Տավուշի մարզի Գանձաքար գյուղի դպրոցը 1960 թվականի կառուցումից հետո ոչ մի անգամ չի վերանորոգվել։
Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Անուշ Մեհրաբյանը պատմեց, որ երկու տարի առաջ ՀՀ կառավարությունից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանից այցելել են ու դպրոցի շենքը ճանաչել վթարային։
«Սա սեյսմիկ անվտանգության ծրագրի շրջանակներում է իրականացվում, որը իրականացնում է ՀՀ կառավարությունը Ասիական բանկի ֆինանսավորմամբ։ Երկու տարի առաջ տարբեր նախարարություններից կազմված խումբ եկավ և ուսումնասիրում էին Տավուշի մարզում գտնվող բոլոր դպրոցները, որի արդյունքում մեր դպրոցը հայտնվեց ծրագրում»,-նշել է դպրոցի տնօրենը։
Մեհրաբյանի խոսքով՝ դպրոցի կառուցման համար նախնական նշանակվել է 20 ամիս, իսկ այդ ընթացքում մոտ 500 աշակերտ ունեցող դպրոցը կտեղափոխվի գյուղապետարանի կողմից տրամադրվող ժամանակավոր կառույց․ «Այս ամառ սկսվելու են դպրոցի կառուցման աշխատանքները, և դպրոցը լինելու է միջազգային ստանդարտներով դպրոց, որտեղ անգամ կահույքի 90 տոկոսը կլինի նոր։ Այս դպրոցը կդառնա երազանքի դպրոց»։
Կարդացեք նաև
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