Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նրանք հաղթել էին: Ո՞ւմ. այդպես էլ հայտնի չդարձավ». «Ազգ»

Մարտ 06,2021 10:40

Կարեւոր չէ՝ քանի՞ հազար էին նրանք, 15, 20 թե՞ 25 հազար, ինքնաբո՞ւխ էին եկել, թե՞ բերվել, հակաքոչարյանակա՞ն էին, թե՞ հակասերժական, սորոսակա՞ն, եհովայակա՞ն, կյանքիխոսքակա՞ն, թե՞… Կարեւորը՝ այդ պահին նրանք նիկոլական էին, եկել էին Նիկոլին պաշտպանելու նախկիններից, երեւելի եւ աներեւույթ բոլոր թշնամիներից. միա՛յն Նիկոլին: Թքա՛ծ մյուս բաները՝ հայրենիք-մայրենիք, պետություն-մետություն, Արցախ ու Սյունիք, զոհեր, անհետ կորածներ ու գերիներ: Նրանք եկել էին երախտագիտություն հայտնելու Նիկոլին, որ պարտվելով փրկել էր իրենց զավակների կյանքը, թեկուզ վիրավոր կամ հաշմանդամ… Չէ՞ որ պատերազմը հրահրել էին նախկինները:

Նիկոլը հենց այդպիսի՛ բազմություն էր ուզում: Ոչ միայն կարոտել էր նրան, այլ կարոտ էր ցույց տալու բոլորին՝ Պուտինին, Էրդողանին, Ալիեւին ու մյուսներին, որ ինքը իրավիճակի տերն է, որ ինքը ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ստիպողականություն ունի վարչապետի պաշտոնից հրաժարվելու, քանի որ «ժողովուրդը» շարունակում է իր կողքին մնալ:

Տարածքային այսքան կորուստներից, այսքան զոհերից, վիրավորներից հետո, միտինգին ներկա հազարավոր այդ մարդկանցից որեւէ մեկը «գերագույն գլխավոր հրամանատարից» ոչինչ չպահանջեց, չհարցրեց անգամ, թե այդ ինչպես եղավ, որ ազգն ու երկիրը հայտնվեցին այս պարտված, բարոյալքված, կիսակործան վիճակում:

Փաշինյանը ընդհանուր խանդավառության մեջ չմոռացավ նաեւ խոսել իր սխալների ու մեղքերի մասին: Ոչ, չթվարկեց դրանք, սակայն գրեթե լալու չափ հուզված՝ ներողություն խնդրեց Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր ժողովրդից: Չգիտեմ՝ ներկաներից ո՛վ հասցրեց եւ ո՛վ չհասցրեց ներել նրան, քանի որ այդ պահն այնքան արագ անցավ, որ ինդուլգենցիայի, մեղքերի խոստովանության ու թողության համար ժամանակ չմնաց, իսկ քավարանի մասին խոսք անգամ չի կարող լինել: Իսկույն մթնոլորտը փոխվեց ծիծաղի, խանդավառության, դուխոտ տրամադրության: Նիկոլն ու իր զինակիցները սկսեցին քայլել զվարթ, հպարտ, հաղթական: Նրանք հաղթել էին: Ո՞ւմ. այդպես էլ հայտնի չդարձավ:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031