Այն տեղեկությունը, որ ադրբեջանցի զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, կեղծ են և մարդկանց շփոթեցնելու միտում ունեն։
Այս մասին գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը իր ֆեյսբուքյան էջում՝ հերքելով ՀՀ նախկին վարչպետ Հրանտ Բագրատյանի տարածած այն տեղեկությունը, թե իբր Ազատամուտ համայնքում որոշ հատվածներ անցնելու են Ադրբեջանին։
Մարզպետը վստահեցրել է, որ Տավուշի և Հայաստանի Հանրապետության սահմաններն անառիկ են և նման տեղեկություններ տարածելը անձնական վիրավորանք է Տավուշի ժողովրդի հասցեին.
«Շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։ Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին։ Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին, անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն»։
Կարդացեք նաև
Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ պնդելով, որ այս պահին ադրբեջանցի զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում, որպեսզի տեղացիներն իրենց գոմերն ու տները տանեն գետից այն կողմ։
«Հիշեցնում եմ, հայ-ադբեջանական սահմանի այս հատվածում ոչ մի պատերազմ չի եղել։ Այն այնպիսին է, ինչպես առաջ էր։ Կա Բարխուդարլի կայարանի խնդիր։ Բայց Ադբեջանն էլ մեզնից գրավել էր Բարխուդարլուից մի 20 անգամ ավելի մեծ տարածք՝ Արծվաշենը։ Բնական է, Արծվաշենը մեզ ետ տալու մասին խոսք չկա։ Հիմա Նիկոլը դավաճան է և ադբեջանա-թուրքական գործակալ. սա հասկացանք։ Բայց այս դեպքում խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունն է։ Եվ դրա երաշխավորը ՀՀ նախագահն է։ Դե գնա մի թող»,- նշված է Բագրատյանի գրառման մեջ։
Ավելացնենք, որ հերքումով հանդես էր եկել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով․
«Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»: