Անճաշակ հարուստներն ու պաշտոնյաները էլ չեն կարող 10.000 $-ի կապոցով ապտակել երգիչների այտին ու երգել տալ. Մադլենյան
Երգիչ-երգահան, հայկական շոու բիզնեսում բազմաթիվ փոփ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանը, որը ստեղծագործական առումով դադարի մեջ էր գտնվում, ինչը, սակայն, միայն կորոնավիրուսով և պատերազմով չէր պայմանավորված, կրկին ակտիվ վերսկսել է գործունեությունը:
Ռիչարդ Մադլենյանի հետ մեր զրույցը՝ ստորև.
– Ռիչարդ, կորոնավիրուսից և պատերազմից առաջ ևս բավականին ժամանակ կարծես ստեղծագործական պասիվ շրջանում էիք գտնվում: Ինչո՞վ էր պայմանավորված դադարը:
– Պայմանավորված էր առաջին հերթին ինքս ինձ հետ հաշվի նստելով։ Ի վերջո, գալիս է մի պահ, երբ սկսում ես հարց տալ ինքդ քեզ՝ արդյոք սա՞ է ճշմարիտ ճանապարհը, լավ, ինչքա՞ն կարելի է… Երկրում փոխվեց իրավիճակ, քանդվեց 30 տարի ձեւավորված եւ արմատացած հսկայական մի մշակութային համակարգ, փոխվեց մտածողություն, փոխվեցին որոշակի արժեքներ, հետևաբար դու քեզ հարց ես տալիս՝ ես պիտի մնամ այն արժեհամակարգի կրո՞ղը, որում եղել եմ, թե՞ ես էլ պիտի ինչ-որ քայլ անեմ՝ փոխվելու համար՝ որպես մշակութային գործիչ՝ ի նպաստ իմ ժողովրդի։ …Մշակութային առումով շատ շուտով նոր հետաքրքիր բաներ կտեսնենք, կլսենք:
– Ըստ ձեզ՝ արվեստագետները կարո՞ղ են նպաստել, որ այսօր տիրող լարված իրավիճակը մեղմվի: Ո՞րը պիտի լինի ձեր անելիքը այս պարագայում:
– Ես իմ փոքր ներդրումն արդեն ունեցել եմ. երգ, որն ինչ-որ չափով կհամախմբի մարդկանց: Չեմ ասում, որ ահռելի մի մեծ գործ եմ արել, բայց ամեն մեկս մեր չափով եթե մի քանի տոկոսով նպաստենք, ինչ-որ չափով հուսահատությունը կցրենք: Նորից եմ ասում՝ 30 տարի կեղծ արժեքներ ենք պրոպագանդել: Բայց ինչպես ապրել՝ ապրել ենք, ինչպիսի համակարգի ենթարկվել՝ ենթարկվել ենք, դա պետք է փաթեթավորել, թողնել անցյալում և ստեղծել նոր չափորոշիչներով, նոր մոտեցումներով մշակույթ: Եվ ես համոզված եմ, որ մենք դրա ճանապարհին ենք։ Ժամանակն էլ կատարսիսի։ Կարելի էր շատ ավելի ուժեղ մշակութային ժառանգություն թողնել 30 տարիների ընթացքում, այլ ոչ թե անբովանդակ երգեր նվիրել բանակին. որ մեր բանակը ամենահզոր բանակն է և այլն՝ չնկատելով, թե ինչ է կատարվում ներսում։ Այն մարդիկ, ովքեր գոնե մի 15 օր բանակում ծառայել են, գիտեն՝ ինչ եմ ասում ես: Շատ խոցելի տեղեր ուներ մեր բանակը, չեմ ուզում էլի քաղաքականացնել, պարզապես կապում եմ մեր մշակութային խնդիրների հետ: Ես ծառայել եմ Արցախում, մեզ մոտ եղել է գողական բանակ, անընդհատ ծեծ ու ջարդ, խուլիգանական «ռազբորկաներ», «լավ տղա» ու «վատ տղա» որակավորումներ, զուգարան մաքրող կամ չմաքրող տղաների դասակարգում… Զզվելի էր, հասկանո՞ւմ եք, շաաաատ զզվելի: Ես չեմ խոսում կոռուպցիայի ու ծանոթ-բարեկամ խառնելու գարշելի սինդրոմի մասին, ու մենք օր ու գիշեր գովում էինք այդ բանակը: Այսինքն՝ բեմում և բեմի հետեւում տեղի ունեցող գործողություններն ընդհանրապես իրար հետ կապ չունեին։
– Մեր նախնական զրույցի ընթացքում նշեցիք, որ հարուստ մարդիկ երգեր էին պատվիրում իրենց աղջիկների համար: Հիմա չե՞ն անում նման պատվերներ:
– Հիմա նման բաներ չեն արվում, որովհետև հարուստ մարդիկ էլ հետաքրքիր չեն (ժպտում է-հեղ.): Իսկ եթե լուրջ, նման երեւույթները արդեն կնքում են իրենց մահկանացուն։ Հարուստ լինելը ու (լավ տղա) լինելը այլեւս պարծենալու բան չեն։ Այդ ամենը արդեն մոդայիկ չէ եւ որպես երևույթ սկսում է հնանալ։ Ընդհանրապես յուրաքանչյուր ճչացող բան զզվելի է: Աշխարհը գնում է մինիմալիզմի և նատուրալիզմի: Ես ևս զգում եմ, որ մեր երկրում որոշ ժամանակ հետո շատ բաներ կփոխվեն… Նախկին անբովանդակ ու գարշելի շոու բիզնեսը էլ երբեք չի լինելու։ Նախկին հակահիգիենիկ ու զզվելի սերիալներն ու կարգին սկետչներն էլ չեն լինելու։ Անճաշակ հարուստները ու գողաբոզական պաշտոնյաներն ու լավերը էլ չեն կարող 10.000 $-ի կապոցով ապտակել երգիչների ձախ այտին ու երգել տալ ինչի մասին ուզում են, որի համար ես շատ ուրախ եմ: Ես կուզենայի, որ մաքսիմում քիչ բան անցյալից գար այսօրվա իրականություն, որովհետև անցյալում այն, ինչ տեղի է ունեցել շոու բիզնեսում եւ հեռուստաեթերում, ուղիղ վտանգ են եղել մեր պետության ու պետականության համար, որի հետեւանքը արդեն վայելում ենք։ Մեզ օր առաջ խելքներս գլուխներս հավաքել է պետք։
Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: