«ԳՇ-ում քաղաքական ղեկավարության հետ խնդիրն ավելի մեծացավ, երբ զինվորականությունը սկսեց հասկանալ, որ իրենք կարող են դառնալ քավության նոխազ`կապիտուլյացիայի եւ պարտության համար»,-«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:
«ԳՇ հայտարարությունը հասունանում էր զինվորականության շրջանում: Տիրան Խաչատրյանի հետ տեղի ունեցածն, իմ կարծիքով, այնուամենայնիվ, պատրվակ էր, վերջին կայծն էր կամ, ասենք այսպես`այդ պահին համընկան թե առիթը, թե ներքաղաքական, գուցե նաեւ աշխարհաքաղաքական հարմար պահը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանն`անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:
Մեր զրուցակցի գնահատմամբ, վաղուց կանխատեսելի էր, որ Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության ծառայություններն, ինչ-որ մի պահի, այլեւս արտաքին քաղաքական խաղացողների համար հետաքրքիր չեն լինելու. դա այն պահից սկսված էր լինելու, երբ բոլոր պարտավորությունները, որոնք վերցրել էր ՀՀ իշխանությունը, կամ ամբողջությամբ կատարված են լինելու, կամ, այլեւս ակտուալ չեն լինելու. «Քանի որ աշխարհաքաղաքական գործընթացները մեծ խաղացողների հետ շաղկապված են, ես չեմ բացառում, որ շահերի այն համընկնումները, որոնք կային, օրինակ, ՌԴ-ի եւ Թուրքիայի, նաեւ Ադրբեջանի միջեւ նոյեմբեր ամսին, փետրվարի վերջին կամ մարտ ամսին կարող են ինչ-որ դետալներում չլինել: Եվ այս պարագայում, արդեն ակտուալ չէ, որ Նիկոլ Փաշինյանը կատարի այն ժամանակ մեր երկրի վրա վերցրած պարտավորությունը»:
Վկայակոչելով աշխարհաքաղաքական զարգացումները, որոնց արդյունքում, օրինակ, Սիրիայում ՌԴ-ի եւ Թուրքիայի շահերը սկսում են ինչ-որ տեղ չհամընկնել, որովհետեւ Թուրքիան ԱՄՆ ներկայիս ադմինիստրացիայի հետ ավելի սերտ հարաբերություններ է սկսում հաստատել` տարբեր պատճառներով, Թուրքիան կոշտ հայտարարություններ է անում ռուսական C 400 համակարգերի, Սեծովյան ավազանում ՆԱՏՕ-ի ներկայության, Ղրիմում եւ Դոնբասում իր ներկայության մասին, մեր զրուցակիցը հանգում է այն եզրակացության, որ իրավիճակային փոփոխությունները հնարավոր է հանգեցնեն նրան, որ ՌԴ-ի համար Նիկոլ Փաշինյանի գործոնն արդեն շատ հետաքրքիր չլինի եւ ՌԴ-ին առավել ձեռնտու լինի, որ Հայաստանում իշխանության գան ուժեր, որոնք ավելի կոշտ վերաբերմունք ունեն թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ:
Կարդացեք նաև
Այս համատեքստում, ըստ նրա, այժմ Հայաստանում ականատես ենք իշխանափոխության գործընթացի, որը ունի ինչպես հանրությանը տեսանելի, այնպես էլ անդրկուլիսյան զարգացումներ`թե ներքին, թե արտաքին խաղացողների մասնակցությամբ: Ի դեպ, անդրկուլիսյան զարգացումները, քաղաքագետի գնահատմամբ, բավական խորը եւ բարդ են: «ԳՇ-ում, կարծում եմ ի սկզբանե ունեին խնդիր քաղաքական ղեկավարության հետ: Բայց խնդիրը ավելի մեծացավ, երբ ԳՇ-ում, զինվորականությունը սկսեց հասկանալ, որ իրենք կարող են դառնալ քավության նոխազ`կապիտուլյացիայի եւ պարտության համար: Թեեւ կապիտուլյացիան քաղաքական ակտ է, բայց իրենք սկսեցին հասկանալ, որի իրենց վրա են ուզում դուրս գրել այս պարտության ողջ պատասխանատվությունը, ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլ նաեւ քրեական առումով»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հաշվի առնելով նաեւ ՀՀ բանակի ծագումնաբանությունը, շաղկապվածությունն աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների հետ, նաեւ այնտեղի տրամադրություններն էլ ազդեցություն թողեցին բանակի ղեկավարության տրամադրությունների եւ գործողությունների վրա:
