Լույս է տեսել Վովա Արզումանյանի «Հետդարձից առաջ» արձակ գիրքը, որը հեղինակը նվիրել է հայ զինվորին։ Նա իր նախորդ գրքերը վերնագրել էր` «Ճերմակ կարոտ», «Խաղաղությունն ու ես», «Բանակի տղան»։
«Հետդարձից առաջ» գրքում արծարծված թեմաները որքան ծանր, նույնքան ժամանակի կողմից պարտադրված են։ Պատերազմն իր բոլոր գորշ գույներով հեղինակի ստեղծագործական աշխարհում շրջադարձ է կատարել` տողի ու բառի արանքում սեղմելով ցավն ու անափ կարոտը։
«Ցանկանում եմ նշել, որ ամեն ստեղծագործություն մեր տեսածի ու ապրածի շարադրանքն է։ Պատերազմի թողած անջնջելի հետքերով կարող է ընթերցողը բացել գիրքը, բայց իր մեջ ուժ ունենալով, որովհետեւ թեման ծանր է, շատ ծանր»,-ասում է Վովա Արզումանյանը։
Գրքում տեղ են գտել հեղինակի պատմվածքները, էսսեները, էտյուդներն ու օրագրային գրառումները։
Կարդացեք նաև
«Ի տարբերություն այսօրվա` պատերազմի մասին գրողների, Վովա Արզումանյանի քնարական արձակում բառերը չեն աղմկում, չկան նզովքի` ականջ ծակող, սիրտ մաշող ճիչեր, պաթետիկ բացականչություններ. նրա արձակը լուռ է, ինչպես լույսի թափանցիկ թրթիռը, պատկերները, որքան խոսուն, նույնքան լուռ են` իմաստավորված կորուստների անչափելի գիտակցությամբ»,-ասում է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Աիդա Մարանջյանը։
«Տեսնել, սեփական մաշկի վրա զգալ պատերազմի դառնությունները, կորցնել այնքան հարազատներ, ընկերներ, հայրենակիցներ, ահավոր է։ Իսկ խաղաղությունը չգիտեի, որ վախկոտ լինելու հետ մեկտեղ, նաեւ դավաճան կարող է լինել։ Ես ուզում էի հաղթանակած խաղաղություն նկարել իմ տողերով…»,-նշել է հեղինակը:
«Ծնունդով Արցախից եմ, կապված եմ ամեն անկյունի հետ: Հիմա շատ ծանր է, շատ… Սակայն ապրում եւ ստեղծում ենք մի հույսով, որ կորցրածը հետ կբերենք մի օր»,-վստահ է Վովա Արզումանյանը։
Մ. Ս.
«Առավոտ» օրաթերթ
05.03.2021