Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսատուրքերի արտոնության վերացումը զգայուն հարված կարող է լինել Թուրքիայի տնտեսության համար. Արտակ Մանուկյան. «Հայկական ժամանակ»

Մարտ 06,2021 09:00

Եվրասիական տնտեսական միության սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ՝ այդ թվում Թուրքիան դուրս կմնան:

Բացի Թուրքիայից այդ երկրների ցանկի մեջ են նաեւ՝ Բրազիլիան, Արգենտինան, Չինաստանը, Հարավային Կորեան եւ այլ երկրներ:

Այդ արտոնությունը հետեւյալ կերպ է լինում. վերոնշյալ երկրների ապրանքները ԵԱՏՄ տարածք ներմուծելիս վճարվում է սահմանված մաքսատուրքի 75%-ը, ինչն ըստ էության, ներմուծման արտոնություն է: Սրա վերացման պարագայում մաքսատուրքի 25%-ի չափով կթանկանան այդ երկրների՝ այդ թվում թուրքական ծագմամբ ապրանքների գները ԵԱՏՄ երկրների շուկաներում։

ԵՏՀ երեկ կայացրած որոշման վերաբերյալ «Հայկական ժամանակը» զրուցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ:

Ինչպե՞ս կազդի որոշումն այդ 75 երկրների վրա եւ ի՞նչ կերպ կանդրադառնա նաեւ ԵԱՏՄ երկրների վրա:

– Տարբեր երկրներ տարբեր մակարդակի առեւտրային ծավալների համագործակցություն են ունեցել ԵԱՏՄ երկրների հետ: Մասնավորապես՝ Թուրքիան հասկանալի պատճառներով՝ հատկապես գյուղատնտեսական ոլորտում ավելի խորը ինտեգրացիա ունի: ԵԱՏՄ-ի այս որոշումն առավել զգայուն կլինի Թուրքիայի համար, քան օրինակ՝ Հարավային Կորեայի:

Այստեղ չափազանց կարեւոր է ԵԱՏՄ շուկայի ընդհանուր հնարավորությունները: Չմոռանանք, որ ԵԱՏՄ-ն  տնտեսական հարթակ է ու այս առումով մրցակցային հավելյալ հնարավորությունների տրամադրման բացառումը ենթադրում է նաեւ, որ որոշակի սեգմենտներում միության անդամ երկրները կարող են մրցակցել: Օրինակ՝ պայմանական ասած, եթե նախկինում Թուրքիայից դեպի ԵԱՏՄ տարածք ներմուծվող ապրանքի մրցունակությունը գնային առումով 20 տոկոս մատչելի էր, այս 25 տոկոս մաքսատուրքի ավելացման պարագայում այդ ապրանքը մրցակցելու է այլ երկրների ապրանքների հետ: Սա նաեւ հնարավորություն է ընձեռում, որ ԵԱՏՄ տարածքում գտնվող ներդրողները այս ուղղությամբ աշխատեն: 6 ամսում կարող են գտնել այն խորշերը, որտեղ այդ հավելյալ 25 տոկոս բեռի ավելացումը հնարավորություն կտա Թուրքիային դուրս մղել կամ առնվազն բարեհաջող կերպով մրցակցել թուրքական ապրանքների հետ:

Չափազանց կարեւոր է նաեւ քաղաքական գործոնը: Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ում բավականաչափ մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանը եւս շահագրգռված կլինի, որ  տարածաշրջանում մրցակից համարվող թուրքական ապրանքը փոխարինվի պայմանական ասած բելառուսական, հայկական կամ ղրղըզական ապրանքով:

Հայաստանն այս որոշմանը հասնելով, ըստ ձեզ, էական վնաս կհասցնի՞ Թուրքիային:

– Մաքսատուրքերի արտոնության վերացումը  զգայուն հարված կարող է լինել թուրքական տնտեսության վրա: Թուրքիայի համար այս շուկաները կորցնելու վախն ավելի պետք է մեծանա, քանի որ նախկինում նա ուներ մաքսատուրքերի գծով 25 տոկոս արտոնություն, որն այլեւս չի գործելու: Սա մեծացնում է այլ երկրների հետ նրա մրցակցային առավելության վրա ճնշումը, ինչը նշանակում է, որ նրանց արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ կարող են նվազել: Սա նաեւ խոսում է այն մասին, որ Հայաստանը միայնակ չէ:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031