Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ կիրակի՝ մարտի 7-ին, Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը։
Ըստ Առուշ Առուշանյանի, Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին անդադար պիտի զգա, որ մենք միասնական ու համախմբված կերպով ոչ միայն մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին ենք, այլև շարունակելու ենք շենացնել մեր բնակավայրերը։
«Դրոշը մեր պետականության, մեր լինելիության, մեր արժանապատվության խորհրդանիշն է: Շուռնուխում բարձունքի վրա տեղադրված դրոշը, ի տես մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամու, հենց այդ խորհուրդն ունի: Եռագույնը՝ երկնքի հետ ներդաշնակվելով, վերահաստատեց, որ Սյունիքը անկոտրում է, Սյունիքը պատվար է, իսկ Սյունիքի ոգին՝ անսասան… Սյունիքի շուրջ քաղաքական շահարկումներն անիմաստ են, որովհետև դարերով կուտակված հզոր ավանդույթներ կան այստեղ, հայի ու հայկականության հզոր արմատներ…»,–ասում է պատմաբան Գրիշա Հարությունյանը։
Կարդացեք նաև
Լրագրող, «Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ–ի նախագահ Էլմիրա Բալասանյանի կարծիքով էլ հայրենիքը սեր է, նրան պիտի սիրես, փայփայես ու այդ զգացումները դաստիարակես եկող սերունդների մեջ: «Այսպիսի միջոցառումները ինքնին ունեն դաստիարակչական նշանակություն: Հայրենիքը որտեղից է սկսվում : Հենց այստեղից՝ Շուռնուխից, որի վրա հայը ամուր է կանգնած: Վկան այս միջոցառումն ու դեպի կապույտ երկինքը վեր ձգվող եռագույնը»,–ասաց Էլմիրա Բալասանյանը:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