Այս գործընթացում, Վիգեն Հակոբյանը նաեւ ձեւն է կարեւորում. թեեւ Նիկոլ Փաշինյանը մեր օրակարգ մտցրեց ԳՇ հայտարարության ռազմական հեղաշրջում լինել-չլինելու բանավեճը, բայց եւ ՌԴ-ն, եւ արեւմտյան ազդեցիկ կենտրոններն անընդհատ հասկացնում են, որ իրենց համար շատ կարեւոր է, որ ներհայաստանյան զարգացումները լինեն, այսպես ասած, լեգիտիմ ճանապարհով. «Մանավանդ ՌԴ-ն հասկացնում է, որ իր համար կարեւոր է, որպեսզի չլինի հերթական հեղափոխական նախադեպը` իշխանության գալ փողոցով, քանի որ մի կողմից դա ավանդույթ է դառնում տվյալ երկրի համար, իսկ ՌԴ-ին պետք է կայունություն`իր ռազմավարական դաշնակից երկրում, մյուս կողմից, նման նախադեպերը նաեւ ՌԴ-ում են հակաիշխանական շրջանակներում ոգեւորություն առաջացնում: ՌԴ-ն քանիցս բացահայտ հայտարարեց, որ այն, ինչը տեղի է ունենում Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է: Բայց նաեւ ուղղակի ասացին, որ իրենց համար նախընտրելի է, որպեսզի ամեն ինչ լինի, այսպես ասած, պրոտոկոլով: Այս պարագայում, ես կարծում եմ, որ սա ընդդիմության համար ինչ-որ տեղ նաեւ զսպաշապիկ է. ընդդիմությունը խոսում է «պլան Ա»-ի մասին եւ համարում է, որ այն աշխատում է: Եվ չնայած ընդդիմությանը մեղադրում են ակադեմիզմի մեջ, բայց ընդդիմությանը մի կողմից հաջողվում է կայունացնել հավաքների զանգվածների քանակը, մյուս կողմից էլ ընդդիմությանը հաջողվել է նաեւ ստանալ ուժայի ամենահզոր կառույցներից մեկի, առնվազն, շահերի համընկնում: Սա բավականին լուրջ հաջողություն է ընդդիմության համար եւ այս պայմաններում, ընդդիմությունը կարող է ավելի կոշտ մեթոդների գնալ, մանավանդ օդում կախվեց ապստամբության տարբերակը, բայց, կարծում եմ, նրանց զսպում են արտաքին խաղացողների սահմանած չափանիշները»:
2018-ին, Արարատ Միրզոյանի կողմից «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում, նախօրեին, ԱԺ շենքի պատշգամբից դիպուկահարների տեսանելի գոյությունը, լուսաձայնային նռնակների տեղադրումը, ոստիկանական եռաշերտ պատը, քաղաքագետը իշխանության կողմից ուժի ցուցադրման փորձ է համարում, որպեսզի ցույց տա, որ թեեւ բանակի, գեներալների նկատմամբ վերահսկողությունն իրենց չի հաջողվում վերականգնել, բայց որոշ ուժային կառույցների աջակցությունն ինքն, այնուհանդերձ, ունի: Այս ուժի ցուցադրությունը, ըստ քաղաքագետի, Նիկոլ Փաշինյանին պետք է թե 17-ի հետ բանակցություններում, թե խորհրդարանական ընդդիմության, թե նախագահի հետ, որոնց փորձում է տարբեր բաներ առաջարկելով պառակտում մտցնել դաշտում, թե նաեւ արտաքին խաղացողների հետ, որպեսզի իր համար ոչ նպաստավոր իրավիճակը փոխի:
«Իր զանգը ՌԴ նախագահին, որի ժամանակ, որքան հասկանում եմ, իր հետ շատ կոշտ խոսակցություն է գնացել, ինչին հետեւեց «Իսկանդերի» համար պաշտոնական ներողությունը`փորձելով հարթել ՌԴ իմիջին հասցված հարվածը եւ ռազմաարդյունաբերությունը քարուքանդ անելը. իսկ ՌԴ-ի դերը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում այժմ հսկայական է, հաշվի առնելով այն, որ իբրեւ աշխարհաքաղաքական կենտրոն ՀՀ-ն ՌԴ-ի պրոտեկտորատի ներքո է: Այսինքն, ընդդիմության տարբեր սեգմենտները եւ իշխանությունն այս պահին Հայաստանում փորձում են սեղանին դնել իրենց բոլոր իրական եւ թվացյալ առավելությունները, որպեսզի դրանք դարձնեն բանակցային ռեսուրս`գալով արտահերթ ընտրությունների, յուրաքանչյուրի համար առավել նպաստավոր պայմաններով: Ի վերջո, այսօր Հայաստանում վեճ չի գնում`պե՞տք են արտահերթ ընտրություններ, թե`ոչ, այլ`ո՞վ է դրանք կառավարելու»,-ասաց քաղաքագետը:
Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ու իշխող ուժը փաստացի իշխանություն չունեն, փաստացի իշխանություն չունի նաեւ ընդդիմությունը, բայց եթե մինչեւ ԳՇ-ի փետրվարի 25-ի հայտարարությունը երկրում անիշխանություն վիճակ էր, քանի որ իշխանությունը նույնիսկ որոշ մարզեր չէր կարողանում մուտք գործել, ապա այդ հայտարարությունից հետո որոշակի հավասարակշռություն կա. «Եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի տեղ իշխանություն ունի, ապա հավասար իշխանություն ունի նաեւ ընդդիմությունը: Այդ պատճառով է Նիկոլ Փաշինյանը փորձում բանակի նկատմամբ վերահսկողությունը վերականգնել»:
