Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաց լեզուն եւ ռուսական քաղաքականությունը

Մարտ 08,2021 12:30

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ անկախություն ստացած հանրապետություններում մեծապես սահմանափակվեց ռուսաց լեզվի կիրառությունը, Ռուսաստանի Դաշնությունում այդ հանգամանքը դիտվեց որպես ոտնձգություն ռուսական մշակույթի եւ առհասարակ Ռուսաստանի դեմ: Այնինչ խոսքը վերաբերում է ոչ թե «դեմ»-ին, այլ հանուն ազգային մշակույթի զարգացմանը:

Թե ինչո՞ւ ռուսների դուրը չի գալիս, թող իրենք բացատրեն: Անձամբ ողջունել եմ ռուսական դպրոցների փակումը Հայաստանում, որովհետեւ այդ դպրոցների շրջանավարտներից շատերը մոռացան գրագետ հայերենը, ռուսերենն էլ կարգին չսովորեցին: Բացի այդ, ռուսաց լեզվի համատարած ճնշումը հային կտրեց իր անցյալից, ռուսախոսները հայոց լեզուն ողողեցին անիմաստ ռուսիզմներով ու բառացի թարգմանություններով՝ աղավաղելով հայոց լեզուն: Բերեմ մի օրինակ. խորհրդային շրջանում ռուսերենի հնչյունաբանության ազդեցությամբ հռոմեացի հանրահայտ հռետորին կոչեցինք Ցիցերոն՝ մոռանալով, որ 1500 տարի անընդմեջ հայ մատենագիտության մեջ օգտագործվել է Կիկերոն ձեւը (ինչպես կրկես՝ ոչ թե ցիռկ, կարկին՝ ոչ թե ցիրկուլ, կենտրոն՝ ոչ թե ցենտըռ եւ այլն):

Այսօր ռուսները մտահոգված են ռուսաց լեզվի անաղարտությամբ, բայց նրանցից ոմանք չեն ուզում, որ մենք էլ պահպանենք մեր լեզվի մաքրությունը: Խոսքն ամենեւին չի վերաբերում ճիշտ կամ սխալ գրությանը կամ տառադարձմանը, այլ ռուսական քաղաքական վերնախավի այն ավերիչ փորձերին, որ նրանք ռուսաց լեզուն վերածում են ռուսական մեծապետական ազգայնամոլությանը նպաստող գործոնի: Այդպիսիք սիրում են բոլորին մեղադրել ազգայնականության մեջ՝ «մոռանալով» իրենց թունդ ազգայնամոլությունը:

Անբացատրելի է ռուսերենի նկատմամբ մերժողական քաղաքականությունը Ուկրաինայում եւ այդ պատճառով Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու Ռուսաստանի ռազմատենչ վերաբերմունքը: Ի դեպ, եթե ռուսները ուկրաիներենը համարում են ռուսերենի բարբառ, ուկրաինացիներն էլ հակառակը՝ ռուսերենն են համարում ուկրաիներենի բարբառ կամ խոսվածք:

Անհանգստացնողը մեր քաղաքական գրագետների կրթական քաղաքականությունն է լեզվի հարցում: Նկատի ունեմ այն, որ Հայաստանում հիմնելով զուտ հայկական դպրոցներ, դրանցում չապահովվեց ինչպես հայոց լեզվի, այնպես էլ օտար լեզուների, մասնավորապես՝ ռուսաց լեզվի բավարար ուսուցում: Այնինչ մեզանում բոլոր պայմանները կային այդ խնդիրը մակարդակով կարգավորելու համար: Այսօր մեր երիտասարդության մեծամասնությունը չի կարող օգտվել ռուսական գրականության ահռելի հարստությունից, եւ ընկել ենք մի այլ ծայրահեղության՝ «անգլացավի» մեջ: Որ անգլերենը (եւ ոչ միայն) պետք է, դրանում կասկած չկա, բայց ոչ ռուսերենի կամ որեւէ այլ լեզվի հաշվին: Անհրաժեշտ է կրթական ուսուցման համակարգը լրջորեն բարեփոխել: Տասը տարի սովորում ենք օտար լեզու, բայց այդպես էլ չենք տիրապետում դրան ու ծեծում ենք կրկնուսույցների դռները։

Ժամանակին Գեւորգյան (Էջմիածին), Լազարյան (Մոսկվա), Մելքոնյան (Նիկոսիա), Մուրադ-Ռափայելյան (Վենետիկ) եւ այլ կրթական հաստատությունների շրջանավարտները գրագետ հայերենից բացի, տիրապետել են երկու եւ ավելի լեզուների: Այսօր մեր խնդիրն է արմատապես բարեփոխել հայկական դպրոցներում օտար լեզուների ուսուցումը՝ օգտագործելով նորագույն եղանակներ եւ միջոցներ, այլ ոչ թե «քերականախեղդ» անել աշակերտներին: Հայտնի է, որ առօրյա կյանքում պարզ հաղորդակցության համար մարդիկ օգտագործում են առավելագույնը 500 բառ: Սա նշանակում է, որ ճիշտ ուսուցման պարագայում երկու-երեք տարում աշակերտը կարող է տիրապետել խոսակցական լեզվին:

Ինչ վերաբերում է ռուսաց լեզվին, ապա բարեկամ Ռուսաստանը պետք է օգնի մեզ ինչպես անհրաժեշտ գրականությամբ, այնպես էլ մասնագետներով եւ դրամաշնորհներով: Դատարկ ցանկությունը, քարոզը կամ ճնշումը արդյունք չի տա։ Չի կարելի լեզվական, մշակութային մերձեցման գնալ դաշնակցին թուլացնելով կամ պարտադրելով: Եթե ռուսներն ուզում են այլ երկրներում ամրապնդվել՝ պետք է զարգացնեն գիտությունը, արվեստը, բժշկությունը, կենսամակարդակը: Այսօր շատերը կամավոր ձգտում են սովորել ճապոներեն, չինարեն, որովհետեւ շատ բան են տալիս արդի քաղաքակրթությանը: Անձամբ ես ֆիզիկա, մաթեմատիկա, փիլիսոփայություն եւ շատ բան սովորել եմ ռուսական եւ ռուսերեն աղբյուրների շնորհիվ. խորհրդային շրջանում այլ հնարավորություն փաստորեն չկա: Ես ինչպե՞ս կարող եմ դեմ լինել ռուսերենին: Բայց միաժամանակ ցավում եմ, որ ռուսերենի չափ չտիրապետեցի ֆրանսերենին, թեեւ դպրոցում, համալսարանում, ասպիրանտուրայում տասը տարուց ավելի իբր սովորել եմ:

Մեզանում ռուսաց լեզվի ուսուցումը պետք է հեռու պահել քաղաքական վայրիվերումներից։ Այն հարկ է փոխադրել պետական ու հասարակական հոգածության դաշտ՝ իբրեւ քաղաքակրթական մերձավորությամբ ու համատեղ պատմությամբ թելադրված շահավետ եւ անկեղծ մղում։

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031