Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական խնդիրների շուրջ լուծումներ գտնելու փոխարեն իշխանությունները շարունակում են պոպուլիզմով զբաղվել. «Փաստ»

Մարտ 06,2021 10:57

Ժամանակակից աշխարհում ջրային ռեսուրսների վերահսկողության համար նույնիսկ լուրջ առճակատումներ են տեղի ունենում։ Եվ շատ հաճախ ջրային ռեսուրսների տիրապետումը օգտագործվում է որպես քաղաքական ազդեցութան հատուկ գործիք։ Եվ Ադրբեջանը, որը ջրային ռեսուրսների սակավության հետ կապված լուրջ խնդիր ունի, փորձում է այս թեման անընդհատ շահարկել։ Այս առումով հարկ է հիշել, որ դեռևս 2016 թվականի հունվար 26- ին մեծ հնչեղություն ստացավ բոսնիացի Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցը, որն ընդունվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում և առիթ տվեց ևս մեկ անգամ անդրադառնալ Արցախի ջրային ավազանին:

Եվ Արցախից գրաված տարածքների ջրային ռեսուրսների հարցը ադրբեջանական կողմը կարող է Հայաստանի դեմ որպես լծակ օգտագործել։ Այս համատեքստում պատահական չէ, որ ակտիվ քննարկումների թեմա է դարձել այն հարցը, որ Ադրբեջանը կարող է թունավորել Սևանը սնող ջրային պաշարները։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հրապարակային հայտարարում է Սևանա լճի նկատմամբ իր հավակնությունների մասին։ Ադրբեջանը այնպիսի հանցագործություններ է իրականացրել խաղաղ բնակչության նկատմամբ, որ այսպիսի հանցագործությունը ամենևին անհնարին չէ։ Դեռևս խորհրդային տարիներին Ադրբեջանը թունավորում էր Ստեփանակերտի ջրային պաշարները։

Շատ լուրջ հարց է Սոթքի հանքի խնդիրը, քանի որ GPS-ով սահմանագծման արդյունքում հանքից մի ահռելի հատված հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, այնինչ դեռևս խորհրդային ժամանակաշրջանից մնացած փաստաթղթեր կան, ըստ որոնց, Սոթքի ոսկու հանքի ամբողջական շահագործման համար անհրաժեշտ հատվածը պատկանել է Հայկական ԽՍՀ-ին։ Բայց իշխանություններն ի վիճակի՞ են այդ հարցը բարձրացնել։

Իշխանությունների հայտարարություններից այնպիսի տպավորություն է առաջանում, որ նրանք ցանկանում են Սոթքի հանքի կորուստը կոմպենսացնել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման միջոցով։

Սրանք հարցեր են, որոնց շուրջ հանրությունը պետք է պատասխաններ ստանա, բայց այս իրական խնդիրների շուրջ լուծումներ գտնելու փնտրտուքի փոխարեն իշխանությունները շարունակում են պոպուլիզմով զբաղվել, հավաքներ են կազմակերպում, ժողովրդի իշխանության մասին միֆական հայտարարություններ են անում, իսկ ավելի լուրջ խնդիրներով ո՞վ պետք է զբաղվի։ Ժողովրդի շահերին առնչվող այս հարցերի փոխարեն իշխանություններին միայն իրենց՝ աթոռին մնալն է հետաքրքրում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031