«Ինչ կպատահի կենդանի մարդու կամ մի ամբողջ երկրամասի հետ, երբ կտրես նրա արյունատար անոթները։ Այո՛, նրան կօժտես անխոցելի անվտանգությամբ՝ սա է Փաշինյանի իշխանության երկաթյա տրամաբանությունը։ Ահա՝ ինչ է ստացվում, երբ երկրի սահմանադրության փոխարեն գերադասում ես հարազատ մնալ GPS-ի տառին եւ ոգուն։ Ի գիտություն՝ այս գլոբալ համակարգի արհեստական բանականությունը չի աշխատում հայ ժողովրդի շահերի ալգորիթմով» ,- սա մեջբերում է «Քաջեր եւ քաջքեր» փաստավավերագրական ֆիլմից, որը երեկ՝ մարտի 7-ին ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում։
Սցենարի հեղինակն ու ռեժիսորը հայտնի լրագրող, վավերագրող Վարդ Սիմոնյանն է։ Վերջինս հետաքրքիր ու յուրօրինակ դիտակետից էր վավերագրել Արցախյան վերջին պատերազմն ու Սյունիքի ինքնապաշտպանությունը։
Որոտանը ընկալվեց որպես երկու իրարամերժ քաղաքակրթությունների այն սահմանը, որն այսօր չսանձահարվելու դեպքում կմոլեգնի ողջ աշխարհով մեկ։ Թերեւս այս ահազանգն էր գուժկան զանգի պես հնչում ֆիլմում։
Կարդացեք նաև
Փաստերով ներկայացվեց, թե ժամանակին Որոտան գետը ինչպես է ջրի երես հանում նոր գծված արյունոտ սահմանների ողջ պարադոքսը։ Ֆիլմը խաղարկային եւ վավերագրական տարրերի համադրությամբ արծարծեց նաեւ այն միտքը, որ նոր ժամանակի այս Ռուբիկոնի 21 կմ երկարությամբ գետանցը բնավ էլ չի խոսում մեկ առանձին էթնոսի գոյաբանությունից։ Այն քանդում, առերեսում է բնիկ ինքնությունների եւ 50 ժողովուրդ կուլ տված քաջքի քաղաքակրթական բախումը։
«Քաջեր եւ քաջքեր» ֆիլմը վավերագրել էր ոչ միայն պատերազմի մարմինը, այլեւ՝ ոգին։ Քաջարանի կամավորականների օրինակով ցույց տրվեց, թե ինչպես քաղաքն իր հրամանատար-համայնքապետ Մանվել Փարամազյանի մեկ մարտակոչով շարվեց հրապարակում եւ մեկնեց ռազմաճակատ։ Պատերազմի օրերին առանց պետական որեւէ աջակցության քաջարանցիները կարողացան անառիկ խրամատներ կառուցել, զինվել եւ դիմակայել ընդամենը 2 կմ հեռավորության վրա հայտնված թշնամուն։ Ու օրեր անց այդ պաշտպանական, համառ բարձունքները հանձնելու հրաման է հնչում սեփական կառավարությունից։
Ընդհանրապես, «Քաջեր եւ քաջքեր» ֆիլմը սուր դրամատուրգիա ունի, եւ սա ոչ միայն ընթացող իրադարձությունների դրամատիզմի, այլեւ ֆիլմի հեղինակների գեղագիտական լուծումների արդյունք է։ Ռեժիոսոր Վարդ Սիմոնյանի խոսքով, ֆիլմը, այնուամենայնիվ, կազմակերպված հանցագործության մի տեսակ է, ճաշակի, ասելիքի յուրօրինակ բռնություն։
Հետաքրքիր է, որ ֆիլմում ոչ մի անգամ չհնչեց պարտություն բառը։ Aravot.am-ի այն հարցին, արդյո՞ք խուսափել են իրերն իրենց անունով կոչել, Վարդ Սիմոնյանը ասաց․ «Գիտեք, այդ մասին ուղիղ տեքստով խոսում է ֆիլմը։ Այնտեղ ասվում է բառացի՝ այդ պատերազմում չեն կարող լինել հաղթող եւ պարտվող կողմեր, հաղթում է նա, ով մարտադաշտում չէ եւ ուղղակի՝ հեռակառավարում է գլադիատոր երկրների արյունահեղությունը։ Իսկ ընդհանրապես, պատերազմն այլ բան չէ՞, քան բռնի բալանսավորում, այն ամենի, ինչը չի զորում խաղաղությունը։ Երբ միտքը՝ դիվանագիտությունը, պարտվում է, ստիպված ես պատերազմ խուժել միանգամից մի քանի երկրի անվտանգային նոխազի դերակատարմամբ։ Այս արյունահեղությանը մի քիչ դժվարանում եմ անգամ պատերազմ կոչել, սա այնքան տարփողված քաղաքակրթությունների ահարկու բախումն է՝ մետաղի աճուրդ երկնքում, որի կառավարման հետ Ալիեւն այնքան կապ ունի, որքան ես ասենք՝ Սեւաստոպոլի ռազմածովային էսկադրիլայի։ Ուրեմն՝ որտե՞ղ տեղավորեմ պարտություն բառը»։
Վարդ Սիմոնյանը չէր կասակածում, որ «Քաջեր եւ քաջքեր» ֆիլմը հաջողություն կունենա, բայց չէր հավատում, որ այս օրերին դահլիճը «անշլագ» կլինի։ Մեր զրուցակիցը չցանկացավ բացել փակագծերը՝ հետագա ծրագրերի մասին՝ նշելով միայն, որ ֆիլմ է պատրաստվում նաեւ Գորիսի մասին։ «Գորիսի մասին պատմող ֆիլմը մոնտաժման փուլում է, ի դեպ, ես սյունեցի եմ, Տաթեւից եմ արմատներով, բայց Քաջարանում եմ ծնվել»,–ասաց Վարդ Սիմոնյանը։
Լուսանկարները՝ Նվեր Զելյայի
Արմեն ԴԱՎԹՅԱՆ