Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԱԾ-ի պարզաբանումը Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց՝ ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ

Մարտ 07,2021 17:17

Սոցիալական ցանցերում այսօր տեսանյութ էր տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայով շրջում Կապանով և քաղաքի մերձակայքով ու տեսանկարահանում շուրջբոլորը։ Խոսողներից մեկն ասում է. «Մտնենք քաղաք, նկարենք, մեր ձեռքում տեղեկություն լինի, թե ինչ կա, ինչ չկա»։ Ամբողջ տեսանյութի ընթացքում նկարահանողը նկարագրում է, թե ինչ է երևում կադրերում, օրինակ գազալցակայան, բջջային կապի անտենա, շենքեր, ռուսական զինուժի տեղակայման վայր եւ այլն:

Ավելի ուշ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութի կապակցությամբ հանդես եկավ պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք ստորև․

ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:

Անհրաժեշտ է կրկին ընդգծել, որ ինչպես նշված, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի:

Հերթական տարաբնույթ շահարկումներից խուսափելու նպատակով և ի հավելումն 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված հայտարարության տեղեկացվում է նաև, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:

Այս հատվածի վերաբերյալ ևս լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն համապատասխանում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է և ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող տեղեկություններին՝ զերծ մնալով նաև վերջիններիս տարածումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031