Լրահոս
Օրվա լրահոսը

20+1. Դեպի Սպիտակ խոշորացում

Մարտ 07,2021 14:15
lori

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում այս տարի՝ 2021 թ.-ին նախատեսվում է համայնքների միավորում, եթե կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները նոր խնդիրներ չառաջացնեն:

Նախնական փնջային տարբերակով Սպիտակ, Շիրակամուտ, Մեծ Պարնի խոշոր համայնքները պետք է լինեին կենտրոնները: Բայց բնակիչների հետ հանդիպումներից հետո նախագիծ է մշակվել 20 համայնքներ միացնելու Սպիտակ քաղաքին՝ շրջանային տարբերակով:

Ուշագրավ բացահայտում արեցինք, երբ շրջեցինք այդ համայնքներում՝ պարզելու, թե բնակիչները որքանո՞վ են իրազեկված խոշորացման ծրագրի մասին, գիտե՞ն` ինչ է իրենց սպասվում: Փոքր համայնքներում, որոնք ամենաշատն են շահելու միավորման արդյունքում, մարդիկ զարմանալիորեն ավելի շատ էին ընդդիմանում խոշորացմանը, քան մեծ համայնքներում:

«Գյուղ կա՝ ցեխաջրերի գոմաղբի մեջ կանգնում է ու ասում է՝ այսպես լավ է, չխոշորացնեք, թողեք ոնց կա՝ ապրենք: Չեն պատկերացնում իրենց կյանքը ինչպես կարող է փոխվել: Գյուղում մշակույթի տուն, մանկապարտեզ կարող է ավելանալ: Ասում են՝ աղբահանությունը նորմալ է, ունենք, բայց դա իրականացնում են բահերով ու բեռնատար մեքենաներով, ոչ ժամանակակից տարբերակով»,-արձագանքեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքերի նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Շենավանը փոքր համայնք է, 545 բնակիչ ունի: Բյուջեն մոտ 12 մլն դրամ է՝ դոտացիայով: Այս պահին գյուղի առաջնային խնդիրն է ոռոգման ջրագիծը նորոգելը: Համայնքը նորմալ տեխնիկա չունի, 2 տրակտոր կա, բայց կոնկրետ մեկն է աշխատում: Բայց Շենավանի համայնքապետ Մխիթար Մխիթարյանը պնդում է. «Ժողովրդի մեծամասնությունը խոշորացում չի ուզում, մտածում է, եթե խոշորացում եղավ՝ առաջինը իրենց նախընտրած համայնքներում ծրագրերը կիրականացնեն, մեր գյուղը կանտեսեն: Թղթաբանության հետ կապված հարցեր կլինեն, որովհետեւ վարչական ղեկավարը իրավասու չի լինի բոլոր հարցերը տեղում լուծել»:

Գոգարանի բնակիչներն ասում են. «Մեր համայնքն ապրում է իր բնականոն կյանքով, խոշորացնես, չխոշորացնես՝ նույն բանն է, ոչ մի բան չի փոխվելու: Մենք մեր գյուղապետն ունենք, եթե մի հատ տեղեկանք է պետք լինում, վերցնում ենք ու «ակուրատնի» գնում մեր գործին: Խոշորացումը ոչ մի բան չի փոխելու, կարող է երկու աշխատավարձի փայաբաժին ավելանա»:

Շենավանի բնակիչները գտնում են, որ խոշորացման հաջողությունը կախված է մեկ մարդուց, թե ով կլինի խոշորացված համայնքի ղեկավարը. «Հիմա բերում են, ավագանի պիտի ընտրենք. Սպիտակ քաղաքը 5000 բնակիչ ունի, նրանք ընտրելու են սպիտակցիներին, մենք ունենք 500 բնակիչ, 5000-ը որտեղ, 500-ը՝ որտեղ, նրանց թեկնածուն կանցնի, մերը չի անցնի ու իրենց ձայնը լսելի կլինի: Մենք անտեսված մի բան ենք դառնալու»:

Գիլոյանը հակադարձում է, որ այդ խտրական մոտեցումը հիմա էլ կա. «Բողոքում են խտրական մոտեցումից, բայց գյուղապետն էլ է նույն խտրական մոտեցումը ցուցաբերում, իր հորեղբոր որդուն, մորաքրոջը, բարեկամներին ձեւակերպում է համայնքային աշխատող, համայնքային հողերը տալիս է նրանց: Գյուղապետը հարկերը չի հավաքում, ասում է՝ իմ ընտրողից ո՞նց փող վերցնեմ: Խոշորացման արդյունքում այդպիսի մոտեցումը կբացառվի: Գյուղը գրադարան չունի, բայց մի փլված գրադարանում գյուղապետն իր զոքանչին, իր բարեկամին է դնում ու աշխատավարձ դուրս գրում: Այդպիսի ուռճացված հաստիքներ մեզ պետք չեն: Խոշորացման արդյունքում ստվերը կրճատվում է»:

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի կարծիքով համայնքների միավորման արդյունքում նաեւ պետությունն է միջամտում՝ սուբվենցիոն ծրագրերի առումով ու ինչքան շատ գումար ունենան, այնքան ավելի շատ աշխատանք կկատարեն. «Մեծ համայնքների համար դա բերելու է մեծ բեռ, բայց պետության շահերից է ելնում, սա առաջընթացի ճանապարհն է»:

Մեծ Պարնիի համայնքապետ Գագիկ Պալյանը գտնում է, որ մեծ համայնքները տուժելու են: Շիրակամուտի բնակիչ Սիրվարդ Նասիբյանը այսպես է պատերացնում խոշորացումից հետո իր կյանքը. «Կաթի զավոդ կունենանք, 40 հատ անասուն կպահենք, կաթը հանձնենք տեղում, շատ լավ կլիներ»:

Առաջարկում ենք դիտել «20+1. Դեպի խոշորացում» ֆիլմը, որն արտացոլում է լոռեցիների պատկերացումը՝ համայնքների միավորման խնդիրների ու առավելությունների մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031