Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը չի կարելի թողնել մեկ անձի վրա»

Մարտ 06,2021 15:00

Հարցազրույցը տպագրվել է «Առավոտում» տասը տարի առաջ՝ 2011թ. մարտի 5-ին՝ Սպարապետի ծննդյան օրը: Սպարապետի խոսքն է հիշեցնում նրա ընկերն ու գործընկերը՝ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը

– Դուք ճանաչել եք Վազգեն Սարգսյանին դեռ 80-ական թվականներից: Ի՞նչ հետաքրքիր հուշեր կան՝ կապված այդ տարիների հետ:

– Վազգեն Սարգսյանի հետ ծանոթացել եմ 1982-83 թվականներին, երբ ինքս էլ Երեւանից վերադարձա Արարատի շրջան եւ անցա մանկավարժական գործունեության: Մեզ միավորեց, մտերմացրեց գրականությունը եւ այն թեմաները, որոնք կուզենայինք արծարծել գրականության մեջ: Այդ ժամանակ Վազգենն արդեն որոշակի փորձ ուներ. պատմվածքներ էր գրում, զբաղվում էր հրապարակախոսությամբ, տպագրվում էր: Նույնիսկ նկարահանվեց «Էդելվեյսներ» գեղարվեստական ֆիլմում:

Իսկ ես չէի համարձակվում տպագրվել: Անկեղծ ասած, տանել չէի կարողանում սովետական խմբագիրներին: Այն ժամանակ, բնականաբար, մեր մտքով չէր անցնում, որ Խորհրդային Միությունը կարող էր կայծակնային արագությամբ փլուզվել, իսկ Հայաստանի անկախության մասին չէինք էլ… մտածում: Բայց մեզ խիստ հետաքրքրում էին թե ցեղասպանության եւ թե այդ պահին հասարակության մեջ առկա խնդիրները:

80-ականների սերնդի մեջ առաջացել էր փոփոխությունների խնդիրը: Մենք կարծում էինք, որ պետք է սերունդների փոփոխություն, արժեքային փոփոխություններ եւ այդ խնդիրների լուծման համար լավագույնս կծառայի գրականությունը: Մենք մտածում էինք ծրագրային գրականության մասին, որը պետք է բերեր նոր կերպարներ, նոր մտածողություն, նոր փոփոխություններ, հատկապես՝ մտքի ազատություն, որի կարիքը խիստ զգում էինք: Առանձին մի թեմա էր կանանց խնդիրը: Այդ ժամանակ, հատկապես գյուղական վայրերում, ձեւավորվել էր աղջիկների մի շերտ, ովքեր գնում էին Երեւան սովորում, վերադառնում էին գյուղ եւ չէին հասցնում ամուսնանալ: Մեզ երկուսիս էլ անհանգստացնում էր այս թեման, որովհետեւ երկուսս էլ ցանկացած հայ կնոջ մեջ տեսնում էինք մայր, որը պետք է որդիներ ծներ. զինվորներ՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով:

– Իսկ ինչո՞ւ Վազգեն Սարգսյանը չամուսնացավ, որ ազգին զինվորներ պարգեւեր:

– 1987-ին ես արդեն երկու երեխա ունեի: Վազգենը երեխաներ շատ էր սիրում եւ միշտ հետաքրքրվում էր երեխաներով: Մի հանդիպման ժամանակ, 1987-ի դեկտեմբերն էր, սեղանի շուրջ Վազգենը խոստացավ, որ մինչեւ մարտի 8-ը կամուսնանա: Մենք նույնիսկ գրազ եկանք: Բայց հետո եղավ այն, ինչը որ եղավ… Սկսվեց շարժումը: Մի հետաքրքիր զրույց հիշեցի, որը ցույց է տալիս Վազգենի՝ խառնիփնթոր եւ անընդհատ փոփոխվող ժամանակների ընկալումը: Նա պարզապես առարկայորեն, մատներով զգում էր ժամանակները: Երեխաների թեման շոշափեցինք նաեւ 1993-ի մարտի սկզբներին, ես արդեն ունեի չորս երեխա: Երբ հետաքրքրվեց՝ ասացի, որ ուզում եմ նաեւ հինգերորդն ունենալ: Վազգենն իրեն հատուկ հախուռն ձեւով արձագանքեց՝ եթե հինգերորդ երեխան ունենաս՝ ես քեզ ավտոմատ կնվիրեմ: Անցան տարիներ եւ 1999-ի մարտի 30-ին, երբ ՀՀԿ գրասենյակում սպասում էինք բանագնացներին, որ պետք է վերջնական պատասխան բերեին ՀԺԿ-ի կողմից, զրույցի ընթացքում հիշեցրի գրազի եւ իր խոստացած ավտոմատի մասին: Վազգենը միանգամից պոռթկաց՝ «հո գիժ չես, ինչ ավտոմատ, ես քեզ «Նիվա» կնվիրեմ»:

