Այսօր ՀՀ նախագահի եւ Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի միջեւ կայացած հանդիպման առիթով Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ քննարկվել են երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությանն ու հանգուցալուծմանն առնչվող հարցեր։
«Մեր կողմից վերահաստատվել է նախկինում արդեն հայտարարված դիրքորոշումը, որ երկրի նախագահը պետք է լիարժեք կատարի ՀՀ Սահմանադրությամբ արձանագված, ՀՀ Սահմանադրական դատարանի մինչ այժմ ընդունած որոշումներով սահմանված իր իրավունքներն ու պարտականությունները։ Արմեն Սարգսյանին փոխանցվել է, որ նա պարտավոր է սահմանված ժամկետներում ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկման մասին Փաշինյանի միջնորդությունը։ Մեր դիրքորոշումը ներկայացրել ենք հստակ եւ ուղիղ»,-ասաց պարոն Սաղաթելյանը:
Նրա խոսքով, այժմ արդեն իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է գործել Արմեն Սարգսյանը. «Կրկնում եմ` սահմանադրական լիազորությունների շրջանակներում ՀՀ նախագահը պարտավոր է իրականացնել ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրական պահանջները, որից էլ կբխեն մեր գործողությունները եւ հետագա քայլերը»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