«Այս հարթակը Հայաստանի պայքարի հարթակն է»,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ընթացքում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ նախագահ Արմեն Սարգսյանից ստացել են հավաստիացումներ, որ Գլխավոր շտաբի ազատման պահանջով առարկություններով դիմում է ներկայացվելու Սահմանադրական դատարան․ «Մենք մինչև այս պահը վերջնական պատասխան չունենք և ունենք ժամկետ մինչև երկուշաբթի օրը։ Առաջարկում եմ՝ ձեր բոլորի անունից ես դիմեմ հանրապետության նախագահին։ Պարո՛ն նախագահ, Դուք ունեք անհատական և ամբողջական պատասխանատվություն մեր երկրում ստեղծված իրավիճակի համար։ Դուք պարտավոր եք կանգնել Սահմանադրության գլխին և մինչև երկուշաբթի օրը շատ հստակ դիմել Սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական ճանաչելով Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկությունը։ Հակառակ դեպքում՝ Դուք անձամբ պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի և հետագա ելքի համար»։
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպելու է կիրակի՝ մարտի 7-ին։ Նա հայտնեց, որ պահանջը կրկին փոխանցելու են նախագահին։
Նա առաջարկեց դիմել նաև գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին․ «Քո պաշտոնին մնալը, քո տեղում մնալը այլևս մեր բոլորի պահանջն է։ Դու պետք է տեղիք չտաս սադրանքներին, վարչապետի ապօրինի հրահանգներին և մնաս քո տեղում պինդ կանգնած, որովհետև դա պաշտոնի կռիվ չէ, դա բանակի պահպանության, մեր պետականությունը պահելու համար է։ Հետևաբար՝ Օնիկ Գասպարյանը չպետք է ենթարկվի ապօրինի հրամաններին, մնա իր տեղում կանգնած՝ հանուն բանակի, հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր պետականության»։
Կարդացեք նաև
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ եթե երկուշաբթի՝ մարտի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձ անի հեռացնել Օնիկ Գասպարյանին, երեքշաբթի 11:00-ին կհավաքվեն Բաղրամյան պողոտայում և կորոշեն այն քայլերը և գործողությունները, որ պետք է կատարեն․ «Որևէ մեկը չի կարող կասեցնել մեր ժողովրդի պահանջը։ Մեր բանակի կողքին ենք, պետության կողքին ենք, մեր պետականության կողքին ենք և ըստ երկուշաբթի օրը ընդունված որոշումների երեքշաբթի օրը մենք կտանք մեր պատասխանը»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