Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյանը՝ նախագահին․ «Պահանջելու ենք, որ ցույց տաք, թե ե՞րբ եք քաղաքացիությունից հրաժարվել»

Մարտ 06,2021 16:20

«Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ելույթի ընթացքում ասաց, որ իրենց պահանջի հասցեատերը նախագահ Արմեն Սարգսյանն է․ «Արմեն Սարգսյանը պետք է գիտակցի իր պաշտոնի կարևորությունը։ Տեսեք, Սահմանադրությամբ ինքը համարվում է պետության գլուխ և պարտավոր է հետևել Սահմանադրության պահպանմանը։ Ի՞նչ է նշանակում դա։ Եթե սահմանադրական մարմինները միմյանց հետ բախումների մեջ են մտնում, ապա նախագահը պետք է քաղաքակիրթ ճանապարհով լուծման ճանապարհը ցույց տա։ Ո՞րն է դա այսօր։ Նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան։ Եվ այս դեպքում, երբ որ նույն նախագահը վարչապետի առաջարկությանը առարկություն ներկայացրեց, նա ինքը ընդունեց, որ այդ նախագիծը, հրամանագիրը առերևույթ հակասում է Սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ այդ կեցվածքին պետք է հաջորդեր մյուս քայլը՝ պետք է դիմեր Սահմանադրական դատարան։ Բայց վարչապետի և Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո Արմեն Սարգսյանի մոտ վարքագիծ փոխվեց։ Նա որոշել էր, որ պետք է չստորագրի հրամանագիրը, բայց նաև դեռևս չի արտահայտել ցանկություն, որ պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով»։

Արա Զոհրաբյանի կարծիքով՝ Արմեն Սարգսյանը իր վրա է վերցնում սահմանադրական մարմինների միջև բախումը փողոցում լուծելու պատասխանատվությունը․ «Փոխանակ տանի դատարան, և մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, քաղաքակիրթ լուծման հնարավորություն ստանանք, ինքն անում է ուղիղ հակառակ։ Եվ այստեղ հարց է ծագում՝ ի՞նչ ունի վախենալու նախագահ Արմեն Սարգսյանը։ Արդյոք կրկին իրեն հիշեցնո՞ւմ են իր երկքաղաքացիության խնդիրը, արդյոք կրկին իրենից փաստաթուղթ են պահանջել։ Մենք՝ փաստաբաններս, նախկին զինծառայողները, սպաները, հասարակության բոլոր խմբերը, որոնք մտահոգ են մեր երկրի ճակատագրով, ուզում ենք նախագահին հավաստիացնել, որ մենք էլ կարող ենք այդ փաստաթուղթը պահանջել և պահանջելու ենք։ Պահանջելու ենք, որ ցույց տաք, թե երբ եք քաղաքացիությունից հրաժարվել»։

Նա նշեց, որ բողոքի գործողություն են կատարել նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք կոչ են արել նախագահին դիմել Սահմանադրական դատարան և հանդիպել իրենց հետ․ «Մենք հիմա փորձում ենք ճշտել իր կեցավայրը, և մտահոգ հայրենակիցներով գնալ կեցավայր։ Եվ այնտեղ պահանջել նրանից, որ խոստանա, որ դիմելու է Սահմանադրական դատարան և մեր քաղաքացիներին բախումների չի տանելու»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031