«Հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում են ապօրինաբար՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով այն փաստին, որ հայ ռազմագերիներին Ադրբեջանը համարում է «ահաբեկիչներ եւ դիվերսանտներ» ու չի վերադարձնում այդ պատճառաբանությամբ՝ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մեկ կարեւոր փաստարկ կա։ Մարդու իրավունքների չափանիշների կոպիտ խախտում է գերեվարությունն ամսաթվով պայմանավորելն ու «ահաբեկիչ», «դիվերսանտ» որակելը, որովհետեւ մենք գործ ունենք ընթացիկ զինված հակամարտության հետ, եւ դա ամրագրված է նաեւ Կարմիր խաչի չափանիշներով։ Հակամարտությունը չի ավարտվել։ Բացի այդ, կարեւոր է նկատի ունենալ, որ նոյեմբերի իննից հետո գերեվարված եւ առեւանգված մեր հայրենակիցների մի մասն արդեն վերադարձվել են, ուստի Ադրբեջանի պնդումները հակասում են արդեն իսկ գրանցված պրակտիկային»,-շեշտեց Արման Թաթոյանը։
Նա հավելեց․ «Ընդ որում, Ադրբեջանն անընդհատ հղում է անում նոյեմբերի իննի հայտարարության 8-րդ կետին, բայց մի պահ պատկերացրեք, որ նման կետ գոյություն չունի առհասարակ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն առհասարակ չպետք է վերադարձնի՞ գերիներին։ Իհարկե ոչ, որովհետեւ միջազգային մարդասիրական իրավունքը գոյություն ունի անկախ Ադրբեջանի կամքից։ Նրանց վերադարձը ոչ թե Ադրբեջանի բարի կամքի դրսեւորումն է, այլ ուղիղ պարտականությունը»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ներկայացրել է Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին հայեցակարգ՝ հաշվի առնելով պատերազմից հետո Սյունիքի սահմանազատման գործընթացում առկա խնդիրներն ու բնակիչների իրավունքների ոտնահարումներն ադրբեջանցի զինվորականների կողմից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