Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Քոչարյանն ամենակեղտոտ հայհոյանքներն է հնչեցրել Գագիկ Ջհանգիրյանի մասին». Ռուբեն Հայրապետյան

Մարտ 05,2021 18:35

Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, այժմ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանին բարկացրել է այն, որ երեկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կնոջը հրավիրել են ՀՔԾ:

«Տղամարդ եղեք, մարդ եղեք, այ անթասիբներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը`խոսքն ուղղելով իշխանության ներկայացուցիչներին: «Երեխեքին ծնողի համար ինչի՞ եք պատասխանատվության կանչում: Կամ կնոջը կանչել եք պատասխանատվության ինչի՞ համար, որ ամուսինը Վարդազարյան Ռուբե՞նն է: Չե՞ն մտածում, որ մի օր Վարդազարյան Ռուբենը մեղադրանք է կարդալու դա անողների նկատմամբ»,- իր վրդովմունքը փոխանցեց Ռուբեն Հայրապետյանը`տարակուսանք հայտնելով, որ նման որակով իշխանությունն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների:

«Օրենքից է խոսում, ի՞նչ օրենքից է խոսում: Շուտով այնպիսի բաներ կպարզվեն, կտեսնեք, թե ինչեր են արել սրանք: Անօրինական է՞լ ինչեր պետք է անեն, որ մեր ազգը կամ քաղաքական ուժերը հասկանան, որ սրանց հետ ոչ մի քաղաքական ճանապարհ չկա: Նույն ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, չեն տեսնո՞ւմ, անօրինական էլ ինչե՞ր պիտի անի իրենց գլխին»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը`չժխտելով, որ իրենց իշխանության տարիներին էլ սխալներ թույլ են տրվել, բայց, գտնում է, որ այն ժամանակ գործընթացները քաղաքական տրամաբանությունից դուրս չեն եկել եւ երբեք, որեւէ գործչի հետ անհամաձայնությունը պատճառը չի դարձել, որպեսզի նրա երեխաների կամ կնոջ հետ հաշվեհարդար տեսնեն, ինչպես հիմա է լինում, օրինակ, Հրայր Թովմասյանի երեխաների պարագայում, Գագիկ Ծառուկյանի տղայի, իր որդու, երկրորդ եւ երրորդ նախագահների երեխաների, Ռուբեն Վարդազարյանի կնոջ եւ այլն:

Մեր զրուցակիցը նաեւ ուշադիր հետեւել է խորհրդարանում, Ռուբեն Վարդազարյանի վրա իշխող խմբակցության պատգամավորների հարձակումներին: «Ռուբեն Վարդազարյանն իրեն պահել է անկախ դատական համակարգի ղեկավարի կեցվածքով, բայց իրենք հարձակվել են այդ մարդու վրա, որպեսզի Հայաստանում ամենահայտնի, կոռումպացված անձնավորությանը`Գագիկ Ջհանգիրյանին, դարձնեն իրեն կամակատարը: Քոչարյան Անդրանիկ կոչեցյալը, գոնե ես, տարիներ շարունակ, լսել եմ, թե ինչ կարծիք ունի Գագիկ Ջհանգիրյանի մասին: Աշխարհի ամենակեղտոտ հայհոյանքներն է հնչեցրել նրա հասցեին, աշխարհի ամենաբացասական կարծիքն է ունեցել Գագիկ Ջհանգիրյանի մասին, հիմա նրանք հայտարարում են, որ ընկերներ ու եղբայրներ են: Վաղարշակ Հարությունյանին իմ ներկայությամբ հազար ու մի անուն է կպցրել: Ինքը, իհարկե, հիմա կհերքի, հիմա ամեն ինչն է հերքում, նույնիսկ այդքան տղամարդկություն ու համարձակություն չունի, որ ասի`ասել եմ: Քոչարյան Անդրանիկը Վարդազարյան Ռուբենին քննադատում է`իր ընկերոջ հետ շփումների համար… երբ մենք իշխանություն ենք եղել, դու եղել ես ընդդիմադիր եւ բոլոր իշխանությունների դեմ խոսել ես. Երբեք`ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չի եղել մեկ անգամ, որ ինձ ասեն`ինչո՞ւ ես շփվում Քոչարյան Անդրանիկի հետ: Ընկերությունն ինձ համար բարձր արժեք է: Երբ տեսա Վարդազարյան Ռուբենի հետ իր խոսելաձեւն ու պահելաձեւը, երբ ինքը վիրավորում է Վարդազարյան Ռուբենին`ընկերություն անելու համար, մեղադրում է Վանեցյանի հետ ընկերություն անելու համար, հասկացա, որ այդ մարդուն չի կարելի…ժամանակին, երբ ես հազար ու մի հարցով իր կողքին կանգնած էի, մեր իշխանությունից ոչ ոք չէր ասում`ինչո՞ւ ես օգնում էդ մարդուն: Գովելի է, երբ մարդը իշխանության ներկայացուցիչ լինելով`ընկերություն է անում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդու հետ`առանց քաղաքական միջամտությունների»:

Ռուբեն Հայրապետյանը նաեւ հեգնում է. «Քոչարյան Անդրանիկը կարող է միայն լրագրողի վրա գոռա, ուրիշ բան չունեմ ասելու»:

Ինչ վերաբերվում է Եռաբլուրում այսօր կատարվածին, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Հարամում եք էդ սրբավայրը ձեր ներկայությամբ, երբ ամեն անգամ ոտք եք դնում էդտեղ»:

Հիշեցմանն էլ, որ ժամանակին իր հարաբերություններն էլ լրագրողների հետ հարթ չէին, նա պատասխանեց. «Եթե ես ժամանակին որեւէ լրագրողի հետ ինձ պահել եմ կոպիտ`դա չի նշանակում, որ արել եմ ճիշտ: Եղել են պահեր, երբ լրագրողն ինձ հունից հանել է, բայց ես պետք է ունենայի այնքան զսպվածություն, որ տիրապետեի ինձ: Չեմ տիրապետել: Ընդունում եմ իմ սխալը: Բայց, որ ես սխալ եմ արել, դա չի նշանակում, որ հիմա իրենք պիտի անեն`ասեն ինչի էր Ռուբեն Հայրապետյանն անում»:

Ռուբեն Հայրապետյանն, առհասարակ, տպավորություն ունի, որ Հայաստանում իրավաբանություն հասկացողությունը վերացել է. «Բոլոր իշխանությունները ժամանակավոր են, բայցի իշխանությունից բացի, մարդը պետք է նաեւ ուղեղ ունենա, որ հասկանա`պիտի անի բաներ, որոնց համար կարողանա պատասխան տալ: Իշխանությունը հավերժ չի, երկու-երեք-հինգ տարի էլ ձգի. հետո՞: Ո՞նց են պատասխան տալու: Նույն քննիչները, որ հոդվածները շարում են մարդկանց վրա, 300-400 հազար դրամանոց ստրուկներ են, ի՞նչ են վաղը պատասխանելու, երբ նստելու են ուրիշ քննիչների դիմաց»:

Նա չի հասկանում նաեւ, թե Արա Սաղաթելյանին ինչի՞ համար էին կալանավորել. «Ի՞նչ է, Նիկոլի կողմնակից չի՞: «Սասնա ծռերից» ավելի ծանր հանցագործությո՞ւն է կատարել, որ բանտում են պահում»: Այն, ինչում մեղադրում են Արա Սաղաթելյանին, վստահաբար ասում է`«դա իր ոճը չէ»:

Ավելին, գտնում է, որ Արա Սաղաթելյանը Հայաստանում մնացած եզակի մտավորական մարդկանցից է ու առնվազն հիմարություն է նրան նման մեղադրանք ներկայացնելը: 2016-ին, քառօրյա պատերազմի ժամանակ իր աչքով է տեսել Արա Սաղաթելյանի եւ Միքայել Մինասյանի կատարած աշխատանքը, վստահ է, որ այժմ էլ իշխանական համակարգը չի կարողացել Արա Սաղաթելյանի կատարած աշխատանքի գոնե չնչին տոկոսն անել`արտաքին աշխարհի հետ տեղեկատվական կապի առումով: Ու ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու են ինքը, Միքայել Մինասյանը, Գագիկ Բեգլարյանը եւ այլք գտնվում հետապնդումների մեջ, այն դեպքում, երբ Հայաստանում կարող էին օգտակար լինել: Նաեւ չի հասկանում, թե ինչո՞ւ այդպես էլ չձերբակալվեց Հրանտ Մարգարյանի վրա հարձակվող անձը, չի ձերբակալվում Նարեկ Մալյանի վրա հարձակվողը, կամ այն ոստիկանը, որը լրագրողին հրում`գցում է գետին:

Իր`Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված գործով էլ առայժմ նոր զարգացումներ չկան, իր կարծիքն էլ չի փոխվել. «Պատվերով գործ է: Կգա ժամանակը եւ կտեսնեք, թե ինձ վերաբերվող քրեական գործերով ինչքան իրավապահ մարմինների աշխատողներ են դատապարտվելու`սուտ մատնությունների, անհիմն մեղադրանքներ առաջադրելու համար: Մանրամասն գիտեմ, թե ո՞վ եւ ի՞նչ կարգի հանցագործություններ է արել`իմ եւ իմ ընտանիքի դեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031