– Ստացա՞ք նվերը:

– Չհասցրի…

– Դուք ոչ միայն Վազգենի ընկերն եք եղել, այլ իբրեւ նախարար աշխատել եք նրա հետ: Ի՞նչ կպատմեք Վազգեն Սարգսյան վարչապետի մասին:

– Ասեմ, որ իմ նշանակումը Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ չի եղել, միայն վերջին պահին են իմ թեկնածությունը քննարկել եւ կառավարության կազմը հրապարակելուց բառացիորեն 1-2 ժամ առաջ ինձ տեղեկացրին այդ մասին: Ավելի ուշ մի տեղեկացված անձ ասաց, որ եթե անգամ ես չհամաձայնեի, միեւնույն է, արդեն ինձ նշանակել էին: Վազգեն Սարգսյանն ուներ այդ իրավունքը՝ առանց ինձ իմ վերաբերյալ որոշումներ կայացնելու: Սակայն Վազգենն անընդհատ տատանվում էր. կարդարացնե՞մ ես իր հույսերը, թե՞ կլինեմ հերթական արարատցին կառավարությունում, որը նոր խոսակցությունների առիթ կտար իր մասին: Նա ինձ մեկ ամիս ժամանակ տվեց՝ համակարգին ծանոթանալու համար: Ես շատ բծախնդիր պատրաստվեցի այդ հանդիպմանը, բայց՝ իզուր: Վազգենը բացարձակ չնայեց իմ պատրաստած տեղեկանքներին, հիմնականում հետաքրքրվեց կենսաթոշակային հիմնադրամով, որի մասին ինձ ասել էին, որ նախարարությունն առանձնապես որեւէ ազդեցություն չունի այդ օղակի վրա, չնայած սոցապնախարարը հիմնադրամի պատվավոր նախագահն էր:

Այդ կառույցը, ըստ էության, իրավական լուրջ կարգավիճակի խնդիր ուներ: Ես կարկամեցի, փորձեցի բացատրություն տալ: Դա նրան խիստ հիասթափեցրեց, տեղեկանքները նետեց դեպի ինձ եւ ասաց. «Գնա, ես քո համակարգից ավելի շատ բան գիտեմ, քան դու»: Ես խիստ վիրավորվել էի, եւ սկսեցի սովորել: Բախտս բերեց, ունեցա լավ ուսուցիչներ: Վեց ամիս տեւեց, մինչեւ կարողացա ծանոթանալ եւ տիրապետել համակարգին: Ավելի ուշ Վազգենը հանձնարարեց, որ սոցիալական ծառայությունները եւ սոցիալական ապահովագրության հիմնադրամը միացնել նախարարությանը, քանի որ մարդիկ պահանջում էին նախարարությունից, այն պարագայում, երբ նախարարությունը լծակներ չուներ այդ օղակների վրա: Ըստ որում, դա չպետք է լիներ պարզ, մեխանիկական միացում: Նույնիսկ նշանակված էր խորհրդակցության օրը, որտեղ վերջնականապես պետք է լուծվեին այդ խնդիրները: Ցավոք, այդ խնդրի լուծումը ձգվեց 11 տարի: Այ, հիմա նոր կարծեք թե սկսվում է այդ հարցի լուծումը:

