Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցը

Մարտ 07,2021 12:00

Արդեն մի քանի տասնամյակ տևած ու շարունակվող հակամարտության ու պատերազմի ընթացքում մեր՝  հայաստանյան ու արցախյան քաղաքական շրջանակներում բազմիցս է խոսվել այն մասին, որ շատ հնարավոր է՝  ներքաղաքական հակասություններ առաջանան ադրբեջանական ռազմաքաղաքական, այլ ոչ թե մեր՝ հայաստանյան ու արցախյան ռազմաքաղաքական ուժերի միջև:

Այսինքն, բոլորիս մտքով ցանկալիորեն անցնում էր, որ եթե քաղաքացիական բախումներ և ավելի կոնկրետ՝ քաղաքացիական կռիվներ ծագեն, դրանք կծագեն ու կառաջանան ոչ թե մեր՝ հայոց ուժերի միջև, այլ ճիշտ հակառակը՝ ալիևյան և թուրքական ուժերի միջև:

Բայց, ինչպես տեսնում ենք և ինչպես ժողովուրդն է ասում, խիյարը միանգամայն թարս բուսնեց, և արդեն մի քանի ամիս է՝ ինչ բոլորիս անհանգստացնում է ճիշտ հակառակ միտքը, այն է՝ տվյալ քաղաքացիական ու ռազմաքաղաքական անհամաձայնություններն ամենայն հավանականությամբ կարող են ծավալվել մեր՝ հայոց ու արցախյան ռազմաքաղաքական ուժերի միջև:

Եթե ես այս քաղաքական վերլուծությունս ընդամենը մի քանի օր առաջ գրեի, պիտի որ այն անհամեմատ վատատեսական ստացվեր, որովհետև ընդամենը մի քանի օր առաջ ինձ գրեթե աննշան լավատեսություն չէին ներշնչում մեր ներքաղաքական՝ միմյանց  դեմ ելած ուժերը՝ միմյանց դեմ կենաց և մահու պայքարի ելած երկու հակամարտող կողմերը՝ գրեթե հավասարապես անզիջում. թե անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ողջ իշխանությամբ և իր ողջ «Իմ քայլով», ինչպես նաև իրենց Փաշինյանի ու «Իմ քայլի» գլխավոր ու միակ ընդդիմություն հռչակած 16-ն ու 17-ը, ովքեր նաև էն գլխից միասնական ու համընդհանուր վարչապետ էին ընտրել՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի, և վերջինիս պարտադրաբար հրամցնում էին բոլորիս՝ մեզ, Փաշինյանին ու «Իմ քայլին» հավասարապես:

Մի պահ այս երկու ուժերի միջև փողոցային անհամաձայնությունն  այն աստիճան էր սրվել, որ ընդամենը մի քանի օր առաջ  քչերս էինք հույսեր փայփայում, որ այդ աստիճան սրված հակամարտության վերջը սրած երկու կողմերից որևէ մեկը դժվար թե տար:

Բայց չնայած հույսեր չունեինք, այդուհանդերձ, հուրախություն բոլորիս, կարող եմ վստահաբար ասել, որ այս պահի դրությամբ, հույսեր, այնուամենայնիվ, կան: Ավելի ճիշտ՝ հույսեր գրեթե կան: Ասում եմ՝ գրեթե կան, լիարժեքորեն հուսալով, որ այսօր մեր ժողովրդի ու մեր իշխանությունների, ինչպես նաև մեր ընդդիմադիրների մեջ անհատներ ու խմբեր հաստատ կգտնվեն, ովքեր մեզանից՝ վերլուծողներիցս ու վերլուծաբաններիցս ոչ պակաս են հասկանում, որ այս աստիճան սրված և ինչ-որ չափով արհեստականորեն սրված այս քաղաքական ու ներկուսակցական հարաբերություններով մենք դժվար թե հասնենք այն ամենին, ինչին ազգովի նպատակադրվել ու երազում ենք:

Մենք փողոցային երթեր անցկացնելով և այդ հանրահավաքների ու երթերի ընթացքում խրոխտ ու ազգասիրական երգեր երգելով՝ դժվար թե հասնենք այն նպատակներին, որոնց ազգովի նպատակադրվել ենք:

Եվ առավել հուսալի է, որ մեզ հուսադրողը ոչ թե թվացյալ ընդդիմությունն է, այլ ընդհակառակը, ընդդիմությունից փողոցային մարտերի ձեռնոցը վերցրած վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դա նույնպես մեզ որոշ չափով լավատես լինելու հիմքեր է տալիս: Այնպես որ, շատ հնարավոր է, որ մեր ընդդիմության ու իշխանությունների փողոցային մարտերը մեզ համընդհանուր հաջողության հասցնեն:

Տա Աստված: Ամեն ինչ է հնարավոր: Անկախ հայրենասիրական ու հանրահավաքային երգերից, պարերից, ու ամեն ինչից:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031