Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ր մեկը ներդրումներ կկատարի ռազմական իրավիճակում և քաղաքական ցնցումներով հագեցած երկրում»․ «ԱՐՄՈՆ» ՍՊԸ-ի տնօրենի պարզաբանումը

Մարտ 05,2021 18:07

Երեկ Aravot.am-ին տված հարցազրույցում Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հայտնել էր, որ «ԱՐՄՈՆ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատուր Սարգսյանը խնդրել է սառեցնել իր «Սկայ Գյումրի» ներդրումային ծրագիրը։

Այդ ծրագրի համաձայն, Գյումրին պիտի ունենա էկոլոգիապես մաքուր օդային տրանսպորտի համակարգ՝ իր ենթակառուցվածքներով ։

Հիշեցնենք, որ գործարարը ծննդով գյումրեցի է, սակայն երկար տարիներ բնակվում և աշխատում է Աֆրիկայի Տանզանիայի Միացյալ Հանրապետությունում։ Նա նաև նախաձեռնել էր ԱՊՇԱՆՔԻ ԱՅԳԻ / հայտնի կոկորդիլոսաբուծարան/ ծրագիրը Արարատի մարզում․ այս ծրագիրը ևս անցած տարի կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես կասեցվել է ։

Խաչատուր Սարգսյանն, արձագանքելով մեր հրապարակմանը, ներկայացրեց իր պարզաբանումները։ Նա նշեց՝ «Սկայ Գյումրի» ծրագիրը դեռ գտնվում է բանակցությունների փուլում, և որևէ փաստաթուղթ դեռ ստորագրված չէ քաղաքապետարանի հետ՝ ո՛չ հուշագիր, և ո՛չ պայմանագիր։

Գյումրու քաղաքապետարանի հետ դեռ բանակցվում է տարածքների հարցը, մասնավորապես քաղաքապետարանը ծրագրի համար անհրաժեշտ 14 տարածքից մինչև այսօր հատկացրել է 3-ը, ընդ որում մեկը՝ ոչ պահանջված չափերի։

Գործարարին առաջարկել են մնացած տարածքները գնել, որը թանկացնում է ծրագրի արժեքը՝ դարձնելով տնտեսապես ոչ նպատակահարմար։

Ըստ Խաչատուր Սարգսյանի, այս ծրագրով հետաքրքրված է միայն քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նա առաջին օրվանից ամեն ջանք ներդնում է, սակայն երբ հերթը հասնում է ստորին օղակներին, փակուղի է մտնում։

Գործարարը հավաստիացնում է, որ ներդրումային գումարը կա, սակայն մտածելու թեմա է նաև այն, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններին ո՞վ կզբաղեցնի քաղաքապետի պաշտոնը։

«Մենք կասեցման մասին հայտնել ենք քաղաքապետարանին, տեղեկացնելով, որ աշխատում ենք ինժեներական կենտրոնի ծրագրի վրա։ Կենտրոնը համարվում է ծրագրի հիմնական ենթաբաժիններից մեկ, իսկ կասեցումը պայմանավորված է քաղաքական իրավիճակով ու Հայաստանում հաստատված ռազմական դրությամբ։

Ինժեներական կենտրոնը ծրագրի մի մասն է՝ գիտական ու ամենազգայուն մասը։ Իսկ դա նշանակում է՝ ծրագիրը կա և ապագայում կշարունակվի։ Ասեմ, որ մենք ոչ մի իրավական փաստաթուղթ Գյումրու քաղաքապետարանի հետ չունենք կնքած, մենք դեռ բանակցությունների փուլում ենք, իսկ բանակցություններ դեռ չեն նշանակում՝ ես պարտականություններ եմ վերցրել։

Նույնը վերաբերում է նաև Ապշանք այգուն, որը դուք գիտեք՝ որպես կոկորդիլոսաբուծարան։ Նույն վիճակն այնտեղ է, զբոսաշրջությունը կանգնել է, իսկ մենք չենք կարող գումար ներդնել, եթե եկամուտ չենք աշխատելու։ Այսինքն՝ բոլորն ունեն իրենց ենթատեքստը։

Գյումրիում մենք 14 տարածք ենք խնդրել, քաղաքապետարանը մեզ տվել է ընդամենը 3-ը, որից մեկը ոչ պիտանի, այնքան փոքր է, որ ոչ մի բան չես կարող անել ու ասում են՝ սկսիր, հետո մի բան կմտածենք։ Էդ ո՞ր ներդրողը փողը կներդնի նման պայմանով։ Իրենք ութը հաստատել են, տվել են երեքը, իհարկե, մենք դեռ ոչ մի բան չենք վերցրել, ուղղակի իրենք դեռ վկայագրեր են հանել, դրանք պատկանում են քաղաքապետարանին, ինձ չեն պատկանում։

Քաղաքապետարանից ասում են՝ մնացած տարածքները գնեք, գնելու դեպքում ծրագիրը կթանկանա, դուք կգնե՞ք, չեք գնի։ Ընդ որում` տվել են տարածքներ, որոնք համայնքապետական չեն, ասում են՝ գնա, լուծի, ասենք՝ Ուռուգունդի տարածքը, Գյումրիի բանտի տարածքը, Լճի տարածքը։ Ասում են՝ գնա պետական գույքից վերցրու, գնա պաշտպանության նախարարությունից վերցրու։

