Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է թանկացել Արարատի մարզը սպասարկող երթուղայինների ուղեվարձը

Մարտ 06,2021 18:25

Արթուր Դավթյանը Արտաշատ համայնքից է, սովորում է Երեւանում, դասի գնալու համար օգտվում է հասարակական տրանսպորտից:

«Հունվար ամսվա երկրորդ կեսին ընկերներիցս եմ իմացել, որ Երևան գնացող տրանսպորտի արժեքը 250 դրամից դարձել է 300 դրամ: Անկեղծ ասած՝ համաճարակով պայմանավորված երկար ժամանակ էր՝ չէի օգտվել երթուղայինից և լուրջ չընդունեցի, մտածեցի կատակ է անում: Ինչպե՞ս կարող է նման անօրինական երևույթ տեղի ունենալ, չէ՞ որ մրցույթը հաղթած ընկերությունը պարտավորվել էր 250 դրամով մատուցել համապատասխան ծառայությունը»,- ասում է Արթուրը:

Պատճառը նա փորձել է ճշտել վարորդից, որն էլ ասել է, թե թանկացումը պայմանավորված է վառելիքի գնի բարձրացմամբ: «Կարող ենք մտածել, թե 50 դրամ է եղածը, բայց ամսվա կտրվածքով բավականաչափ գումար է կազմում»:

Մեկ ամսից ավելի է՝ թեժ քննարկումներ են ընթանում դեպի Արարատի մարզ՝ միջմարզային և ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից փոխադրավարձը ապօրինաբար բարձրացնելու շուրջ։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խախտում թույլ տված ընկերությունների ներկայացուցիչներին գրավոր նախազգուշացումներ և 5-օրյա ժամկետ է տվել խախտումները շտկելու համար։

Արարատի մարզում միջմարզային և ներմարզային ուղևորափոխադրումներ են իրականացնում «Գալակտիկա տրանս» և «Լիգա» ՍՊԸ-ները։ Խախտումները սահմանված ժամկետում չշտկելու դեպքում Տեսչական մարմինն իրավասու է այս ընկերությունների նկատմամբ պատասխանատվության կոշտ միջոցներ կիրառել՝ ընդհուպ երթուղու սպասարկման իրավունքից զրկում։

Մեկ այլ ուղևոր՝ Դավիթ Մհերյանը նշում է, որ կանխատեսելի է եղել թանկացումը՝ երկրի իրավիճակով պայմանավորված, այլ հարց է, թե ովքե՞ր են կազմակերպում թանկացումները, ինչպե՞ս է դա տեղի ունենում և ինչպե՞ս է հաշվարկվում, թե ինչքանով պետք է թանկանա:

«Ինձ վրա ֆինանսական առումով մեծ ազդեցություն չի թողնում: Շատ մեծ չի տարբերությունը, այնքան չի խանգարում, որ խնդիր թվա կամ դրա համար բողոքեմ: Պատերազմից հետո առաջին անգամ, երբ երթուղայինից օգտվեցի, 250 դրամ էի փոխանցել, սակայն վարորդն ասաց, որ 300 դրամ է, գումարը ավելացրեցի և առանց հարցնելու պատճառը իջա»,- ասում է Դավիթը։

Դավիթը վստահ է, որ մեծամասնություն կկազմեն այն մարդիկ, ում համար իսկապես խնդիր կլինի թանկացումը և նրանց մտահոգությունը տեղին է համարում։

Պարզաբանում ստանալու նպատակով կապ հաատատեցինք «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշան Խաչատրյանի հետ։ Նրա խոսքով՝ ամեն բան թանկացել է, ուստի տրանսպորտի գնաճն անխուսափելի էր։ «Իմ սպրինտերները դիզվառելիքով են, և ես պետք է վառելիք հայթայթեմ, գնեմ, որ կարողանամ գծերը սպասարկել»,- նշում է տնօրենը։

Փորձեցինք կապ հաստատել նաև «Լիգա» ՍՊԸ-ի հետ, սակայն նրանց աշխատանքային համարը գոյություն չուներ։

Երևան- Արտաշատ երթուղին սպասարկող վարորդներից մեկը՝ Ներսեսը, ով չցանկացավ նշել իր ազգանունը, մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի հետ է կապված գնաճը:

«Հունվարի 1-ից է եղել թանկացումը: Մեզ ասել են, մենք գինը փակցրել ենք, վարորդը ինքնագլուխ չէ, որ գին բարձրացնի կամ իջեցնի: ՍՊԸ-ն թուղթը տվել է, մենք տեղեկացրել ենք, որ գինը դարձել է 300 դրամ: Ես վարորդ եմ, մանրամասներ չգիտեմ: Եղել է, որ ուղևորները աղմուկ են բարձրացրել ու չեն վճարել, իր փոխարեն ես եմ 50 դրամ ավելացրել»- նշում է վարորդը:

