ԱԺ-ում առաջին ընթերցմամբ անցել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը մասնագիտական շրջանակներում դժգոհությունների տեղիք է տվել՝ օրենքի նախագծում առկա մի շարք վիճելի կետերի պատճառով:
Անգամ հպանցիկ ծանոթությունը սույն օրենքին առաջացնում է մի շարք հարցեր, որոնք, բնականաբար, պատասխաններ են ակնկալում: Եվ այսպես.
Սկսենք ձևակերպումներից.
1. «ՀՀ-ում գործող բուհերի ու գիտական կազմակերպությունների տարատեսակների, դրանց դասակարգման չափանիշների և պահանջների սահմանումը վերապահված է ՀՀ կառավարությանը»:
Հարց՝ արդյոք սահմանումը չպե՞տք է տա սույն օրենքը:
Կարդացեք նաև
2. «Հանրային (պետական) բուհ՝ պետության կողմից միանձնյա կամ միջպետական պայմանագրի հիմքով համատեղ հիմնադրված ոչ առեւտրային կազմակերպություն»:
Հարց՝ արդյո՞ք պետության կողմից հիմնադրված ցանկացած ոչ պետական կազմակերպություն բուհ է։
3. «Մասնավոր բուհ՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից (այդ թվում՝ օտարերկրյա), հիմնադրված կազմակերպություն»:
Հարց՝ արդյո՞ք ցանկացած կազմակերպություն բուհ է:
4. «Գիտության ոլորտ՝ գիտահետազոտական եւ գիտատեխնիկական գործունեության իրականացումն ապահովող տնտեսության ոլորտների ամբողջություն»:
Հարց՝ այսինքն` ի՞նչ է նշանակում տնտեսության ոլորտների ամբողջություն և արդյո՞ք դա գիտության ոլորտ է:
5. «Սոցիալական գործընկեր` բուհի, գիտական կազմակերպությունների եւ գործատուների միջեւ համընդհանուր համաձայնեցված նպատակների իրականացմանը միտված գիտական, աշխատանքային, գործընկերային ու սոցիալական համագործակցության դրսեւորման ձեւ»:
Հարց՝ արդյո՞ք գործընկերը դրսևորման ձեւ է:
6. Օրենքում «գիտական խորհուրդ», «մասնագիտություն», «մասնագիտական ոլորտ» «դասախոսական կազմ», «դասախոս», «ուսումնական գործընթաց» և այլ ընդունված ու ծանոթ հասկացությունները վերացել են և փոխարենը ամբողջ օրենքը «ակադեմիական» է: Դա դեռ բավարար չէ, բուհը պետք է ունենա «ակադեմիական ազատություն»: Շատ հետաքրքիր է՝ ինչպե՞ս:
Հարց՝ ի՞նչ տրամաբանությամբ են վերացել ընդունելի հասկացությունները և փոխարինվել թարգմանություններով:
7. Ի՞նչ են հասկանում օրենքի հեղինակները «գիտահետազոտական, գիտատեխնիկական և աշխատանքային կրեդիտների (չափանիշների) համար», «սոցիալական փոխհատուցում», «ակադեմիական առավելություն», «բարձրագույն կրթության շրջանավարտների և ձեռք բերված արդյունքների մրցունակություն», «կրեդիտների կուտակման վերջնարդյունքների ձեռքբերման գնահատում»,«նախաձեռնողականության գնահատում», «ուսումնամեթոդական կանոններ», «շրջանավարտների փոխճանաչման շրջանակ», «արտաքին գնահատման վկայագիր», «բուհի ընդունելության շրջանակ»,«ընտրանքային գործընթաց» «հայ ազգային արվեստ…», «հետազոտահենք», «հավաստման կառույց» ասելով:
Իսկ ի՞նչ տարբերություն «ուսումնառության վարձ» և «ուսման վարձ» արտահայտությունների միջև:
8. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար բարձրագույն կրթություն ստանալու կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ապահովում»:
Հարց՝ ի՞նչ է սա ենթադրում:
9. Բացարձակ անհասկանալի է ինչ հիմքով են բուհերը զրկվում արդեն ստացած լիցենզիաներից, ապա նորից ստանում, հետո անցնում ինստիտուցիոնալ հավատարմագրման, ապա ծրագրային հավատարմագրման: Մեր տեղեկություններով, այդ բոլոր գործընթացները ֆինանսական լուրջ բեռ են բուհի համար:
Հարց՝ ի՞նչ նպատակով է արվում այս ամենը և ինչ հետևանքներ կունենա բուհերի համար:
10. Սույն օրենքով սահմանված է, որ լիազոր մարմնի ղեկավարը` ասել է թե ԿԳՄՍ նախարարը, նշանակում է բուհի կառավարման խորհրդի 9 անդամներից 5-ին, այսինքն անդամների 50 տոկոսից ավելին, որը բուհը դարձնում է կառավարելի և վերահսկելի՝ ըստ էության զրկելով բուհին ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործելու հնարավորությունից։
Հարց՝ արդյո՞ք սա բուհերի ինքնավարության սահմանադրական նորմի խախտում չէ և չի հակասում ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին, ըստ որի. ‹‹Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»։ Ընդ որում, որ կառավարման խորհուրդներում փաստորեն ընդգրկված չեն ուսանողները:
11. Առաջին հայացքից թվում է, որ օրենքը տարածվում է ՀՀ-ում գործող բոլոր բուհերի վրա։ Սակայն հետագա ձևակերպումները հիմք են տալիս ենթադրելու, որ առկա են բազմաթիվ բացառություններ և ենթադրվում է, որ նման քանակով բացառությունների դեպքում օրենքը չի կարող կոչվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենք:
Հարց՝ արդյո՞ք պետք չէ լուրջ վերանայել Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքը՝ թողնելով միայն այն հոդվածները, որոնք տարածվում են բոլոր բուհերի վրա առանց բացառության:
12. Ըստ էության վերանում է ուսանողների փոխատեղման երևույթը /ռոտացիան/:
Հարց՝ արդյո՞ք սա չի ստեղծի անարդար պայմաններ ուսանողներ միջեւ և չի հասցնում մրցակցային միջավայրի բացակայության: Պարզ է, որ ընդունելության քննությունների գնահատականները շատ հաճախ չեն արտացոլում ուսանողի ունակությունները, և արդյունքում բազմաթիվ սովորող ուսանողներ, որոնց առաջադիմությունը կլինի ավելի բարձր, չեն ստանա կրթաթոշակ, մինչդեռ ռոտացիան նպաստում է սովորողների առաջադիմությունը:
13. Ուսանողների նախաձեռնությամբ բուհում կարող են ստեղծվել ուսանողական տարբեր կառույցներ և միավորումներ։
Հարց՝ ի՞նչ նպատակ է հետապնդում ուսանողական միավորումների ստեղծումը օրենսդրությամբ հաստատելը, եթե կա ուսանողական խորհուրդ:
14. Օրենքում դրվում են տարիքային սահմանափակումներ` մինչև 65 տարեկան:
Հարց՝ արդյոք հակասություն չկա ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված տարիքից կախված խտրականության արգելքի սկզբունքի հետ:
15. Արդյոք անհրաժեշտության չկա՞ լուրջ վերանայել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը Ազգային ժողովի երկրորդ ընթերցմանը ներկայացնելուց առաջ: Եվ վերջապես, արդյոք պարտադիր պայմա՞ն չէ գրագետ օրենքի հաստատումը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