Արցախյան վերջին պատերազմից հետո շատ քաղաքացիներ բուժհաստատություններում անգիտակից էին եւ չունեին անձը հաստատող փաստաթղթեր:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարել: Խնդիրն այն է, որ այդ օրերին արցախյան պատերազմում վիրավորված եւ անգիտակից վիճակում բժշկական հաստատություններում գտնվող շատ քաղաքացիներ չեն ունեցել անձը հաստատող փաստաթղթեր եւ վտանգված է եղել նրանց՝ բուժօգնություն ստանալու եւ այդ նպատակով արտերկիր մեկնելու իրավունքը: Չնայած, ինչպես ոստիկանության ոլորտի պատասխանատուներն են վստահեցնում՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Անձնագրային եւ վիզաների վարչության կողմից տրվել են որոշակի լուծումներ, սակայն օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունն ակնհայտ է: Այդ նպատակով հանրային քննարկման է դրվել նախագիծ, որով նախատեսվում է ապահովել քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքն այն դեպքերում, երբ բժշկական հաստատությունում անգիտակից վիճակում գտնվող կամ հիվանդությամբ պայմանավորված՝ շարժվելու, գրելու ունակությունը, հիշողությունը կորցրած քաղաքացին, չունենալով վավեր անձը հաստատող փաստաթուղթ, չի կարողանում իրացնել բժշկական, սոցիալական, արտերկրում բուժում ստանալու նպատակով ՀՀ պետական սահմանը հատելու եւ այլ իրավունքներ:
Ներկայումս, գործող օրենսդրության համաձայն, անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար անձը դիմումը ներկայացնում է անձամբ, որից, ըստ էության, բացառություն է սահմանված միայն առաջին խմբի հաշմանդամների, անգործունակ ճանաչված անձանց եւ անչափահասների մասով: Օրենքը, սակայն, չի կարգավորում այն իրավիճակները, երբ անձը, պայմանավորված առողջական որոշակի խնդիրներով, ի վիճակի չէ անձամբ դիմում ներկայացնել՝ նոր անձնագիր ստանալու համար, ինչի արդյունքում քաղաքացու կողմից անձնագիր ստանալը դառնում է անհնարին:
Այս խնդիրները հաշվի առնելով, խնդրի լուծման նպատակով առաջարկվում է բուժհաստատություններում գտնվող անգիտակից կամ հիշողությունը, կամ ժամականավորապես ձեռքերը շարժելու ունակությունը կորցրած անձանց համար սահմանել անձնագիր ստանալու հնարավորություն` մերձավոր ազգականների, մասնավորապես՝ հոր, մոր, ամուսնու, զավակի դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում։ Ընդ որում՝ անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ընտրվել է քաղաքացու փոխարեն դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների նեղ շրջանակ՝ ժառանգներ կամ բժշկական հաստատության ղեկավարի գրություն՝ անձը հաստատող փաստաթուղթն այլ նպատակով օգտագործելու հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։
Կարդացեք նաև
Նախագծով մի ուշագրավ փոփոխություն էլ է առաջարկվում: Ներկայում քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի մեջ «ծննդյան վայրը» դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Ըստ ոստիկանության պատասխանատուների, այս մոտեցումն առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք:
«Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ ծննդյան վայրը փոխելու նպատակով, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրում որպես ծննդավայր որեւէ պետության նշումը նրա համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս: Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաեւ պետությունը: Այս դիրքորոշման ձեւավորման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հաշվի առնելով միջազգային չափանիշները, ցանկացած այնպիսի դեպքում, երբ «ծննդյան վայրը» դաշտում կոնկրետ պետություն նշելը խնդրահարույց է կամ որեւէ այլ հիմնավոր կամ ակնհայտ պատճառով նպատակահարմար չէ, պետությունները քաղաքացիների անձնագրում նշում են միայն անձի ծննդյան քաղաքը, ավանը, գյուղը կամ շրջանը` հիմք ընդունելով այդ փաստը հավաստող փաստաթուղթը (ծննդյան վկայական, օտարերկրյա անձնագիր, այլ փաստաթուղթ): Արդյունքում, առաջարկվել է ՀՀ օրենսդրության մեջ եւս կատարել համապատասխան փոփոխություններ` քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է»,-նշված է նախագծում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2021