Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սաղաթելյան․ «Զբաղվելու եմ մի ֆեյքով, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»

Մարտ 05,2021 19:00

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը, որը քիչ  առաջ դատարանի դահլիճից ազատ արձակվեց, լրագրողների հետ զրույցում ասաց՝ իշխանությունն էլ չի հասկանում, թե իրեն կալանավորելով ինչ խնդիրներ է ուզում լուծել․«Իմ խորը տպավորությամբ իշխանության գլխում իրար հակասող մտքեր են պարբերաբար ի հայտ գալիս, որն, իհարկե, համապատասխան հոգեվիճակի արդյունք է։ Կատարվեց մի աննորմալ ապօրինություն, որի աննորմալությունն ու ապօրինությունը սկսվեց առաջին պահից, երբ եկան գրասենյակ խուզարկության, որտեղ ես գտնվում էի, բայց արձանագրված էր կողքի գրասենյակը՝ ՀԿ-ի, որի տնօրենն եմ, խուզարկեցին ամբողջ տարածքը, առգրավեցին ամբողջ տեխնիկան ու որոշ փաստաթղթեր, այնուհետեւ որոշ թղթերից մի քանիսը ներկայացվեց դատարանին, իբր իմ սենյակից առգրաված»։

Արա Սաղաթելյանն իր կալանավորման եւ իր դեմ մեղադրանք առաջադրելը համարում է քաղաքական եւ այն նպատակաուղղված է, իր խոսքով ասած՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պարոն Սաղաթելյանը հայտարարեց, որ նիստի ընթացքում քննիչը փորձում էր մոլորեցնել դատարանին, ներկայացնում էր աղճատված տվյալներ, ընդհուպ աղճատվել էր գաղտնալսումը․ «Այսինքն, ես ասել եմ մի բան, իրենք բերում են թղթով ուրիշ բան եւ կպցնում են երրորդ բան։ Դատարանն էլ դեմ չէր մոլորվելուն, ինչի հետեւանքով հայտնվեցի մեկուսացման վայրում»։

Անդրադառնալով ProtonVPN-ից օգտվելու հանգամանքին, Արա Սաղաթելյանն ասաց․ «Կա շատ սխալ եւ շատ բութ կարծրատիպ, որը ես նկատեցի դատախազության շատ տարօրինակ վարքագիծ ունեցող ներկայացուցչի մոտ երեկվա նիստում՝ մեր ուժայինների մոտ տպավորություն է, որ ProtonVPN-ը թաքնվելու համար է։

ProtonVPN-ն համակարգն ընդլայնվելու համար է, ավելի մեծ հնարավորություն է տալիս ավելի մեծ քանակի ռեսուրսներից օգտվելու։ Մեղադրականի մեջ ինձ մեղսագրվում է, որ ես ստեղծել եմ այդ ֆեյքը, ես հաստատ եմ ասում՝ ես կապ չունեմ, ու դա շատ կարեւոր է ինձ համար, որ ես կապ չունեմ, որովհետեւ իմ կալանքին զուգահեռ` գնաց ինձ վարկաբեկելու գործընթաց։ Բացի իմ հիմնական զբաղմունքից, ես մանկավարժություն եմ դասավանդում, եւ իմ ուսանող աղջիկները տեսան ԱԱԾ-ի ապուշ ռելիզը, մտան այդ ֆեյքը ու տեսան հայհոյախառն տեքստերը։ Ես վաղվանից դադարեցնում եմ մանկավարժական գործունեությունը եւ այլեւս այս երկրում դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան, եւ զբաղվելու եմ մի ֆեյքով, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»։

Թե ով է Գագիկ Սողոմոնյան կեղծ օգտատերը, պարոն Սաղաթելյանն ասաց․ «Կյանքում Գագիկ Սողոմոնյան կարդացել եմ չորս անգամ մինչեւ նստելս։ Դատարանում հիմնավորում էին, որ ես իբր ստեղծել եմ ինչ-որ հանցավոր ցանց, խումբ, տըռը-վըռը, որ էդ Գագիկ Սողոմոնյանին, կներեք պարզ բառերով ասեմ, քշեմ։ Դատարանում ես իմացա, որ այդ Գագիկ Սողոմոնյանը ստեղծվել է 2018 թվականի հունիսին, ես VPN-ն եմ գրվել պատերազմից առաջ, վճարելով իմ քարտով։ Կարող է ձեզ թվա տարօրինակ, բայց դա ընդունված բանաձեւ է՝ կարող է Գագիկ Սողոմոնյանն իրենցից ինչ-որ մեկն է։ Ես հետո ձեզ կտամ տասնյակ նախադեպեր, երբ ինչ-որ փտած կառույցներ, օրինակ ֆեյքերի ՊՈԱԿ-ը, որը ժամանակին ղեկավարել եմ ես եւ դա եղել է երկրի տեղեկատվական անվտանգությանը սպասարկող լրջագույն կառույց, եւ այն ժամանակ ունեցել է ընդամենը 279 մլն դրամ բյուջե, հիմա ինքը ունի 1,5 դոլար բյուջե, այդ 1,5 դոլար բյուջեն ուտելու համար պետք է դաշտում ստեղծել բոբոներ, որ հիմնավորեն այդ բյուջեի ուտելը։ Դա շատ հին մոտեցում է»։

Արա Սաղաթելյանը նաեւ ասաց․«Այո, ես կարող եմ վատ խոսել հայերեն, ես կարող եմ տարբեր ձեւի խոսել հայերեն, բայց ես երբեք չեմ հայհոյում կնիկ, էրեխա բացառված է»։

Արա Սաղաթելյանի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նշեց՝ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի որեւէ հոդվածով հիմնավոր կասկած առկա չէ։

Նա ասաց, որ ՀՀ-ում կատարվել է տոտալ անօրինականություն, մարդկանց քմահաճույքների պատճառով Արա Սաղաթելյանը 14 օր եղել է անազատության մեջ․ «Ես սա որպես հաղթանակ չեմ դիտարկում, դիտարկում եմ որպես պայքարի սկիզբ, որովհետեւ հանցագործության հետ որեւէ կապ չունեցող անձին իր բնական միջավայրից հանել են եւ լրիվ անօրինական կարգով պահել քրեակատարողական հիմնարկում»։

Պաշտպանը նշեց՝ այս գործով հաղթանակ կարձանագրեն միայն այն պարագայում, երբ տոտալ անօրինականությունների հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք՝ կլինի դատարանի նախագահ, պատվեր տվող, թե մեկ այլ անձ, լրիվ օրինական հիմքերով կհայտնվեն քրեակատարողական հիմնարկի ներսում եւ կխորհեն այն հանգամանքի մասին, թե ինչպես է ստացվում, որ անձին որեւէ հանցագործության հետ առնչություն չունենալու պարագայում, ուղղակի հրահանգով ստիպում են, որ հայտնվի ՔԿՀ-ում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031