Հայցվորը պատասխանողներից պահանջում է վերադարձնել օրենքով սահմանված կարգով իրեն հատկացված 1460 քմ մակերեսով տնամերձ հողամասից, այլ ոչ թե վարելահողից պակասող տարածքը, ուստի գործում առկա սեփականության վկայականը չի կարող վերաբերելի ապացույց համարվել
«Գրիգոր Վարդանյանը կոչումով նվիրյալ զինվորական է։ Նա Զինված ուժերում է 2000 թվականից, դեսանտագրոհային ջոկատի զինծառայող է եղել, կռվել է պատերազմի ամենաթեժ հատվածում: Չի լքել դիրքերը. մնացել է մարտական ընկերների հետ մինչեւ վերջ։ Կոնտուզիայից՝ ծանր նյարդահոգեբանական տրավմայից նոր է վերականգնվել։ Ապաքինվելուց հետո երեկ նրա հետ Արտաշատի դատարանում մասնակցեցի նրա ծնողներին պատկանող հողամասը Մասիսի քաղաքապետարանի կողմից 2013 թվականին այլ անձի օտարելու որոշումը անվավեր ճանաչելու եւ հողամասի նախկին սահմանները վերականգնելու պահանջի մասին դատական նիստին»,-«Առավոտին» ասաց իրավապաշտպան Խաչիկ Մարոզյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ պատասխանող կողմի փաստաբանը դատարանին դիմում էր ներկայացրել դատական նիստը հետաձգելու մասին, ինչը դատարանը բավարարել էր: «Եվ այսպես, գրեթե 8 տարի ընթացող դատական գործով երեկվա նիստը հետաձգվեց էլի 3 ամսով։ Պատասխանող կողմից միայն կադաստրի ներկայացուցիչն էր մասնակցում նիստին։ Գործի նյութերի ուսումնասիրությունը ապացուցում է, որ գործ ունենք սովորական զոռբայության եւ թայֆաբազության հետ, ինչին ավելի մանրամասն կանդրադառնամ առաջիկայում։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ Մասիսի քաղաքապետարանն այս դատական գործում արդեն իսկ ներգրավված լինելով որպես կողմ՝ վիճարկվող հողամասը 2013 թվականին օրինականացրել է նույն գործով պատասխանողներին»,-ասում է Խ. Մարոզյանը, ով չբացառեց, որ կդիմեն դատախազություն՝ պահանջելով հարուցել քրեական գործ։
«Առավոտը» ծանոթացավ դատական գործի նյութերին, որը դատական նիստից հետո մեզ տրամադրեց իրավապաշտպանը:
1991թ. հողի սեփականաշնորհման գործընթացի ժամանակ Մասիս քաղաքում մեկ հողաբաժնի չափը կազմել է 2500 քմ: Այդ գործընթացին մասնակցել է նաեւ Թամարա (Թամամ) Անտոնյանը (մահացել է 02.08.1993 թ.)՝ հայցվոր Հերիքնազ Վարդանյանի իրավանախորդը, Գրիգորիի մայրը, եւ Մասիսի քաղաքային խորհրդի գործկոմի 29.01.1993թ. թիվ 1 արձանագրային որոշման հիման վրա գրանցվել է նաեւ նրա սեփականությունը՝ ստանալով մեկ հողաբաժին՝ 2500 քմ հողամաս, որի մեջ ներառված է եղել նրա կողմից դեռեւս 70-ական թվականներից օգտագործվող տնամերձ հողամասը, որի մակերեսը սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի ենթահանձնաժողովի կողմից կատարված չափագրման համաձայն փաստացի կազմել է 1380 քմ, իսկ տարբերությունը՝ 1120 քմ հողամասը (2500-1380=1120) լրացվել է 3-րդ կարգի վարելահողով։ Այս փաստը հաստատվում է Մասիսի քաղաքապետ Մ. Հակոբյանի կողմից 17.06.2013 թ. Հերիքնազ Վարդանյանի դիմումին ի պատասխան տրված գրությամբ։
Կարդացեք նաև
