Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ՀՀ ոստիկանությանը կոչ է անում զերծ մնալ հավաքների մասնակիցներին անհարկի բերման ենթարկելուց

Մարտ 06,2021 23:15
helsinkyan

2021 թվականի մարտի 5-ին ՀՀ կառավարության նստավայրի առջևից բերման ենթարկվեցին խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիներ Կարապետ Պողոսյանը և Մկրտիչ Վարդանյանը։

Վերջիններս բողոք էին արտահայտում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ՝ ցուցադրելով իրենց հետ բերված պայուսակում գտնվող առարկաները։

Հավաքի մասնակիցներին մոտեցած ոստիկանության ծառայողների պահանջով Մ․ Վարդանյանը ցույց տվեց պայուսակի պարունակությունը, որից հետո ոստիկանը հեռացավ։ Մի քանի րոպե անց, կրկին մոտենալով ակցիայի մասնակիցներին, ոստիկանները պահանջեցին վերցնել պայուսակը և իրենց հետ գնալ ոստիկանության բաժին՝ անձը պարզելու նպատակով։

Թեև վերջիններս հայտնեցին, որ ունեն անձնագիր և կարող են տրամադրել տեղում՝ ոստիկանները մասնակիցներին բերման ենթարկեցին։

Հաշվի առնելով, որ հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ, մասնակիցների քանակը և հավաքի բնույթը որևէ կերպ չէին կարող սպառնալ Կառավարության բնականոն գործունեությանը, ինչպես նաև այն, որ հավաքի մասնակիցների անձը պարզելը հնարավոր էր տեղում՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ միջամտություն էին հավաքների ազատության իրավունքի նկատմամբ։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ՀՀ ոստիկանությանը կրկին կոչ է անում հավաքների ընթացքում վարչարարություն իրականացնելիս խստորեն պահպանել համաչափության և օրինականության սկզբունքները, զերծ մնալ մասնակիցներին անհարկի բերման ենթարկելուց։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031