Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Անտինյան. «Գործադիր իշխանության շատ կառույցներ դուրս են խորհրդարանական վերահսկողությունից»

Մարտ 05,2021 17:51

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանի կարծիքով` վերջին 25 տարիներին Հայաստանում կառավարման խնդիրները փնտրել են սահմանադրության մեջ՝ իբրեւ քավության նոխազ, իբրեւ խնդիրների լուծման վերջին ինստանցիա:

«Սահմանադրական փոփոխությունները փորձ է արվել ծառայեցնել՝ լուծելու երկրի հիմնական խնդիրները թե պետական կառավարման, թե քաղաքական համակարգում, թե քաղաքական ինստիտուտների կայացման առումով: Բնական է, որ սահմանադրական փոփոխությունները պետք է միտված լինեին դեմոկրատացման գործընթացին: Բայց պետք է փաստենք՝ ամբողջ խնդիրն այն է, որ կառավարման մոդելների ընտրությունը կամ փոփոխությունները, այսինքն, էվոլյուցիան, որ մենք անցել ենք այս ընթացքում, երբեք էլ միտված չեն եղել խորքային առումով լավ, արդյունավետ կամ ժողովրդավարական կառավարում ապահովելուն: Որպես կանոն` ծառայել են երկու հիմնական՝ արտաքին եւ ներքին նպատակների:

Արտաքին նպատակը, ըստ էության եղել են ժողովրդավարացման իմիտացիոն գործընթացները, թե տեսեք՝ մենք գնում ենք այսինչ ճանապարհով: Եվ այդ ինստիտուցիոնալ դիզայնի կազմումը ապահովվում է որպես արտաքին նպատակ Եվրոպայի Խորհրդի, Հելսինկյան հանձնաժողովի աջակցությամբ եւ զորակցությամբ: Ներքին նպատակը, ըստ էության եղել է իշխանությունն ամրապնդելը, իշխանության մենաշնորհը ապահովելը: Եվ պետք է փաստենք, որ ոչ միայն սահմանադրության, այլ օրենսդրական շատ փոփոխություններ արվել են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Այսինքն, քաղաքական շահը գերակայել է կառավարման կամ օրենսդրական այն կոնցեպտին, օրենսդրությունը ծառայեցվել է քաղաքական շահին:

Մենք պետք է փաստենք, որ մեծ հաշվով խնդիր ունենք ոչ թե սահմանադրության, այլ սահմանադրականության հետ, սահմանադրական մշակույթի, քաղաքական ինստիտուտների լիարժեք կայացման հետ, որոնք կաշխատեցնեին այն մեխանիզմները, որոնք դրված են սահմանադրության հիմքում:

Խորհրդարանային կառավարման անցնելու հարցում ի՞նչ փոփոխություններ են եղել: Խորհրդարանական կառավարման տրամաբանությունը կուսակցական համակարգի կայացումն է: Եվ եթե մինչ այդ առաջնային մանդատով ընտրվող երկու ինստիտուտ ունեինք՝ նախագահ եւ խորհրդարան, փորձ է արվել մեկ ինստիտուտի միջոցով խորհրդարանից ածանցել իշխանության մյուս բոլոր ճյուղերը եւ փորձել ստեղծել զսպումների ավելի արդյունավետ մեխանիզմ: Բայց ի՞նչ դուրս եկավ իրականում:

Մենք անցանք խորհրդարանական կառավարման համակարգի, որի առանցքային էլեմենտը, թվում էր, պետք է լինի խորհրդարանական վերահսկողությունը իշխանության մյուս ճյուղերի հանդեպ: Բայց մենք ինչ ունենք այսօր փաստացի. խորհրդարանից ածանցված գործադիր իշխանությունը խորհրդարանի բացարձակ մեծամասնության պարագայում, կարծես թե, մոնոպոլ իշխանության է տիրապետում: Եվ եթե նայենք օրենսդրությունը, թե խորհրդարանական վերահսկողության ինչպիսի լծակներ կան, տեսնում ենք, որ գործադիր իշխանության շատ կառույցներ դուրս են խորհրդարանական վերահսկողությունից: Տեսնում ենք, նույն գործադիր իշխանության բազմաթիվ պետական մարմինների թե ղեկավարներին, թե այդ մարմինների հետ կանոնադրությունների կառուցվածքը, թե շատ այլ ինստիտուցիոնալ լուծումներ ուղղակիորեն դրված են վարչապետի վրա: Այսինքն, ունեցել ենք ոչ թե ապակենտրոնացված համակարգ, այլ՝ գերկենտրոնացված համակարգ: Հետեւապես, խնդիրը կառավարման մոդելը չէ, այլ ինստիտուտների կայացվածությունը, այո՝ սահմանադրականության, քաղաքական եւ իրավական մշակույթը»,- ասում է կառավարման ոլորտի փորձագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031