Ասում են՝ գնի, իսկ հողերի գինը գիտեք, եթե մի բան առնում ես, տաս անգամ միանգամից թանկանում է։ Այսինքն՝ այնպիսի պայմաններ են, որոնք քեզ ստիպում են չանես, հետո մեղքը գցում են քո վրա, որ կասեցրել են։

Այ, սրանք ենք, որ խանգարում են ներդրումներին։ Այսինքն՝ մենք իրենց թուղթը ներկայացրել ենք, որ ներդրողը կա, մեզ փող է տալիս, բայց քանի որ մենք չունենք ոչ մի պատրաստի բան, ինչպե՞ս վերցնենք այդ փողը։ Դա նույն է, որ աշխատանք չունենաս ու պարտք վերցնես, կանե՞ք նման բան, ո՞նց եք վերադարձնելու»,-ասում է գործարարը։

Նա նշում է, որ բիզնեսը շատ նուրբ է ու համեմատում է կնոջ հետ։

«Բիզնեսը շատ նուրբ է, հենց նեղացավ, փախնելու է։ Այսինքն` յուրաքանչյուր փոքր ցնցում ազդում է բիզնեսի վրա, և բիզնեսը մեր մտածելակերպով չէ՝ ասել ես, պիտի անես, պիտի անես, երբ քեզ հարմար է։ Եթե քեզ հարմար չէ, իմաստ չունի անես։ Նույնը վերաբերում է մյուս ծրագրին՝ Ապշանքի այգուն, այն կապված է Հրազդան գետի կեղտոտված լինելու հետ, բոլոր կեղտաջրերն անցնում են այդ տարածքով։ Ո՞նց կարող ես այգի սարքես, կեղտաջուրը քթիդ տակն է, բայց մարդիկ դրա մասին չեն խոսում, ասում են՝ ասին, չարեցին։

Նորից եմ կրկնում՝ ես ոչ մի փաստաթուղթ չունեմ այսօր ստորագրված Գյումրու քաղաքապետի հետ, նույնիսկ հուշագիր չունեմ ստորագրած։ Սա բանակցային փուլ է, և ճարտարապետը որևէ իրավունք չունի ասելու, որ այս ծրագիրը չի լինելու։ Ասում են՝ արի սկսի, հետո կտանք, բիզնեսի մեջ այդպես չի լինում․ դու փող ես ծախսում, գները թանկացնում են, ուզես-չուզես պիտի առնես։

Ես ամբողջ կյանքս աշխատել եմ միջազգային բիզնեսում, միջազգային բիզնեսի ամենակարևոր հենքը թույլատրություններն են, թղթաբանությունն է։ Մենք ոչ մի պարտավորող փաստաթուղթ չունենք Գյումրու քաղաքապետարանի հետ, ոչ մի թուղթ։ Նամակներ ես հղում, կիսատ-պռատ են պատասխան ես ստանում, տանում են էս հողն են ցույց տալիս, բայց ուրիշն են դեմ տալիս, բացատրում ես՝ ինչի համար է պետք, ասում են՝ գնա գնի։

Բանտի տարածքը ավերակ է, նույնը Ուռուգունդը՝ դատարկ, քաղաքապետարանի ֆունկցիան այն է, որ ապահովի ծրագրի պահանջները, որպեսզի մենք կարողանանք նախագիծ անել: Եթե ես տարածք չունեմ, ինչի՞ վրա նախագիծ անեմ»,-ասում է գործարարը։

Խաչատուր Սարգսյանը նշեց, որ ինքը հենց սկզբից է հայտնել՝ ռիսկային ծրագիր է, բայց մտնում է այդ ռիսկի տակ։

«Հիմա քաղաքապետարանն ամեն ինչ պիտի անի, որ ռիսկը քչանա, իսկ իրենք ամեն ինչ անում են, որ ռիսկը շատանա, եթե ռիսկը շատանում է, ես ո՞նց ուրիշից պարտքով փող բերեմ, եթե ես չեմ կարող այդ պարտքը հետ տամ, այդ ժամանակ կխայտառակես և՛ քո անունը, և՛ բիզնեսի անունը, և՛ երկրի անունը»,-ասում է մեր զրուցակիցը։

Նա նշում է, որ լավ տարածքները զբաղված են․ 30 տարի երկիրը բաժանել են իրար մեջ՝ ասելով՝ սա իմ թաղն է, ու ամեն ինչ փակել են՝ չթույլատրելով ուրիշը մտնի։

«Պատկերացրեք՝ մարդիկ գնացել են, իմ ծրագիրը ներկայացրել են կառավարություն որպես իրենցը ու ֆինանսավորում են պահանջել։ Լավ է կառավարությունից իմ հետ կապվել են, ճշտել են։ Տեսեք՝ ինչեր է կատարվում»,-ասում է գործարարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031