Վազգենի հետ աշխատելը եւ հեշտ էր, եւ դժվար. նա տալիս էր կադրերի ընտրության լիարժեք ազատություն, ինչը նախարարի համար իդեալական վիճակ է, բայց նաեւ պահանջում էր ամենայն խստությամբ:

– Պաշտոնական, աշխատանքային հարաբերություններին զուգահեռ, ընկերական հարաբերությունները շարունակվո՞ւմ էին:

– Նրա համար կարեւորը գործն էր: Երբ երկուսով էինք, խիստ զայրանում էր, որ իրեն անուն-հայրանունով էի դիմում: Մի պատմություն հիշեցի. 1993-ին ես արդեն ընտրվել էի ԳԽ պատգամավոր: Այդ շրջանում դեռ տպավորիչ էր Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակը: Այդ տպավորությամբ ես ինչ-որ մեկի անձնական հարցով անպայման ուզում էի տեսնել Վազգեն Սարգսյանին, որը պետնախարար էր: Մտածում էի՝ տեսնեմ ընկե՞րս է մնացել, թե՞ արդեն «մինիստր» է դարձել: Եվ հանկարծ իր օգնականն ինձ թույլ չտվեց մտնել ընկերոջս մոտ: Ես աներեսորեն համառեցի եւ ինձ, այնուամենայնիվ, տվեցին մեկ րոպե ժամանակ: «Վերջին ուսուցչին» հիշելով՝ մտա ներս եւ 59-րդ վայրկյանին դուրս եկա եւ ընդունարանում տեսա Ղարաբաղի հարցերով ՌԴ դեսպան Կազիմիրովին: Շփոթվեցի. Ղարաբաղի խնդիրն ու իմ «մի զույգ կոշիկի» հարցը: Այլեւս երբեք որեւէ անձնական հարցով չդիմեցի նրան:

– Իսկ վարչապետ Վազգեն Սարգսյանն ունե՞ր պետության իր մոդելը:

– Դա մեկ վարչապետի կամ մեկ կառավարության խնդիր չէ, ավելի խորը հարց է: Ինչպես տեսաք, մենք պատրաստ չէինք անկախությանը, հասարակությունն ինքը չուներ հստակ պատկերացում, թե ինչպիսի պետություն եւ ինչ հասարակություն է ուզում կառուցել: Ըստ իս, Վազգենը պետության շինարարության առանցքում դնում էր ազգային բանակը: Քավ լիցի, խոսքը հասարակության ռազմականացման մասին չէ: Որպեսզի ունենանք նորմալ, մարտունակ բանակ, ապա պետք է ունենանք նորմալ տնտեսություն: 1998-99-ին բանակային շինարարությունն ավելի առաջ էր անցել եւ հրատապ պետք էր տնտեսությունը նույնպես զարգացնել՝ ոչ միայն բանակի պահանջները կատարելու, այլ նաեւ Ադրբեջանի տնտեսության հետ մրցակցելու համար: Սոցիալական առումով նա շատ լավ պատկերացնում էր, թե ում տղաներն են բանակում լինելու, հետեւաբար հայ զինվորը պետք է մեծանար բարեկեցիկ, ապահովված ընտանիքում եւ անպայման կրթություն ստանար: 1998-99-ի վիճակագրությունը ցույց էր տալիս, որ ժամկետային զինծառայողների 48 տոկոսը մինչեւ 8-րդ դասարան կրթություն ստացած տղաներ էին, ինչը էականորեն ազդում էր զինվորների հարաբերությունների եւ բանակի մթնոլորտի վրա:

Տնտեսության մեջ Վազգենը միշտ օգտագործում էր «լոկոմոտիվ» բառը, մտածելով, հավանաբար, որ պետության միջոցների հաշվին կկարողանար աշխատեցնել երկու-երեք կարեւոր գործարաններ, որոնք իրենց ետեւից կտանեին տնտեսությունը: Սա բանավեճի տեղիք էր տալիս հատկապես միջազգային փորձագետների կողմից: Բայց Վազգենը բավականին կատեգորիկ էր. եթե հստակեցրել էր իր նպատակը, ապա անպայման կիրականացներ: 1998-ից արդեն ստեղծվել էր մի խումբ, որը զբաղվում էր ՀՀԿ-ի, Երկրապահի միաձուլման խնդիրներով եւ ամեն մի հանդիպման ժամանակ Վազգենը զարմացնում էր ինձ իր քաղաքագիտական, հասարակագիտական եզրակացություններով:

Մի առիթով Վազգենը համեմատական վերլուծություն կատարեց. «Սամվել Բաբայանը՝ Ղարաբաղում, ինքը՝ Հայաստանում»: Եզրակացությունն ապշեցուցիչ էր: Ասաց՝ Սամվել Բաբայանը հաղթած զորավար է, բայց քանի որ պատերազմի ընթացքում Ղարաբաղից մտավորականության մի շերտ դուրս եկավ, նրա ազդեցությունը ժողովրդի վրա կոշտ էր եւ ուղղակի: Հայաստանում, բարեբախտաբար, դեռ կա մտավորականության մի շերտ, որը ամորտիզացիոն դեր է կատարում իմ եւ ժողովրդի միջեւ: 1999-ից հետո այդ շերտը, ցավոք, Հայաստանում նույնպես պակասեց եւ այդ գործառույթը՝ միջնորդ- մեղմացուցիչի, ինչ-ինչ առումով իր վրա վերցրեց լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը: Նա միջնորդ- մեղմացուցիչ էր, թող հակասական չթվա, ոչ միայն ժողովրդի եւ իշխանությունների միջեւ, այլեւ՝ վարչապետի ու ժողովրդի: Անդրանիկ Մարգարյանը ինքն իրեն տարբերում էր որպես անձ եւ որպես վարչապետ: Այսօր որքան մեծ է կարիք-անհրաժեշտությունը հասարակական մի հաստատության, որն իր վրա վերցներ այդ դերը: Դա կարող էր անել կաթողիկոսը, բայց, ավաղ, կրիտիկական պահին նրա փորձը կարծես չհաջողվեց: Գուցե ՍԴ նախագա՞հը կամ Հանրային խորհո՞ւրդը, բայց, ցավոք, ՀԽ-ի գործունեությունը կարծես թե պասիվ է եւ հասարակական դժգոհությունները, որոնք առկա են, այդ մարմնի միջոցով չէ, որ ձեւակերպվում եւ ներկայացվում են իշխանություններին: Վերը նշված խոսակցության ժամանակ էր, որ Վազգենը մտազբաղ ու մտախոհ ասաց. «Չի կարելի պետությունը թողնել մեկ անձի վրա. վտանգավոր է»:

Ահա թե ինչու փորձում էր արագ տեմպերով ստեղծել քաղաքական, պետական կառավարման, տնտեսական եւ այլ հաստատություններ, որոնք պետք է փոխարինեին անձնային վիճակին: Ընդհանրապես, իր ողջ գործունեության ընթացքում նա համախմբող գործառույթ է իրականացրել: Վազգենի ամենամեծ պատմական ծառայությունն այն էր, որ կարողացավ 1990-ականների սկզբին առանձին անջատ հայկական զինված ջոկատներին համախմբել, ինչն էլ դարձավ հետագա հաջողությունների հիմնական գրավականը: Նման բան պատմության ընթացքում շատ քիչ գործիչների է հաջողվել: Հետո քաղաքական դաշտում համախմբեց Հանրապետականին եւ Երկրապահին, հետո ստեղծվեց «Միասնություն» դաշինքը: Նրա վարչապետության տարիներին էին քննարկվում քաղծառայության համակարգի ներդրումը, գնումների կոմիտեն, հայտարարագրման համակարգը. դրանք հետագայում իրականացվեցին, բայց…

– Ինչպե՞ս եք պատրաստվում նշել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:

– Որպես կանոն, մարտի 5-ին ես այցելում եմ Վազգեն Սարգսյանի ծնողներին: Հոգու պարտք է համբուրել այն մոր ձեռքերը, որ հայ ժողովրդին պարգեւել է Սպարապետ:

«Առավոտ» օրաթերթ
06.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031