Ըստ հայցվորի՝ «Գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 20.02.1991թ. եւ ուժը կորցրել է 04.01.2007թ.) 7-րդ հոդվածի համաձայն՝ գյուղացիական տնտեսություն վարելու համար որպես սեփականություն տրամադրվող հողամասի չափը որոշվում է ընտանիք (ծուխ), անդամ (շունչ) հարաբերությամբ, հետեւյալ կարգով՝ մինչեւ երեք անդամ (շունչ) ունեցող ընտանիքներին (ծխերին) մեկ հողաբաժին։ Տնամերձ (օժանդակ) հողամասի չափը հաշվարկվում է հատկացվող հողաբաժնի մեջ. «Մինչեւ Թամարա Անտոնյանի մահը եւ ժառանգության բացումը տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմել է առնվազն 1380 քմ՝ քաղաքապետի գրության համաձայն»:
Հայցվորը տնամերձ հողամասի համար որոշակի պետական վճարումները կատարել է 1400 քմ-ի, այլ ոչ թե՝ 1380 քմ-ի հաշվարկով, իսկ վարելահողի համար՝ 1100 քմ-ի հաշվարկով, ինչը նշանակում է, որ սեփականաշնորհման ժամանակ հայցվորի տնամերձ հողամասի փաստացի չափը հնարավոր է՝ եղել է 1400 քմ:
Դատարանում առկա էր նաեւ «Հայցի առարկան հստակեցնելու մասին» հայցվոր կողմի միջնորդությունը:
Համաձայն որի՝ դատարանին տեղեկացվում է. «Նկատի ունենալով այն, որ սույն քաղաքացիական գործը գտնվում է դատաքննության նախապատրաստության փուլում եւ 10.09.2013 թ. հրավիրվել է նախնական դատական նիստ, ինչպես նաեւ այն, որ սույն գործով որպես պատասխանողներ ներգրավված Ա. Հ.-ն, Վ. Հ.-ն եւ Ռ.Վ.-ն 16.08.2013 թ. փոստային ծառայության միջոցով ներկայացրել են հայցադիմումի պատասխան, որը հայցվոր Հերիքնազ Վարդանյանի ներկայացուցիչը ստացել է 19.08.2013 թ., իսկ դրան կից թղթերն ստացել է ավելի ուշ՝ դատարանից, քանի որ օրենքի խախտմամբ հայցադիմումի պատասխանին կից չէին ներկայացվել, հաշվի առնելով այն, որ պատասխանողների կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանին կցված փաստաթղթերի ցանկում էին նաեւ Մասիսի քաղաքապետի 2013 թ. թիվ 283-ա որոշումը, ժառանգության իրավունքի վկայագիրը եւ շինությունների ու հողամասի հատակագծերը, որոնց մասին հայցվորը չգիտեր եւ մոտ տասն օր առաջ է տեղեկացել նման փաստաթղթերի գոյության մասին, ցանկանում ենք հստակեցնել եւ լրացնել Հերիքնազ Վարդանյանի անունից ներկայացված հայցի հիմքը եւ առարկան, այդ թվում՝ դատարանից խնդրում ենք նաեւ մասնակիորեն անվավեր ճանաչել Մասիսի քաղաքապետի թիվ 283-ա որոշումը, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից ՀՀ, ք. Մասիս, 1-ին փող., թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը»: Նշվել էր, որ Արարատի մարզ, ք. Մասիս, 1-ին փող., թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը հայցվոր Հերիքնազ Վարդանյանը՝ որպես Թամարա (Թամամ) Անտոնյանի իրավահաջորդ, ձեռք է բերել 16.02.1994 թ. ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա, որի համաձայն՝ Անշարժ գույքի մասով Հերիքնազ Վարդանյանին թողնված ժառանգությունը բաղկացած է եղել 51,8 քմ բնակելի տարածությունից, 13,7 քմ օժանդակ տարածությունից եւ 1380 քմ մակերեսով տնամերձ հողամասից։ Հերիքնազ Վարդանյանի կողմից ժառանգությունն ընդունվելուց հետո 1380 քմ մակերեսով հողամասի համար 183.813 ռուբլու չափով 15.02.1994 թ. վճարվել է հողի կադաստրային գնահատման արժեքը:
Տարատեսակ վճարումներից բացի, հայցվորի եւ նրա իրավանախորդի կողմից անշարժ գույքի համար կատարվել էին այլ վճարումներ
եւս, վճարել են ոչ միայն 1380 քմ հողամասի համար, այլ նաեւ դրա 20 տոկոսի՝ 276 քմ-ի համար, այսինքն, հայցվորին ժառանգություն թողնված հողամասի չափն իրականում պետք է կազմեր 1380 քմ հողամասից 20 տոկոսով ավելի, այսինքն՝ 1656 քմ (1380+276=1656), որի համար կատարվել են որոշակի վճարումներ, սակայն անհասկանալի պատճառով հողամասի չափը ժառանգության բացումից առաջ եւ հետո մնացել է նույնը, չի ավելացվել։
Հայցվորը դատարանի ուշադրությունն էր հրավիրել հետեւյալի վրա. «Հատակագծի ուսումնասիրությունից հստակ է, որ հայցվորի կողմից անշարժ գույքի մասով ժառանգությունն ընդունելու ժամանակ հարեւանի հետ հողամասի սահմանային գիծը վերեւից ներքեւ ունեցել է ուղիղ գծի տեսք եւ չի ունեցել ոչ մի շեղումներ։ Նշանակում է՝ նմանատիպ տեսք է ունեցել նաեւ հարեւանի ունեցած հողամասի սահմանը, հողամաս, որը ներկայումս գրանցված է պատասխանողների անվամբ, եւ որի նկատմամբ, սակայն, նրանք սեփականության իրավունք են ձեռք բերել ավելի ուշ, իսկ թե մինչ այդ այն ո՞ւմ է պատկանել, ո՞ւմ կողմից է օգտագործվել եւ ի՞նչ իրավունքով, հնարավոր է պարզել միայն այդ հասցեի ամբողջ կադաստրային գործն ուսումնասիրելուց հետո»:
Պատասխանողների անվամբ ներկայումս սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույք 2-ի մասով 22.04.2013 թ. կազմված հողամասի եւ շինությունների հատակագծերը, որոնք դրվել են Մասիսի քաղաքապետի որոշման եւ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից կատարված պետական գրանցման հիմքում, հակասում են Հերիքնազ Վարդանյանին դեռեւս 1994 թ. եւ դրանից հետո տրված հատակագծերին։ Այսինքն, պատասխանողների անվամբ գրանցված հողամասի եւ շինությունների հատակագծերում անօրինական ձեւով ընդգրկված են որոշակի տարածքներ, որոնք նաեւ ապօրինի ձեւով մինչ այդ եւ ներկայումս օգտագործվում են նրանց կողմից, սակայն այդ տարածքները առնվազն 20 տարի առաջ հատկացվել են հայցվորի իրավանախորդին, իսկ այնուհետեւ ժառանգությամբ անցել են հայցվորին, որպես սեփականություն։
Ստացվել է՝ նույն հատվածի նկատմամբ ավելի վաղ ճանաչվել է հայցվորի սեփականության իրավունքը, ապա «ինչ-որ քաղվածքի հիման վրա» գրանցվել է որպես պատասխանողների սեփականություն, ինչը ըստ ներկայացուցչի, վկայում է հայցվորի իրավունքների ոտնահարման մասին, ուստի դատարանից պահանջվում է ճանաչել հայցվորի սեփականության իրավունքը, եւ որպես հետեւանք՝ անվավեր ճանաչել պատասխանողների անվամբ անշարժ գույքի նկատմամբ կատարված պետական գրանցումները:
Հայցվոր կողմը, ինքնուրույն պահանջ ներկայացնողը խնդրել են դատարանին նիստերը Արտաշատից տեղափոխել Մասիսի նստավայր, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցել նիստերին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2021