Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր շտաբը մինչ այժմ բավարարվում է միայն անարդյունավետ հայտարարություններով․ Դավիթ Շահնազարյան

Մարտ 07,2021 19:31
David Shahnazaryan

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը ս. թ. փետրվարի 25-ի հայտարարությամբ արձանագրել է, որ գործող իշխանությունները «երկիրը հասցրել են կործանման եզրին»: Փաստելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», ՀՀ զինված ուժերը պահանջեցին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի այդ հայտարարությունը պայմանավորված էր իրենց սահմանադրական պարտականությունների կատարման հրամայականով, քանի որ ըստ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ի մասի, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Զինված ուժերի սահմանադրական պարտականությունն է անհապաղ չեզոքացնել իր իսկ կողմից մատնանշված սպառնալիքը: Այդ խնդիրն իրականացնելու համար ԳՇ-ի տրամադրության տակ են առավել քան բավարար միջոցներ, քանի որ Պաշտպանության մասին օրենքի համաձայն «ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը» (ոստիկանության զորքերը, սահմանապահ զորքերը, պետական պահպանության ծառայությունը և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները) և դրանք գտնվում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո:

Հայոց պետականության համար ճակատագրական այս իրավիճակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պարտավոր էր անմիջապես միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և պաշտպանությանը սպառնացող մեծագույն վտանգը վերացնելու համար և ձերբակալել վարչապետ Փաշինյանին և կառավարության անդամներին:

ԳՇ-ը մինչ այժմ բավարարվում է միայն անարդյունավետ հայտարարություններով: ԳՇ-ն և ԳՇ պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, խուսափելով վերացնել պետականությանը սպառնացող մեծագույն վտանգը և չձերբակալելով վարչապետ Փաշինյանին և ՀՀ կառավարության անդամներին՝ շարունակում են դրսևորել քրեորեն պատժելի հանցավոր անգործություն:

 

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031