Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կասկածում եմ, որ Ռուսաստանն Արցախում կմնա ընդմիշտ»

Մարտ 08,2021 13:30

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ եթե կողմերից մեկը ռուսական կողմի առաջ ռուս խաղաղապահների հեռանալու պահանջ դնի, նա հակառակորդ կողմի միջոցով իրավիճակը կսրի, այնպես կանի, որ մնա այս տարածաշրջանում:

«Առավոտի» հետ զրույցում նրան հիշեցրինք ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի եւ ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության եւ պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինի այն պնդումը, թե Ռուսաստանը, թեեւ պաշտոնապես հինգ տարով է եկել Արցախ, բայց այն կմնա Արցախում ընդմիշտ:

Արմեն Վարդանյանն էլ հղում կատարեց պատմությանը ու փաստեց՝ այդպիսի երկու պատմական դեպք կա, երբ Ռուսաստանն անսպասելիորեն հեռացել է այս տարածաշրջանից ու մանրամասնեց. «Ռուսաստանի նպատակն է ընդմիշտ մնալ Արցախում, բայց վստահ չեմ, որ նա ընդմիշտ կմնա այնտեղ: Օրինակ՝ հիշենք 1917-ը, երբ Ռուսաստանում հեղափոխություն եղավ, Ռուսաստանը դուրս եկավ Անդրկովկասից, մյուսն էլ ԽՍՀՄ փլուզումից հետո: Այս երկրի նպատակն է Արցախում զորքեր տեղակայել, որպեսզի ՀՀ-ին եւ Ադրբեջանին իրենց բռում պահեն, քանի որ միակ կոնֆլիկտը խորհրդային տարածքում, որտեղ ռուսական զորքեր չկան տեղակայված, ղարաբաղյան հակամարտությունն էր: Ուկրաինայում, Դոմբասում, Մոլդովայում, Վրաստանի տարածքում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում կան տեղակայված ռուսական զորքեր, եւ դրա շնորհիվ այդ երկրները չեն կարողանում Արեւմուտքին ավելի շատ ինտեգրվել: Այսինքն՝ ռուսական զորքերը ոչ թե խաղաղարարներ են, այլ ավելի շատ մահակի դեր են ստանձնում»:

Ըստ Արմեն Վարդանյանի՝ դրա համար էլ ռուսական կողմն ամեն ինչ անում էր, որ իրականացվի Լավրովի պլանը, եւ Արցախի տարածքում էլ ռուսական զորքեր տեղակայվեն, որին, ի վերջո, հասան:

Մեր փաստմանը՝ այս իրավիճակում, երբ Թուրքիայի Սպարտա քաղաքում մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժություն, մյուս կողմից՝ մեր իշխանությունն անվտանգության ապահովման նկատելի քայլեր չի ձեռնարկում, ընդհակառակը, հայտարարություններ ենք լսում՝ իսկ ո՞վ էր ասում՝ դրանք հայկական տարածքներ են եւ հարցին՝ այս իրավիճակում իրատեսական համարո՞ւմ ենք, որ հնարավոր կինի՝ ՌԴ-ն գնա այս տարածաշրջանից, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Առաջիկա հինգ տարում Ռուսաստանը կարծում եմ կմնա: Դրանից հետո ամեն ինչ կանի, որ մնա: Եթե հանկարծ կողմերից մեկը համարձակվի պահանջել ռուսական զորքի դուրսբերումն այդ տարածքից, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի համաձայնագրով, կարծում եմ՝ իրենք արհեստականորեն այնպիսի իրավիճակ կստեղծեն, որ դուրս չեն գա: Կողմերից մեկը, եթե նման պահանջ դնի ռուսական կողմի առաջ, նա հակառակորդ կողմի միջոցով իրավիճակը կսրի, այնպես կանի, որ մնա այստեղ»:

Մեր դիտարկմանը՝ ՀՀ-ի ու Արցախի շուրջ բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծվել. ՀՀ-ում ներքին անկայունություն, բանակի հետ կապված խնդիրներ կան եւ հարցին՝ չե՞ք կարծում, որ նաեւ մեզ համար է անվտանգության երաշխիք ռուս խաղաղապահների ներկայությունը, քաղաքագետը պատասխանեց. «Ինչ-որ առումով, այո, բայց նաեւ դա այնպես չէ, որ հարյուր տոկոսանոց երաշխիք է, մանավանդ խաղաղապահների գործունեությունն ամբողջ աշխարհում միշտ չէ, որ դրական արդյունքներ է տվել: Երկրներ են եղել, որտեղ խաղաղապահների ներկայությամբ ցեղասպանություններ են տեղի ունեցել: Օրինակ՝ աֆրիկյան երկրներում, նույնը նաեւ ռուս խաղաղապահների մասով է: Իհարկե, չենք կարող հարյուր տոկոսանոց համոզվածությամբ պնդել, որ նրանք մշտապես ապահովելու են մեր անվտանգությունը կամ մեր հաշվին պայմանավորվածության չեն գնա Ադրբեջանի հետ, բայց դրա համար ՀՀ-ն պետք է օր առաջ քայլեր ձեռնարկի՝ վերականգնելու մեր բանակի մարտունակությունը, կորցրած զինտեխնիկան փորձենք համալրել, ամեն ինչ անենք, որ մենք մեր սեփական անվտանգության երաշխավորը լինենք առաջին հերթին, հետո ռուսական կողմը»:

Նկատեցինք՝ համենայնդեպս, ներկայիս իշխանությունների պահվածքը եւ հայտարարություններն այս առումով հուսադրող չեն, օրինակ՝ հայտարարությունները Սյունիքի հետ կապված: Արմեն Վարդանյանն արձագանքեց՝ այս իշխանությունները համարժեք չեն գնահատում իրավիճակը. «Շատ հաճախ իրենք իշխանական աթոռն ավելի բարձր են գնահատում, քան Հայաստանի անվտանգությունը: Մենք տեսնում ենք՝ մի ոչ լուրջ դրվագով կարող է Գլխավոր շտաբի պետի տեղեկալը հեռացվել, դրանից հետո Գլխավոր շտաբի պետը: Սա իշխանությունների գործելաոճն է: Ցավոք, այս իշխանությունն այդպես էլ չհասունացավ այն աստիճան, որ լիովին հասկանա մեր անվտանգային խնդիրները: Կամ էլ հասկանում է, բայց նրա համար առաջնայինն իր՝ իշխանության մնալն է»:

Հարցին՝ Սյունիքի վերաբերյալ հայտարարություններն ինչպե՞ս կմեկնաբանեք, օրինակ՝ իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը կարծես արդարացնում է, որ Սյունիքի սահմանները նման մտահոգիչ կերպով են գծագրվել՝ հիմնավորելով, թե GPS-ը չի որոշում՝ որտեղ է գտնվում քո սահմանը. հարցը ոչ թե GPS-ն է, այլ այն, թե որտեղ է գտնվում մեր Սյունիքի սահմանը, Արմեն Վարդանյանն այսպես պատասխանեց. «Ռուսաստանի ճնշմամբ յոթ շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին, եւ հենց այս տրամաբանության շրջանակում էլ եթե յոթ շրջանը հանձնվում է, դրանց մեջ է մտնում նաեւ Կուբաթլուի, Զանգելանի շրջանը, որը բուն ՀՀ-ի հետ է սահմանակցում: Բայց այստեղ զարմանալի է, որ ՀՀ իշխանությունները հենց այնպես մի քանի հարյուր կիլոմետր նահանջել են, եւ դրա դիմաց ըստ էության ոչ մի բան չենք ստացել: Դրա համար, միանշանակ, այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնց իշխանությունները նորմալ չեն պատասխանում, եւ մենք անընդհատ անակնկալների առաջ ենք կանգնում: Օրինակ՝ այդ գրավոր փաստաթուղթը, երբ պարզ դարձավ, որ Կապան-Գորիս ճանապարհահատվածի հետ կապված գրավոր փաստաթուղթ կա, մինչդեռ իշխանությունը երկար ժամանակ հայտարարում էր, որ բանավոր փոխըմբռնում, պայմանավորվածություն է եղել. որեւէ գրավոր փաստաթուղթ չկա»:

Արմեն Վարդանյանի կանխատեսմամբ՝ լարված այս իրավիճակը բավականին երկար կտեւի, եթե ՀՀ-ում չլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իշխանությունը պետք է հասկանա, որ իրավիճակի հանգուցալուծման, լիցքաթափման միակ ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ըստ քաղաքագետի՝ միայն այդ դեպքում այս իրավիճակը փոքր-ինչ կկայունանա, այլապես մենք ամիսներով ունենալու ենք քաղաքական ճգնաժամ, լարվածություն, փողոցային բողոքի ցույցեր եւ այլն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031