Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«2021թ.-ի փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը Գլխավոր դատախազ էր ընտրում: Մինչ քվեարկությունը Գլխավոր դատախազի թեկնածուին Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հայտարարություն-հարց ուղղեցի և ֆեյսբուք հարթակի իմ էջում տեղադրեցի տեսանյութը (նույն տեսանյութը կրկին տեղադրում եմ):
Մարտի 3-ին ստացա Գլխավոր դատախազ Գ.Գ. Ներսիսյանի գրավոր պատասխանը, որում, մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով սույն թվականի փետրվարի 11-ին ԱՀ Ազգային Ժողովի նիստում նաև Ձեր կողմից բարձրաձայնված լինելու հանգամանքը, հայտնում եմ, որ 10.12.2020թ. ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդման քննարկման արդյունքում սույն թվականի փետրվարի 18-ին գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է հիշյալ քննչական բաժնում: Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ դատախազությունը պարբերաբար կհրապարակի տեղեկատվություն»:
Հարկ եմ համարում փաստել, որ սա Արցախում նախադեպը չունեցող երևույթ է: Նորընտիր Գլխավոր դատախազ Գ.Գ. Ներսիսյանն իր գործողություններով, սկսում է ապացուցել, որ հանդիպումների ժամանակ ասված մտքերը լոկ խոստումներ չէին մեր քվեն ստանալու համար:
Կարդացեք նաև
Օրինական արդյունքին սպասելով, լիահույս լինենք, որ այնուամենայնիվ, մի օր ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ է հաստատվելու Արցախում: ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցությունն էլ երբևէ հետ չի կանգնելու իր որդեգրած քաղաքականությունից, այն է` հետամուտ լինել, որպեսզի Արցախում հաստատվի արդարությունը»: