Հարցազրույց «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ
– Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք պատկերացնում Զինված ուժերի ԳՇ–ի շուրջ դեպքերի հանգուցալուծումը։ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ հայտարարեց՝ եթե ինքը դավաճան է, թող Օնիկ Գասպարյանը գնդակահարի իրեն, եթե չանի, ապա Գասպարյանն է դավաճան։ Դավիթ Շահնազարյանն էլ հանգուցալուծման մեկ տարբերակ է պատկերացնում՝ կա՛մ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ Նիկոլ Փաշինյանը։
– «Դավաճան» բառը մենք արագ պետք է հանենք մեր լեքսիկոնից։
– Եթե իրենք են իրենց մասին այդպես արտահայտվում, ի՞նչ կարող ենք անել։
Կարդացեք նաև
– Մենք ազգովի մեր բաժին մեղքն ունենք պարտության մեջ, կեսս՝ մեր հանդուրժողականությամբ, կեսս՝ սխալ վարած քաղաքականությամբ, կեսս՝ բանակի հանդեպ վատ ուշադրությամբ, մեր աշխատանքով, գողանալով, ամեն ինչով։ Ես արտահայտվել եմ շտաբի հայտարարության մասին եւ չեմ ուզում այլեւս այս թեմային անդրադառնալ։ Մի բան եմ ուզում․ մենք բոլորս պետք է սթափվենք, համախմբվենք, իմի բերենք մեր ուժերը, երկիրը կայուն տեսքի բերենք, որ կարողանանք նորից երկրին հաղթանակ բերել։
– Կա մեղքի մեծ եւ փոքր բաժին, եթե մեծ մեղք գործածները չպատժվեն, վտանգ կա, որ կկրկնվի այս իրավիճակը՝ շատ ավելի վատ հետեւանքներով։
– Դե, հիմա եկեք կշեռք չդնենք, եթե դնելու ենք, դրա համար եւս հանդարտ վիճակ է պետք, պետք է հատուկ հանձնաժողովներ ձեւավորվեն, որ քննեն, ոչ թե միտինգների տեսքով կամ ճանապարհներ փակելու, կամ զինվորական խունտայի։ Այսօր մեր հակառակորդը նոր զենքեր է առնում, մենք իրար ենք ուտում։ Մեր զինվորականները հայտարարություն են անում ու սպասում են՝ ով է կանգնելու իրենց կողքը, ով՝ չէ, նոր, թազա ջրբաժան են բացում։ Նախկին, ներկա՝ ով իրեն զինվոր է ճանաչում, պետք է կանգնի ժողովրդի կողքին ու «ոչ» ասի բոլորին, ովքեր հակված են երկիրը բաժանելու, տարանջատելու։
– Եթե բանակի գեներալներին զինվորական խունտա եք անվանում, Դուք ջրբաժան չե՞ք դնում։ Դուք այլեւս չե՞ք կարեւորում բանակի դերը, որը հայտարարում է, որ վարչապետն այլեւս ունակ չէ արդյունավետ կառավարել։
– Այսինքն, ինչի՞ն ունակ չէ՝ պատերազմելո՞ւն։ Այսինքն՝ բանակի գեներալիտե՞տը պիտի որոշի, թե արդյունավետ կառավարումը որն է, քաղաքական իշխանությունը լա՞վն է, թե՞ վատն է։
– Ձեր ընկերները, գրեթե բոլորը հայտարարել են՝ ինչ կատարվեց, Դուք եզակի բացառություններից եք, որ ասում եք՝ բանակը պարտվել է։
– Բա հիմա որ իրենք ասում են՝ մենք մեղավոր չենք, բա ո՞վ է կրվել, քաղաքական իշխանություննե՞րը։
– Իրենք հայտարարեցին, որ իրավունք չեն ունեցել մարտ վարելու, շարքային զինվորի կարգավիճակում են կռվել։
– Բերեք հստակեցնենք․ եթե ես ասում եմ՝ ինձ չեն թողել մարտ վարեմ, ուրեմն ես՝ Ռազմիկ Վաղարշակի Պետրոսյանս, պարտավոր եմ ներկայացնել՝ ով չի թողել, ոնց չի թողել։ Արցախյան վերջին պատերազմը 2 ուղղություն է ունեցել՝ հարավային եւ հյուսիսային։ Ես հյուսիսային ուղղությամբ կռվել եմ, մատակարարված եմ եղել բոլոր տեսակ միջոցներով, ինչով հնարավոր է եղել, ես սննդի պակաս չեմ տեսել, արկերի պակաս չեմ տեսել, ինչ տեսակ զենք պետք է եղել, մենք ունեցել ենք ու մենք հաղթել ենք։ Հարավում ավելի քիչ միջոցնե՞ր են տրվել, այ, դա պիտի ճշտել, կողմնակա՞լ է եղել վերաբերմունքը, մեզ այստեղ հայաստանցիներիս տվել են, արցախցիներին՝ չէ՞։ Պիտի ճշտել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: