Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցեկա»-ի դժբախտ շենքը

Մարտ 06,2021 10:00

Առաջին անգամ ես այդ շենք եմ մտել 80-ականների սկզբին, երբ ուսանող էի:

Ամենավառ հիշողությունս այն է, որ կոմերիտական ինչ-որ չինովնիկ թույլ չտվեց աղջիկներին, որ ներս մտնեն, քանի որ նրանք ջինսե տաբատներով էին: Հավանաբար, արգելքը «բուրժուական ազդեցությունների» դեմ պայքարի շրջանակներում էր: Շենքը մռայլ էր, անհրապույր՝ իր «պաշտոնական» գորգուղիներով (շատերը, որքան հասկանում եմ, 40 տարվա ընթացքում չեն փոխվել) եւ ծանր դռներով:

Այն պնդումները, որ 1948-50 թվականներին կառուցված այդ շենքի տեղը գերեզմանոց էր, կարծես թե, առասպելների ժանրից է՝ այդ բլրի վրա պտղատու այգի էր, բայց դա Երրորդ հանրապետության օրոք ոչ մի կերպ չի փրկել «ցեկայի» շենքը բազմաթիվ դժբախտություններից:

1996 թվականի սեպտեմբերի 25-ին կեղծված նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմնակիցները ներխուժեցին Ազգային ժողով եւ բռնության ենթարկեցին խորհրդարանի նախագահին եւ փոխնախագահին: Հաջորդ օրը խորհրդարանի նիստի ժամանակ իշխանական պատգամավորները ծեծի ենթարկեցին ԱԺՄ-ականներին: Մոտ երեք տարի հետո նույն շենքում տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը… 2006-10 թվականներին մեծ ջանքեր գործադրվեցին այդ ահավոր ահաբեկչության հիշողությունները ինչ-որ չափով շենքից վերացնելու համար՝ մասնավորապես հիմնովին վերանորոգվեց նիստերի դահլիճը: Բայց տխուր ավանդույթները շարունակվեցին. 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ-որ անհասկանալի կերպարներ ներխուժեցին ԱԺ դահլիճ եւ այնտեղ «սելֆիներ» արեցին, իսկ մի խումբ ստահակներ հարձակվեցին եւ դաժան ծեծի ենթարկեցին ԱԺ նախագահին: Հուսով եմ, այդ մարդիկ դատավճռով կստանան օրենքով նախատեսված առավելագույն պատիժը:

Իսկ այսօր ընդդիմադիր քաղաքացիները դարձյալ կանգնած են Ազգային ժողովի պատերի տակ՝ նրանց ցասումը, զայրույթը՝ պատերազմը տանուլ տված ապաշնորհ իշխանության հանդեպ, միանգամայն արդարացված է: Բայց եթե նրանք փորձեն ներխուժել խորհրդարանի շենք, դա, գոնե ինձ համար, որեւէ արդարացում չի ունենա: «Բարիկադների» մյուս կողմում իբր «ժողովրդի իշխանությունն» է, որը ցուցադրաբար զենքերի փողերն ուղղել է քաղաքացիների վրա: Փաշինյանը, հավանաբար, ցանկանում է ցույց տալ, որ Քոչարյանից առանձնապես չի տարբերվում:

Կարծում եմ, անկախ քաղաքական հայացքներից, Հայաստանի բոլոր նորմալ քաղաքացիները պետք է ցանկանան մի բան՝ որ այս անգամ դիմակայությունը ոչ մի ողբերգական հետեւանքների չբերի: Իսկ դրա համար քաղաքական ուժերը պետք է նստեն սեղանի շուրջ եւ պայմանավորվեն. ինձ համար այնքան էլ կարեւոր չէ, թե ով որ աթոռին է նստելու, շատ ավելի կարեւոր է, որ ոչ մեկի քթից անգամ արյուն չգա: Եվ ի՞նչն է, մեծ հաշվով, խանգարում հայ մարդկանց՝ բանակցել եւ գալ ընդհանուր հայտարարի: Մի՞թե դրա համար պետք է ԵԱՀԿ Մինսկի խումբ ձեւավորվի:

…Իսկ Ազգային ժողովի շենքի մասին եւս մի լեգենդ կա: Ասում են, երբ 1990 թվականին Հայաստանում կոմունիստական իշխանությունն ընկավ, գաղափար կար՝ այդ շենքը պատկերասրահ դարձնելու: Բայց հետո որոշվեց, որ այնտեղ դարձյալ պետք է նստեն իշխանավորները: Շենքն էլ նեղացավ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    ԱԺ շենքի ամենադիպուկ գնահատականը լսել եմ 3-4 տարեկան մի երեխայից՝ երթուղայինով Բաղրամյան պողոտայով իջնելիս: Մոր գիրկը նստած՝ պատուհանից դուրս նայելով ասաց. “Մամ, նայի, գազանանոց”: Արդեն չեմ հիշում, թե երբ էր, բայց կարևոր էլ չի. կարծես թե այդ խոսքերը վաղեմության ժամկետ չունեն:

  2. Լավատես says:

    Կա ռազմական խունտա, երբ զինվորականությունն է վերջնական որոշում կայացնում ոչ միայն բանակի հարցում, այլեւ տնտեսության ու քաղաքականության հարցերում՝ Պինոչետն օրինակ, կա առեւտրականների խունտա, երբ առեւտրականներն են վերջնական որոշում կայացնում ոչ միայն տնտեսության, այլեւ բանակի ու քաղաքականության հարցերում՝ Պուտինը օրինակ եւ վերջապես նորմալ բնական ուժեղ պետական համակարգ, երբ քաղաքական ուժերն են վերջնական որոշում կայացնում բոլոր հարցերում եւ ազգի առջեւ միակ պատասխանատուն են բոլոր հարցերում՝ մեր ապագա պետական համակարգն օրինակ: Բացի պետական կառույցներից, պետք է ստեղծվեն վերպետական կառույցներ, որոնք պետք է սպասարկեն պետությունների անխափան աշխատանքը՝ դա ընդհանուր դրամն է, ընդհանուր անվտանգության համակարգն է եւ նման բաներ:
    Հոդվածի թեմայով՝ միշտ չի , որ ամենահեշտն ու ամենաէժանը լավագույն տարբերակ է, մեր մի թեւը բյուզանդիային է ապավինում, մյուս թեւը՝ պարսիկներին, էլի էդ չարաբաստիկ կախյալի հոգեբանությունը, իսկ անկախ լինելու համար պետք է ապավինել սկզբունքներին ու Արարչին, արարել է պետք, ոչ թե քմկմտնոցի խաղալ, թե ով ավելի շուտ ուրիշի այսինչ տեղում կհայտնվի:

  3. Ruben says:

    Այն պնդումները, որ 1948-50 թվականներին կառուցված այդ շենքի տեղը գերեզմանոց էր, իհարկե դա ճիշտ չէ: Գերեզմանոցը վերեւ էր, որտեղ «Սիրահարների» այգին է եւ հարակից ճանապարհի (Բարեկամության պողոտա կամ այժմ Բաղրամյան պողոտա) հատվածը: Այո, այդ բլրի վրա «Բոլշեւիկ» Մուկուչի պտղատու այգին էր:
    1990 թվականին Հայաստանում կոմունիստական իշխանությունն ընկավ, գաղափար կար՝ այդ շենքը պատկերասրահ դարձնել: Եվ դա լեգենդ չէ: Կառավարությունը նստած է Լենինի հրապարակում, իսկ խորհրդարանը ՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի շենքում:
    Շենքն էլ, հողն էլ, այգին էլ նեղացան:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031