ՀՀ Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը մեր այն հարցին՝ օրինակա՞ն է դեպի Արարատի մարզ ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք երթուղիների փոխադրավարձի գնի բարձրացումը, մասնավորապես՝ Արտաշատ համայնքի դեպքում, պատասխանեց, որ Արարատի մարզը սպասարկող երթուղիներից հիմնականում «Գալակտիկա տրանս» և «Լիգա» ՍՊԸ-ում են խնդիրներ առաջացել:

«Երևան-Արտաշատ» միկրոավտոբուսային երթուղին մրցույթի պայմաններով սպասարկումը շահել է 300 դրամի սահմաններում: Մեկ տարի կամ ավելի սպասարկել է 250 դրամով, հիմա նորից 300 դրամով է սպասարկում, ինչն իր տենդերի շահած գնի սահմաններում է և ապօրինի չէ։ Բայց, օրինակ, ունենք Դվին-Երևան, Երևան-Արարատ, Երևան-Վեդի երթուղիները, որոնք 50-100 դրամով թանկացումներ են արել սահմանված գնից, Տեսչական մարմինը բողոքների հիման վրա ստուգում է իրականացրել և միջնորդություն ներկայացրել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որպեսզի ովքեր գնից բարձր սակագնով են սպասարկում, տվյալ երթուղիների շահագործումը դադարեցվի»,- մեկնաբանեց Ելենա Զոհրաբյանը:

Դեռևս հունվար ամսին խախտումներ իրականացրած ընկերությունների ներկայացուցիչներին տրվել էր գրավոր նախազգուշացում, 5-օրյա ժամկետ՝ խախտումները շտկելու համար, սակայն մինչ օրս ընկերությունները շտկումներ չեն իրականացրել։ Ելենա Զոհրաբյանը նշեց, որ գրավոր նախազգուշացումից հետո հանդիպել են Արարատի մարզը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ և զգուշացրել, որ շտկեն առկա խնդիրները և զերծ մնան ապօրինի թանկացումներից, մինչև հարցը կլուծեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ:

«Դրան ի պատասխան՝ մեզ ասացին, որ իրենք այդ ընթացքում, մինչև նախարարությունից պատասխան ստանալը, կսպասարկեն նախկին սակագներով, բայց մի քանի օր անց թանկացած գնով են սպասարկել, թեժ գծով ահազանգեր ենք ունեցել, ու արդեն դիմումն ուղարկել ենք Տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի դադարեցվի սպասարկումը»,- ասաց Տեսչական մարմնի մամուլի քարտուղարը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մրցութային հանձնաժողովի նիստ են արել, քննարկել այդ հարցերը և լրացուցիչ հիմնավորումներ պահանջել փոխադրողներից։

«Ընկերություններին չենք զրկել, քանի որ այս պահին ուրիշ փոխադրող չկա, որպեսզի իրեն լիազորենք՝ ժամանակավորապես փոխադրումներ իրականացնի։ Մենք նաև այդ ամբողջ մարզի համար առաջիկայում պատրաստվում ենք հայտարարել նոր փոխադրողի մրցույթ։ Այս պահի դրությամբ այդ փոխադրողները ուղղակի ժամանակավոր սպասարկում են այդ երթուղիները»,- ասաց Արման Կարապետյանը և հավելեց՝ երբ լինի մրցույթը, կլինի նոր փոխադրող՝ նոր տրանսպորտային միջոցով։

Արման Կարապետյանը նկատեց, որ հանրապետության փոխադրողների 80-90%-ի, այդ թվում՝ Արարատի մարզը սպասարկողների սպասարկման ժամկետն ավարտվել է, ուղղակի նրանց հնարավորություն է տրվել ժամանակավոր շարունակել սպասարկումները՝ մինչև մրցույթների ավարտը։ «Մինչ մրցույթի ավարտը կլինի որոշում՝ նախարարի հրամանով հաստատված, որտեղ հստակ ամրագրված կլինի կա՛մ թույլատրել այս թանկացումը, կա՛մ թույլատրել, բայց ոչ այս չափով, ինչը կախված կլինի իրենց ներկայացրած հաշվարկներից, կա՛մ, առհասարակ, չթույլատրել»,- նշեց բաժնի պետը։

Նկատենք, որ 2021 թվականի հունվարի 19-ին Տեսչական մարմինը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա․ Սիմոնյանին «Լիգա» ՍՊ ընկերության սպասարկմանը հանձնված թիվ 471 միջմարզային ավտոբուսային և թիվ 485 միջմարզային միկրոավտոբուսային երթուղիների և «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության սպասարկմանը հանձնված թիվ 451 և թիվ 453 միջմարզային ավտոբուսային երթուղիները սպասարկման իրավունքից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել։

Մերի ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Սվետլանա ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031