Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառումը
19-ամյա Նաիրի Ղուկասյանն էլ սրբադասվեց… նրա մասունքն էլ հինգ ամիս անց վերադարձավ, այսօր հանգրվանեց հայրենի քաղաքի պանթեոնում:
Մեկ օրվա մեջ քաղաքն իր գիրկն առավ երեք անմահացած հերոսի մասունք:
Լրիվ պատանի, բայց ինձ ցնցեց Նաիրիի ուշագրավ վարքը՝ զոհվելուց առաջ:
Նաիրին վիրավոր էր, 250-300 հոգանոց ջոկատը Ֆիզուլիի տարածքում հայտնվել էր ծուղակում և ռմբակոծվել թշնամու կողմից:
Երբ թշնամու ջոկատն արդեն գերեվարում էր ողջ մնացած 40-50 հոգի մեր զինվորին, Նաիրին, ով թեթև վիրավոր էր, կարող էր դեռ փրկվել, հրաժարվեց գերի ընկնելուց, հասցրեց հեռախոսը փոխանցել գերության մեկնող ընկերոջն ու ասել.
-Եթե ողջ վերադառնաս, կտաս մորս, ասա՝ ներիր, մամ, ես չկարողացա վերադառնալ…
Նաիրին մինուճար էր, որբությամբ մեծացած…..
Թշնամու զինվորները տեղում գնդակահարեցին Նաիրիին, մյուս վիրավորներին, ապա՝ գերեվարվածների աչքի առաջ 200 զոհերի վրա բենզին լցրեցին, այրեցին:
Մնացորդները փաթաթեցին ցելոֆանի մեջ, հողի մեջ թաքցրին:
Ամիսներ շարունակ հարազատները Նաիրիին փնտրում էին ողջ մնացած գերիների մեջ, սպասում նրա վերադարձին… գերության տարված ընկերները հնարավորություն չունեին պատմելու նահատակված ջոկատի մասին…
Օրեր առաջ նրանցից մեկը, ում հեռախոս էր տվել Նաիրին, վերադարձավ. պատմեց… Նաիրիին ու մյուսներին սկսեցին փնտրել զոհերի մեջ… ու՝ գտան…
Կարդացեք նաև
Այսօր հուղարկավորելիս մարդիկ նկատեցին մի մեծ արկղ, զարմացան, որ դա էլ պետք է դրվեր Նաիրիի կողքին:
Պարզվեց՝ սեպտեմբերի 26-ին մայրն էր պատրաստել այն՝ ուղարկելու ծառայող որդուն. քաղցրավենիք էր, շոկոլադի սալիկներ, չոր մրգեր:
27-ին զանգահարել էր որդուն, հարցրել, թե ի՞նչ հասցեով ուղարկի. Նաիրին մորն ասել էր՝ պատերազմ է սկսել, մամ, չուղարկես, չգիտեմ՝ մեզ ուր կտանեն…
Մայրը խնամքով պահել էր արկղը, որ նրա 20-ամյակին՝ հունվարին ուղարկեր…
Ուղարկեց:
Ինչպե՞ս ասես՝ ննջիր խաղաղությամբ. հողը տնքում ու եռում է վրեժի ծարավից….
Հավերժ փառք, հերոս…
Արմինե Պողոսյանի ֆեյսբուքյան էջից