Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի մոտ աուտիզմի զարգացման վտանգի մասին կարող է հուշել մոր արյունը․ BBC

Մարտ 06,2021 23:00

Գիտնականները հայտնագործել են երեխաների մոտ աուտիզմի զարգացման հավանականությունը որոշելու հստակ մեթոդը, գրում է BBC լրատվական գործակալությունը։

Ըստ նրանց՝ աուտիզմ ունեցող գրեթե յուրաքանչյուր հինգերորդ երեխայի մոտ զարգացման այդ խանգարումը առաջանում է արգանդում պտղի գլխուղեղի վրա մոր իմունային համակարգի «գրոհների» պատճառով։

Աուտիզմը զարգացման խանգարում է, որը կենսաբանական բնույթ է կրում։ Զարգացման այդ խանգարմամբ ծնվում ու ապրում են մինչև խոր ծերություն, և համենայնդեպս մեր օրերում այդ խանգարումը դեռևս չի բուժվում։

Կալիֆորնիայի և Սթենֆորդի համալսարանների հետազոտողները ծրագիր են ստեղծել, որը կարողանում է կանանց արյան մեջ հայտնաբերել այն հակամարմինները, որոնք պատասխանատու են պտղի վրա գրոհների համար։ Թեստի շնորհիվ հնարավոր է գրեթե 100 տոկոս հավանականությամբ կանխագուշակել աուտիզմի զարգացման վտանգը։

Հետազոտության ընթացքում ուսումնասիրության է ենթարկվել աուտիզմով երեխաներ ունեցող 450 մոր արյան պլազման, ինչպես նաև 342 մոր արյունը, որոնց երեխաները ծնվել են առանց այդ խանգարման։

Ուսումնասիրության արդյունքներն օգտագործվել են իմունոֆերմենտային անալիզի մշակման համար։ Գիտնականները որոնել են այն 8 սպիտակուցները, որոնց պատճառով համարվում է, որ տեղի է ունենում մոր օրգանիզմի իմունային պատասխանը, որն ազդում է պտղի զարգացող նյարդային համակարգի վրա։

Նախկինում համարվում էր, որ նման բան կարող է անել իմունիտետը, այլ ոչ թե հակամարմիններն ու լեյկոցիտները։ Այժմ հասկանալի է դառնում, որ պտղի աճող գլխուղեղի վրա կարող են ազդել և մոր հակամարմինները։

2019 թ․-ին հրապարակվել է Կալիֆորնիայի համալսարանի իմունոլոգներ Կարեն Ջոնսի և Ջուդի Վան դե Ուոթերի գիտական աշխատանքը, որում ներկայացվում էր այն գործընթացը, թե ինչպես են մայրական հակամարմիններն ազդում պտղի նեյրոնների առանցքային սպիտակուցների վրա, ինչն էլ արդյունքում հանգեցնում է մոր հակամարմինների աճին, որոնք էլ գրոհում են պտղի նյարդային համակարգը։

Ներկա հետազոտությունում գիտնականները դիմել են մեքենայական ուսուցման օգնությանը՝ պարզելու համար, թե ինչ ազդեցություն է գործում զարգացման ցուցանիշների հետ կապված հակամարմինների համակցությունը։ Նրանց կողմից մշակված անալիզը 100 տոկոսանոց ճշգրտությամբ ցույց է տվել հակամարմինների համակցություն, որն ունակ է աուտիզմ առաջացնելու։

Թեև այդ անալիզի հիմքով ստեղծված ախտորոշման մեթոդը չի կարող բացարձակ ճշգրտությամբ կանխագուշակել աուտիզմի զարգացումը, բայց այն թույլ է տալիս պատկերացում կազմել առկա ռիսկերի մասին։ Օրինակ՝ եթե մոր մոտ առկա են որոշակի հակամարմիններ, ապա նրա ապագա երեխայի մոտ աուտիզմի զարգացման ռիսկը մեծանում է մոտ 31 անգամ՝ պատմում է Վան դե Ուոթերը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031