Հայաստանի ներքաղաքական բանավեճը, մեր զրուցակցի գնահատմամբ, Հայաստանի արտաքին կողմնորոշման փոփոխության շուրջ չէ:
Բայց նման բանավեճ կա իշխանության ներսում. «Այն քաղաքական, հասարակական եւ տնտեսական ուժերի սիմբիոզը, որը որ Նիկոլ Փաշինյանին բերել է իշխանության, այլ պատկերացումներ եւ նպատակներ են ունեցել: Այն է` Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը փոխել: Դա արագ չի հաջողվել անել եւ ի վերջո, հատկապես պատերազմի արդյունքներով, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության Հայաստանն արտաքին կառավարման տակ է հասցրել եւ, որպեսզի պաշտպանի իր իշխանությունը, փորձել է առժամանակ ուղղակիորեն մտնել ռուսական պրոտեկտորատի տակ: Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ հասկանում է, որ եռակողմ պայմանագրի եւ դրա կատարման հետ կապված իր օգտակարության ժամկետը ավարտվել է ու դրանով էր պայմանավորված իր կոշտ ու անսպասելի հայտարարությունն «Իսկանդերի» հետ կապված: Դրանով, հերթական անգամ ինքը փորձեց աշխարհաքաղաքական նավը փոխել` ուղերձ հղելով այլ քաղաքական բեւեռներին, որ կարող է օգտակար լինել եւ իրենց մոտ գնալ ոչ դատարկ ձեռքերով: Սա աշխարհաքաղաքական դիսկուրս չէ: Սա իշխանությունը պահելուն ուղղված քայլ է: Իսկ Հայաստանում համակարգային`քաղաքական, տնտեսական, սոցիալական, անգամ ազգային ինքնագիտակցության ճգնաժամ է, ինչի վկայությունը իշխանական գործիչների գնահատականներն են մեր պատմությանը, ազատագրական շարժումներին: Եվ չգիտես ինչո՞ւ այդ զանգվածը գտնվում է իշխանական ճամբարում»:
Այս ֆոնին, իշխանության գրկաբաց վազքը դեպի Թուրքիա եւ Ադրբեջան`դիվանագիտական ու առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատում, ըստ քաղաքագետի, մեծամասամբ կախված է լինելու հետագա աշխարհաքաղաքական զարգացումներից, որոնք արագ եւ անակնկալ փոփոխվում են: Այս իմաստով, նա ուշագրավ է համարում կոմունիկացիաների հաստատման եռակողմ բանակցությունների ֆոնին` Աբխազիայի խորհրդարանի պաշտոնական դիմումը ՌԴ-ին` երկաթգիծը շահագործելու մասին. «Սա նշանակում է, որ ՌԴ-ն Հայաստանին առաջարկում է դեպի ՌԴ ավելի իրական ճանապարհ, քան այն, ինչը որ ՌԴ-ի մասնակցությամբ արդեն առաջարկվել էր: Ես կարո՞ղ եմ ենթադրել, որ ՌԴ-ն մինչեւ վերջ շահագրգիռ չէ, որ Թուրքիայի հետ Հայաստանի կոմունիկացիաները բացվեն: Այսինքն, գործընթացները ՀՀ իշխանությունների եւ իրենց սպասարկող տնտեսական կլանների ցանկությամբ չեն միայն պայմանավորված: Իսկ ՀՀ իշխանությունները եւ նրանց սպասարկող տնտեսական կլանները, ըստ էության, ցանկանում են րոպե առաջ կապիտուլյացիան ամրագրել, ոչ միայն իբրեւ քաղաքական պայմանագիր, այլ դրանից բխող դիվանագիտական քայլեր անել. դա նշանակում է` ճանաչել սահմանները, ցեղասպանության հարցը փակել: Իսկ դա նշանակում է`արձանագրել այսօրվա պարտությունը`այսօրվա սահմաններով, բացառել որեւէ հավակնություններ: Դա նոնսենս է: 1994-ին Բիշքեկի այմանագիրը ստորագրվեց, բայց Ադրբեջանը չգնաց խաղաղության պայմանագրի ստորագրման: Եւ ոչ Ադրբեջանը, հետագայում նաեւ ոչ էլ Թուրքիան, չգնացին դիվանագիտական հարաբերությունների հաստատման, քանի որ դա մեր շահերից էր բխում: Հիմա, երբ մենք ամեն ինչ կորցրել ենք, բոբիկացած վազում ենք պայմանագի՞ր ստորագրելու»:
Ի դեպ, ըստ Վիգեն Հակոբյանի, իշխանության ներսում այս շահագրգիռ խմբի ազդեցությունը հնարավոր է շատ ավելի մեծ է, որպեսզի իշխանությունը պահեն, քան Նիկոլ Փաշինյանի խմբի, քանի որ այդ խումբը գուցե կորցնելու շատ ավելի մեծ բան ունի:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2021