցնի Հայաստանի գրադարանային ասոցիացիան։
– Իհարկե, գրադարանային ոլորտի համար շատ կարեւոր կարող են լինել Հայաստանի գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությունները, բայց կրկնում եմ՝ մշակութային, կրթական ոլորտը ամբողջական վերանայման կարիք ունի։ Անհրաժեշտ է միավորել պետական եւ հասարակական մշակութային կառույցների հնարավորություններն ու ուժերը եւ, այո, խնդիրները հասցնել Ազգային ժողով։ Վստահ եմ, որ նման մոտեցումը կտա լուծումներ, ունենալով ցանկալի արդյունք։ Մի բան էլ. մենք այսօր՝ քան երբեւէ, պետք է միայն առաջ նայենք, որպեսզի կարողանանք նախ պահպանել մշակութային ժառանգությունը, զարգացնել ու փոխանցել ապագային։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
06.03.2021